Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ՀՀ-ում կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացմանը և կայացմանը. Քաղաքագետ


Անհրաժեշտ է ձեռնամուխ լինել ՀՀ-ում կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացմանը և կայացմանը. Քաղաքագետ

  • 28-06-2018 17:56:02   | Հայաստան  |  Քաղաքական

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ հաջող և արդյունավետ ընթացքի համար իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումներին զուգահեռ անհրաժեշտ է նաև հետևողականորեն ձեռնամուխ լինել ՀՀ-ում կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացմանը և կայացմանը: Չի՛ կարող որևէ քաղաքական վարչակարգ իրապես դառնալ ժողովրդավարական առանց կուսակցական համակարգի կայացման: Նույնիսկ առանց կեղծիքների ընտրությունները միայն կարող են ապահովել ոչ երկարաժամկետ քաղաքական կայունություն, ինչի անհրաժեշտությունը, առավելապես թշնամական և ոչ բարյացկամ նկրտումներ ունեցող որոշ սահմանակից պետությունների պարագայում կենսական է: 
 
Քաղաքագիտությունը հստակ սահմանում է նաև, որ դե ֆակտո մեկ ԴՈՄԻՆԱՆՏ կուսակցությամբ նույնիսկ դե յուրե բազմակուսակցական համակարգի պայմաններում ձևավորվում են ավտորիտար վարչակարգեր: Այն ինչ ունեինք մինչ հեղափոխությունը: Եվ այդ իրողությունը արտացոլված էր նաև ժողովրդավարության միջազգային հեղինակավոր ինդեքսներում: 
Կուսակցական համակարգի չկայացվածությունն էր նաև, որ հանգեցրեց ՀՀ-ում հեղափոխական իրավիճակի: Եվ այսօր էլ մենք ականատես ենք լինում մեր քաղաքական իրականության մեջ տարածված այն երևույթին, ինչը որպես քաղաքական հակամշակույթ, կոչվում է <<քաղաքական ճամբարափոխություն կամ շարքերի լքում>>: Դրա պատճառը կուսակցությունների մոտ գաղափարական հենքի թերագնահատումն է հենց որոշ կուսակցականների կողմից: Նրանցից շատերի համար մի քաղաքական ուժից դուրս գալը, երբ այն այլևս իշխանություն չէ, շատ <<նորմալ>> գործընթաց է: Սա նշանակում է, որ կուսակցությանը անդամակցության և դրանից դուրս գալու հարցում մեծապես կարևորվում են ոչ թե գաղափարախոսությունը, սկզբունքները, այլ ուղղակի քաղաքական դաշտում տվյալ ուժի գրավված դիրքը; Սակայն մեկ վերապահում անենք՝ քաղաքական դիրքերը մշտապես փոփոխվող են: 
Վերը նշված արատավոր քաղաքական երևույթն առաջին խոչընդոտն է կուսակցական համակարգի կայացման գործում: Իհարկե, եթե վերլուծենք քաղաքական ուժերի ծրագրերը, ապա գրեթե բոլոր առանցքային հարցերի շուրջ ՀՀ-ում գործող քաղաքական ուժերն ունեն նմանատիպ, իրար շատ մոտ, երբեմն նույնիսկ նույնական դիրքորոշումներ (կան նաև տարբերություններ): 
Այս պարագայում հեղափոխությունը պարտավոր է հաշվի առնել նաև խորհրդարանական համակարգի անցման պայմաններում կուսակցական համակարգի մոդելի ընտրության խնդիրը: 
Թերևս, ԵՐԿԲԼՈԿ կամ ԵՐԿՈՒ+ՄԵԿ կուսակցական համակարգը կարող է լինել արդյունավետ՝ նկատի ունենալով զարգացած խորհրդարանական մշակույթ ունեցող պետությունների փորձը: Միևնույն ժամանակ, սակայն, տեղական առանձնահատկությունների հաշվառումը պետք է լինի օրակարգային: Երկբլոկ կամ երկու+մեկ կուսակցական համակարգի ձևավորումը նաև թույլ կտա ռեալ պոլիտիկի դաշտից դուրս մղել <<պիգմեյներին>>, որոնց աշխատանքի արդյունավետությունը անցյալ 20 տարիների ընթացքում շոշափելի չէ: Իսկ <<պիգմեյի>> գործառույթ իրականացնող քաղաքական ուժերը մշտապես հակված են միանալ քաղաքական մեծամասնությանը (նույնիսկ առանց հաշվի առնելու գաղափարախոսական հակասությունները) և հարմար պահին նրան մենակ թողնել՝ <<ջրից չոր դուրս գալով>>: 
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ընթացքն ապահովեու և առաջանցիկ քաղաքական արդիականացման համար ՀՀ-ին հետաքրքիր կարող է լինել կուսակցական համակարգի ԱՎՍՏՐՈ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՈԴԵԼԸ:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play