«Մի կտոր Երևան»․ Նոր հայացք հնագույն մայրաքաղաքին


«Մի կտոր Երևան»․ Նոր հայացք հնագույն մայրաքաղաքին

  • 09-07-2018 17:56:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Հուլիսի 7-ի երեկոյան «Գուռու» ակումբ-այգում տեղի ունեցավ «Մի կտոր Երևան» նախագծի շնորհանդեսը, որ կազմակերպել էին «Այբ» ավագ դպրոցի «Արվեստանոց» ակումբի աշակերտները։ 
Նախագծի նպատակն է բացահայտել Երևանի քաղաքային միջավայրն ամբողջացնող, սակայն անտարբերության մատնված շինությունները, ծանոթանալ Երևանին ոչ թե լուսանկարների, այլ ձեռքով արված ճեպանկարների միջոցով, վերարժևորել և պահպանել քաղաքային կառույցները։
 
Միջոցառման հատուկ հյուրերն էին Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը, ճարտարապետ, «Դ`արվեստանոց» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր Արսեն Կարապետյանը և ճարտարապետ, «Urbanlab» անկախ հետազոտական կազմակերպության տնօրեն Սարհատ Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հին շինությունների պահպանման հարցը, հնչեցին տեսակետներ՝ ինչպես մեր հին արժեքների պահմանմանը կողմ, այնպես էլ՝ դեմ, ինչպես նաև ծավալվեց քննարկում-հարցուպատասխան լսարանի հետ։
«Գուցե համաձայն չլինեք իմ ասածի հետ, բայց հին Երևան գոյություն չունի, այն չձևավորվեց և չդարձավ հին քաղաք այն իմաստով, ինչպես կարելի է ասել Հին Պրահայի, Հին Պետերբուրգի, Տալլինի մասին: Կամ եթե ձևավորվել է, ապա դա 1920-40-ականների Երևանն է: Ւսկ պահպանելու հարցը կախված է նրանից, թե ինչ պայմաններում, ինչ մթնոլորտում է ձևավորվել այդ ճարտարապետությունը»,- ասաց Մարկ Գրիգորյանը: 
Քննարկման մյուս մասնակից Սարհատ Պետրոսյանը հակադարձեց այս մտքին՝ նշելով. «Եթե նույնիսկ չունենք էլ այն Երևանը, որ համեմատենք Պրահայի և մյուս քաղաքների հետ, պետք է պահպանենք այն, ինչ ունենք: Այդպես մենք չպահպանեցինք հրապարակից օպերայի շենք ընկած թաղամասը ու հիմա այդ տեղում Հյուսիսային պողոտան է: Այո, պետք է պահպանել, քանի որ պահպանված կառույցները ավելացված արժեք են հաղորդում քաղաքին: Մենք չկարողացանք պահպանել մեր քաղաքի հին արժեքները»:
Անդրադառնալով ամեն ինչ պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին, Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանը հավելեց․«Պետք է ընդհանուր ճարտարապետական տեսք ստանա քաղաքը, ոչ թե կառույցները առանձին կղզյակների տեսքով գոյություն ունենան: Նույն կերպ չկա Երևանի ընդհանուր մթնոլորտ, բայց կան տարբեր մթնոլորտներ, որտեղ մարդիկ իրենց հարմարավետ են զգում»: 
«Երևանում որոշ կղզյակներ կան, որ չեն արժևորվել ժամանակի ընթացքում ոչ թե արժանիք չունենալու պատճառով, այլ այն պատճառով, որ թերագնահատել են, ինչպես Կոնդը, «Ֆիրդուսի շուկա» կոչված հատվածը»,- իր հերթին նշեց քննարկման մյուս մասնակիցը՝ Արսեն Կարապետյանը:
Միջոցառման վերջում ցուցադրվեց «Մի կտոր երևանցին» անիմացիոն ֆիլմը, որը պատրաստված է աշակերտների կատարած ճեպանկարների հիման վրա։
«Այբ» դպրոցի մասին
 «Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, մրցունակ, ապագայի տեսլականով ու պատասխանատու երիտասարդների սերունդներ: 
«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցը 12-ամյա է՝ տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-9-րդ դասարաններ) և ավագ (10-12-րդ դասարաններ) բաղադրիչներով: 
«Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Արարատյան բակալավրիատը հայալեզու, հայկական կրթության լավագույն ավանդների և համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումների վրա հիմնված, միջազգային հայտնի կրթական հարթակներին համազոր ճանաչված ծրագիր է: Այն մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից և լրամշակվել պետության հետ համատեղ իրականացվող Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում: Մեկնարկել է Արարատյան բակալավրիատի ներդրումը ՀՀ մարզային դպրոցներ, որպեսզի այն հասանելի դառնա բոլոր հայ երեխաներին՝ նրանց հարազատ մարզերում, անվճար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play