Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի. Պյոտր Սվիտալսկի


Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի. Պյոտր Սվիտալսկի

  • 16-07-2018 11:59:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման պայմանավորվածությունը չի փոխվի: 
 
Այս մասին հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 
 
Ըստ նրա՝ ներկայումս քննարկում է մեկնարկել շենգենյան վիզաների սահմանային կոդեքսի վերանայման և լրամշակման տեսանկյունից,  և եվրոպական դեսպանները հաստատել են բանակցությունների մանդատը: 
 
Պ. Սվիտալսկու փոխանցմամբ՝ բանակցությունները շարունակական են, ինչը նշանակում է, որ շենգենյան վիզաների կոդեքսի հետ կապված դեռևս կայացված որոշում չկա: 
 
«Կա առաջարկ, որը քննարկվում է, և այն պետք է ներդաշնակեցվի Եվրամիության հանձնաժողովի դիրքորոշման հետ: Հանձնաժողովը քննարկում է առաջարկը, դիրքորոշում արտահայտելու համար ունի վեց ամիս»,- ասաց Պ. Սվիտալսկին՝ հավելելով, որ դեռևս հեռու են եզրահանգման փուլից: 
 
Նրա կարծիքով՝ կա ուժեղ միգրացիոն ճնշում, հետևաբար յուրաքանչյուր ոք, այդ թվում նաև Հայաստանում խորապես հասկանում է, որ եվրոպացիները պետք է փորձեն տարբերակներ գտնել իրենց երկրի սահմանները պաշտպանելու համար: 
 
Դեսպանի խոսքերով՝ Հայաստանն օգտվում է վիզայի դյուրացման ռեժիմից, իսկ նվազեցման կարգով նախատեսված վճարները կիրառելի չեն այլ երկրների նկատմամբ, որոնք օգտվում են վիզայի դյուրացման ռեժիմից: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play