Հայ-ռուսական դաշնակցական հարաբերություններ չի նշանակում, որ ռուսները պետք է նստեն մեր գլխին. քաղաքագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)


Հայ-ռուսական դաշնակցական հարաբերություններ չի նշանակում, որ ռուսները պետք է նստեն մեր գլխին. քաղաքագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

  • 27-07-2018 15:54:35   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ռուսների հետ թշնամությունը շատ վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է Ռուսաստանի հետ բարեկամությունը. Զգոնությունը չպետք է կորցնել: 
 
Նման կարծիք հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և այս օրերին Սանկտ Պետրեբուրգ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած այցին: 
 
Ըստ նրա՝ վարչապետի այցը Ռուսաստան կապված է Հայաստանի խորհրդարանական կառավարման համակարգով, որի արդյունքում կան դեռևս թերի կարգավորումներ: 
 
Ռ. Մեհրաբյանի խոսքերով՝ ԵԱՏՄ-ում Հայաստանն ունի բազմաթիվ չլուծված խրոնիկական խնդիրներ, որոնց լուծումը Ն. Փաշինյանը փորձ կանի առաջ տանել: 
 
«Թե ինչ կստացվի, ես չգիտեմ: Նայելով տրամադրություններից՝ քայլերը տրվելու են շատ դժվար, գոնե այս վերջին հարցազրույցից, այս ինտոնացիաներից, որը զզվանքից բացի այլ բան չի առաջացնում, ռուս լրագրող Վենեդիկտովի հետ, չհաջողված էր: Գուցե պետք էր զրուցել հայերերն թարգմանչի օգնությամբ»,- ընդգծեց քաղաքագետը՝ հավելելով, որ այնտեղ հնչած վարչապետի որոշ մտքեր մնում են խնդրահարույց: 
 
Բանախոսի համոզմամբ՝ հայկական կողմը բացահայտ տեքստով պետք է մեկընդմիշտ  ռուսներին բացատրի,  որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բխում են Հայաստանի շահերից: 
 
Անդրադառնալով ռուս սահմանապահների ներկայությանը հայ-իրանական սահմանին և օդանավակայանում՝ Ռ. Մեհրաբյանը շեշտեց, որ երկու դեպքում էլ ռուսների ներկայությունն անհիմն է. 
 
«Հայ-իրանական սահմանը բաց սահման է, այդտեղ իրականացվում է ուղղակի սահմանային ռեժիմի ապահովում, և չեն անում մի բան, որ հայ սահմանապահները չեն կարող անել. Երկրորդը՝ ռուս սահմանապահներն ի՞նչ գործ ունեն մեր օդանավակայանում, այնտեղ մեր ի՞նչն են պահպանում, ի՞նչն է բխում մեր շահերից. Օդանավակայանում մեզ պաշտպանել պետք չի. Այո՛ դրա մասին էլ պետք է ասվի, սակայն չասվեց»,- նկատեց քաղաքագետը՝ շեշտելով. «Հայ-ռուսական դաշնակցական հարաբերություններ չի նշանակում, որ ռուսները պետք է նստեն մեր գլխին»: 
 
Փանիկի միջադեպի հետ կապված «Նոյյան Տապան»-ի՝ «Որքանո՞վ էր կատարվածն անփութության հետևանք» հարցին ի պատասխան՝  Ռ. Մեհրաբյանը նշեց, որ այդ դեպքը լավ բեմադրված թյուրիմացություն էր՝ ուղղված նրան, որպեսզի Հայաստանի նոր իշխանությանն ատամով փորձեն՝ պինդ է, թե՞ չէ: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութերում 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play