«Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է». Էդուարդ Շարմազանով


«Հայաստանի անվտանգության ապահովման գործում ռուսական ռազմաբազայի դերը շատ մեծ է». Էդուարդ Շարմազանով

  • 31-08-2018 15:50:38   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիբինսկու հետ։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
 
Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, նշել, որ երկուստեք հարաբերությունները պետք է զարգանան բոլոր ուղղություններով։
 
«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բխում են մեր ընդհանուր քրիստոնեական եւ ավանդական արժեքային համակարգերից»,- ասել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր վտանգված են այդ համակարգերը։
 
«Մենք պետք է համատեղ ուժերով պաշտպանենք դրանք։ Անհրաժեշտության դեպքում հանդես եմ գալու օրենսդրական նախաձեռնություններով»,-նշել է Էդուարդ Շարմազանովը։
 
ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ այս տարվա հոկտեմբերին Երեւանում տեղի կունենա միջազգային գիտաժողով՝ նվիրված Կուրսկի եւ Ստալինգրադի ճակատամարտերի 75-ամյակներին։
 
«Դրանք ճակատամարտեր էին, որոնք վճռեցին երկրորդ աշխարհամարտի ելքը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը եւ նշել, որ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են բազմաթիվ հայորդիներ, այդ թվում իր պապը՝ Պետրոս Ավագյանը, ովքեր մեծ ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում։
 
«Այսօր էլ Ռուասատանը կարեւոր դեր է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում եւ պետք է նշեմ, որ մեր երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում մեծ դեր ունի Հայաստանում ռուսական ռազմաբազան»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
 
Հայաստանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի տնօրենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է դարերի քննությունը բռնած ռուս-հայկական բարեկամության անխախտելիությունը։
 
Սերգեյ Ռիբինսկին գոհունակություն է հայտնել առաջիկայում նախատեսվող գիտաժողովի կազմակերպման համար եւ նշել, որ իր գլխավորած կենտրոնը կաջակցի բարեկամ հայ գործընկերներին։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշել է, որ այս տարի արդեն կազմակերպվել է Թուրքմենչայի պայմանագրի 190-ամյակին նվիրված գիտաժողով, ինչը մեծ արձագանք է ստացել երկու երկրներում։
 
Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ այս տարվա ընթացքում Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում միջոցառումներ կկազմակերպվեն Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար, ռուս-թուրքական պատերազմի հերոս, հայազգի գեներալ Միխայիլ Լորիս-Մելիքովի հիշատակին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող այլ հարցեր։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play