Հայկ Մարությանը պարզաբանում է «Մեր դեմ խաղ չկա» իր արտահայտությունը


Հայկ Մարությանը պարզաբանում է «Մեր դեմ խաղ չկա» իր արտահայտությունը

  • 03-09-2018 22:17:04   | Հայաստան  |  Քաղաքական

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքով մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում այսօր պարզաբանել է «Մեր դեմ խաղ չկա» իր արտահայտությունը։
Նա, մասնավորապես, գրել է․
 
«Սիրելի ժողովուրդ,
 
Այսօր համացանցում քննարկման առարկա են դարձել ելույթումս հնչեցված որոշ ձևակերպումներ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների առիթ են հանդիսացել։ Ես ամենևին անթերի չեմ, և կարծում եմ, որ կարող էի ավելի հստակ ձևակերպել խոսքս, և, գուցե, այդ դեպքում տարընթերցումներ չլինեին։
 
Ուզում եմ հստակ ֆիքսել, որ Հայաստանում կա ընդամենը մեկ սուբյեկտ, որի դեմ խաղ չկա, և դա Հայաստանի ժողովուրդն է։
 
Ու, այո, բոլոր այն ուժերը, որոնք տարիներ շարունակ բռնացել են ու դեռ փորձելու են բռնանալ ժողովրդի ազատության և արժանապատվության վրա, խաբել ժողովրդին, կանխել վերջինիս առաջընթացն ու հաջողությունը, սև ուժեր են, և ես անձամբ իմ պարտքն եմ համարել և համարում անել ամեն ինչ, որպեսզի նրանք այլևս երբեք չկարողանան դա անել։
 
Ընտրությունը ժողովրդինն է, և ես համոզված եմ, որ մեր թիմը կարժանանա վերջինիս վստահությանը»։
 
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը քաղաքապետի ընտրությունների ֆինանսավորման նպատակով անցկացված երեկոյին իր ելույթում ասել էր, մասնավորապես, հետեւյալը․ «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ․ այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են։ Որովհետև մենք և մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ ․․․Նույնիսկ կարող եմ ասել մեր թիմի դեմը խաղ չկա»։ 
 
Այս հայտարարությունը մեծ քննարկման առարկա է դարձել համացանցում։ Շատերը հիշեցնում են, որ նման արտահայտություն 90-ական թվականներին արել էր Վանո Սիրադեղյանը։
 
Լուսանկարը՝ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play