Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ. ՄԻՊ


Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ. ՄԻՊ

  • 15-09-2018 14:04:45   | Տավուշի մարզ  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգեր այն մասին, որ վերջին մի քանի օրերի՝ սեպտեմբերի 13-15-ի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվամիջոցներում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տրամադրված տվյալները վկայում են, որ Բաղանիս գյուղում կրակոցներն արձակվել են գյուղի դպրոցի, քաղաքացիական տների ու գյուղ տանող ավտոճանապարհի ուղղությամբ:
 
Ըստ Չինար գյուղին վերաբերող տեղեկությունների՝ վաղ առավոտյան տեղի ունեցած կրակոցների հետևանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաև քաղաքացիական բնակիչների տներ: Կրակոցների պատճառած վնասները գյուղի վարչակազմի իրավասու ներկայացուցչին և բնակիչներին հիմք է տվել եզրակացնելու, որ դրանք արվել են խոշոր տրամաչափի գնդացիրներից և դիպուկահարներից:
 
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առաջիկայում կամփոփվի սեպտեմբերի 2-ից սկսած ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների առնչությամբ փաստահավաք աշխատանքները: Դրանք արդեն իսկ վկայում են, որ կրակոցներն արվում են գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով:
 
 
Առաջիկայում կհրապարակվի արտահերթ զեկույց, որը կուղարկվի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play