Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ազգային նշանակության խնդիրների լուծմանը<br />


Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները պատրաստակամությունն են հայտնել աջակցելու ազգային նշանակության խնդիրների լուծմանը

  • 10-09-2010 18:32:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 6-9-ին Հայաստանի Սփյուռքի նախարարության կազմակերպած Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու Համաժողովում բարձրացված ազգային նշանակության խնդիրների լուծմանը, ցուցաբերելով գործնական մասնակցություն հայ կերպարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործընթացում: Հայտարարությունում ասված է. «Ընդունելով, որ հայկական մշակութային ժառանգությունը մտավոր, հոգեւոր եւ նյութական հարստություն է համայն հայության համար եւ իրավամբ իր ուրույն տեղն է զբաղեցնում համաշխարհային ժառանգության գանձարանում` դառնալով մշակույթների երկխոսության եւ ներդաշնակ համակեցության միջոց, կարեւորելով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կերպարվեստի գործիչների փոխճանաչումը, նրանց ներգրավումն ու ինտեգրումն արվեստի զարգացման համաշխարհային գործընթացներին, ինչպես նաեւ նրանց ստեղծած արժեքների հանրահռչակման եւ պահպանության անհրաժեշտությունը, ընդգծելով հայ կերպարվեստի հեռանկարային զարգացման խնդիրների կարեւորությունը` համաշխարհայնացման ներկա դարաշրջանում հայկականն ու համամարդկայինը զուգորդելու համատեքստում, ողջունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն Համաժողովին ընձեռած հնարավորությունըՆ ուղղված հայության երեք հատվածների արվեստի գործիչների միջեւ կապերի ամրապնդման եւ համագործակցության ապահովմանը` հանուն հայ ժողովրդի ստեղծագործական ներուժի զարգացման եւ հանրահռչակման, ՄԵՆՔ` 2010 թվականի սեպտեմբերի 6-8-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում կազմակերպված ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ընթացքում ներկայացված զեկուցումերը, քննարկումները եւ մտքերի փոխանակությունը հերթական անգամ հաստատեցին Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի կերպարվեստի գործիչների համագործակցության անհրաժեշտությունը` ի շահ հայ կերպարվեստի պատմական ակունքների պահպանման եւ զարգացման, մասնագիտական կրթության որակական վերելքի, հայ ստեղծագործական մտքի ձեռքբերումների հանրահռչակման եւ համամարդկային արժեքների շարքում հայ կերպարվեստի արժեքների դերի բարձրացման: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Սփյուռքի կերպարվեստի գործիչները, զգալի ավանդ ունենալով հայ եւ համաշխարհային կերպարվեստում, պատրաստ են համագործակցելու Մայր Հայրենիքի գործընկերների հետ` ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապը` մասնագիտական կրթության բարելավման, այլ երկրներում ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպման, կերպարվեստի դպրոցների հետ համագործակցության ընդլայնման եւ մասնագիտական փոխօգնության կազմակերպման գործընթացներին աջակցելու միջոցով: Կարեւորում ենք պատմական ճակատագրի բերումով օտար երկրներում ստեղծված հայկական կերպարվեստի ինքնատիպ եւ հարուստ ժառանգության ճանաչման ու պահպանման, ցանկագրման անհրաժեշտությունը եւ փորձում դրանց պահպանությունը եւ զարգացումը դարձնել յուրաքանչյուր հայի, սփյուռքյան յուրաքանչյուր կազմակերպության հոգածության առարկան: Հատկապես արժեւորում ենք աշխարհի հայտնի ցուցահանդեսներում հայ տաղանդավոր արվեստագետների գործերի ցուցադրմանը միտված աշխատանքների, տարբեր երկրներում կերպարվեստի համահայկական ցուցահանդեսների կազմակերպումը` ի շահ հայ ստեղծագործական մտքի զարգացման, տարածման եւ հանրահռչակման: Դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության սփյուռքի եւ մշակույթի նախարարություններին, աջակցելու նորաստեղծ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ, որը կերպարվեստի բնագավառում համահայկական ներուժի համախմբման եւ համագործակցության միջոցով կնպաստի հայ կերպարվեստի պահպանմանը, զարգացմանը եւ տարածմանը Հայաuտանի Հանրապետությունում, Արցախում եւ Սփյուռքում բնագավառի գիտական եւ ստեղծագործական մտքի միավորմանը համազգային գաղափարի շուրջ` խրախուսելով ոլորտում ներգրավված պետական, հասարակական եւ մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների ու անհատ ստեղծագործողների մասնակցությունը նորաստեղծ կառույցի աշխատանքներին: Մենք, 2010 թվականի սեպտեմբերի 6-8-ը Երեւանում կազմակերպված ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ մասնակիցներս, սույն հայտարարությամբ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ բարձրացված ազգային նշանակության խնդիրների լուծմանը, ցուցաբերելով գործնական մասնակցություն հայ կերպարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործընթացում»: Ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Համաժողովի մասնակիցները հանդես են եկել նաեւ Կերպարվեստի գործիչների համահայկական ընկերակցության ստեղծման վերաբերյալ հայտարարությամբ եւ ընտրել են ընկերակցության համակարգող խորհրդի կազմը` ըստ երկրների եւ տարածաշրջանների` ներկայացուցչական սկզբունքի: Կերպարվեստի համահայկական ընկերակցության համակարգող խորհրդում ընդգրկվել են. Կակոսյան Մարտինը (ԱՄՆ), Սարգսյան Հենրիկը (ԱՄՆ), Մավյան Մարինան (Իտալիա), Հովհաննիսյան Նժդեհը (Իրան), Օհանյան Անդրանիկը (Իրաք), Հերգելյան Մովսեսը (Լիբանան), Գասսաբյան Գէորգը (Կանադա), Բալաբանյան-Նամիցեվա Ժասմինկան (Մակեդոնիա), Նահապետյան Նաի-Ռոսը (Նիդեռլանդներ), Ղարիբյան Մարիամը (Չեխիա), Թավրիզով Ավետը (ՌԴ), Համբարձումյան Արտոն (Սիրիա), Մանասյան Գայանեն (Վրաստան), Դավիդյան Էդգարը (Ֆրանսիա), Զաքարյան Լեոնիդը (ԼՂՀ), Աղամյան Կարենը (ՀՀ), Առաքելյան Ֆերդինանդը (ՀՀ), Եղիազարյան Անուշը (ՀՀ), Թոքմաջյան Լեւոնը (ՀՀ), Իգիթյան Լեւոնը (ՀՀ), Իսաբեկյան Արամը (ՀՀ), Չուգասզյան Լեւոնը (ՀՀ), Աղասյան Արարատը (ՀՀ), Շահումյան Հաղթանակը (ՀՀ), Աղայան Արշալույսը (ՀՀ) եւ Մնացականյան Գրետան (ՀՀ, Սփյուռքի նախարարություն):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play