Սեպտեմբերի 9-13-ին կանցկացվի ReAnimania Երեւանի 2-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը<br />


Սեպտեմբերի 9-13-ին կանցկացվի ReAnimania Երեւանի 2-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը

  • 09-09-2010 16:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայկական առաջին «Շունն ու կատուն» մուլտիպլիկացիոն կինոնկարի էկրան բարձրանալուց 71 տարի անց Երեւանում կրկին 5 օր շարունակ ոչ միայն հիշելու եւ մեծարելու են հայկական անիմացիոն արվեստի վարպետներին, այլեւ հայ հանդիսատեսին են ներկայացնելու վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում արտադրված լավագույն ֆիլմերը: ReAnimania Երեւանի 2-րդ միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում սեպտեմբերի 9-13-ին Հայաստանում կհյուրընկալվեն արտերկրի լավագույն մասնագետները: ReAnimania Երեւանի 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար մասնագետները (Մաքս Հաուարդ, Դեվիդ Սփրոքսթոն, Փոլ Սմիթ, Սյուզի Ուիլսոն) կժամանեն Հայաստան, կանցկացնեն վարպետության դասընթացներ եւ կքննարկեն համագործակցության հնարավորությունները հայ մասնագետների հետ: Ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի մամլո հաղորդագրության, Բրիտանական խորհուրդը եւ ReAnimania Երեւանի 2-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը համագործակցում են Բրիտանական խորհրդի «Ժամանակակից Բրիտանիա» ծրագրի շրջանակում` նպատակ ունենալով ներկայացնել Միացյալ Թագավորության ժամանակակից անիմացիոն արվեստը Հայաստանում եւ աջակցել միջմշակութային կապերի զարգացմանը: Երեւանյան փառատոնով հետաքրքրվել է նաեւ Միացյալ Թագավորության առաջատար Aardman ստուդիան: Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Aardman ստուդիայում ստեղծվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Նրանց ստեղծած առաջին կերպարը դարձավ «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը: Aardman ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի, 4 անգամ դրանք արժանացել են հեղինակավոր այդ մրցանակին: Aardman ստուդիան համագործակցում է BBC-ի եւ Channel Four Television-ի հետ: Ներկայումս Aardman ստուդիայի մասնագետները համագործակցում են SONY Pictures ընկերության հետ: Երկու լիամետրաժ ֆիլմեր այժմ արտադրության փուլում են: Aardman ստուդիայի մասնագետները (Դեվիդ Սփրոքսթոն, Փոլ Սմիթ) փառատոնի օրերին հանդես կգան դասախոսություններով, ինչպես նաեւ հայ հանդիսատեսին կներկայացնեն DreamWorks Animation ընկերության հետ նկարահանած «Ուալաս եւ Գրոմիթ, մարդաճագարի անեծքը» լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարը: «Exodus Film Group» ընկերության նախագահ Մաքս Հաուարդը, ով երկար տարիներ աշխատել է Warner Bros. Feature Animation եւ Disney Feature Animation ընկերություններում, հանդես կգա դասախոսություններով եւ կմասնակցի «Ոգի, Կիմարոնի հովատակը» ֆիլմի ցուցադրությանը, որը նկարահանվել է Մաքս Հաուարդի եւ DreamWorks Animation ընկերության հետ համագործակցության արդյունքում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play