Ադրբեջանը վերստին լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել ու սպասում է հարմար պահի (ֆոտոշարք)


Ադրբեջանը վերստին լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել ու սպասում է հարմար պահի (ֆոտոշարք)

  • 05-10-2018 23:30:31   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
 
 
Միանգամից ընդգծենք, որ այդ հարմար պահը Հայաստանում հնարավոր ներքին խժդժությունները, բախումները կարող են լինել՝ Ազգային ժողովը ոչ թե 2019թ. մայիս-հունիսին, այլ անպայման այս տարի լուծարելու խնդրի շուրջ: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը, նրա քաղաքական թիմակիցները և հետևորդները մեղքն անկասկած կգցեն ՀՀԿ-ի, Դաշնակցության, բացառված չէ, նաև ԲՀԿ-ի վրա: Դժվար չէ ենթադրել, որ նրանք էլ, իրենց հերթին, մեղավոր կհամարեն Փաշինյանին ու նրա աջակիցներին: Բայց այդ դեպքում պատերազմի բովում հայտնված ժողովրդին դա երևի այնքան էլ չի հետաքրքրի, թե ով ում է մեղադրում, հակամարտ ուժերից որն է իրավացի, նրանք ուրիշ, մեղմ ասած, հոգսեր կունենան…
Հասկանալու համար, որ Ադրբեջանի նոր զինավարժությունը թելադրված է ոչ թե զորքերին վարժելու, նրանց մարտունակությունը ստուգելու և բարձրացնելու, այլ ցանկացած պահի պատերազմին կազմ ու պատրաստ լինելու նպատակով, հիշենք, որ Ադրբեջանի զինված ուժերի նախորդ լայնամասշտաբ զորավարժության ավարտից ընդամենը 2 շաբաթ է անցել:
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը սեպտեմբերի 17-ից երկրի լեռնային տարածքներում սկսել էր 5-օրյա լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ: Ադրբեջանի ԶՈՒ-ն զորավարժություններում ընդգրկված էին տարբեր տեսակի և նշանակության զորամիավորումներ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանատարության ներքո անցկացվող զորավարժությունում ներգրավված էին Ադրբեջանի 20 000 զինծառայողներ, 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, տարբեր նշանակության ճակատային ավիացիայի տասնյակ միջոցներ և այլ զինտեխնիկա: Նույն աղբյուրի համաձայն, մինչև սեպտեմբերի 22-ը շարունակվելիք զորավարժության ընթացքում ադրբեջանցի զինծառայողները փորձարկելու էին նոր զենքեր: Զորավարժությունների ընթացքում մշակվելու էին մի քանի ուղղություններով հակառակորդի պաշտպանության տանկային ճեղքման, Ղարաբաղի տարածքում Հայաստանի ռազմական խմբավորումների և առաջնագծի ստորաբաժանումների ջախջախման պլանները, ԼՂ-ի վրա հարձակումը ռազմավարական և ռազմական թիրախների ոչնչացման ճանապարհով, հակառակորդին հրթիռահրետանային և ավիացիոն հարվածներ հասցնելու սխեմաները:
Ադրբեջանի ԶԼՄ-ներն ուշադրություն էին դարձնում այն հանգամանքի վրա, որ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ, որպես որոշակի հակառակորդ, նշված էր հենց Հայաստանը: Նախկինում պաշտոնական հաղորդագրություններում օգտագործվում էր «պայմանական հակառակորդ» եզրը: Ի դեպ, Ադրբեջանն անցյալ ամիս սկսելով լայնամասշտաբ զորավարժություններ, չնայած իր միջազգային պարտավորություններին, այսինքն՝ դրանց խախտմամբ, այդ մասին չէր տեղեկացրել ԵԱՀԿ պետություններին: Կարծում ենք, արժե ուշադրություն դարձնել նաև այս հանգամանքի վրա…
Բաքվում դեռ հուլիսին հայտարարել էին, որ մոտ ապագայում պատրաստ կլինեն «ազատագրել տարածքները», ինչն ավելի վաղ չեն արել, քանի որ դա թույլ չեն տվել որոշակի քաղաքական հանգամանքները: «Որոշակի քաղաքական հանգամանքներ» ասելով ի՞նչ նկատի ունեն… Կարծում ենք, այս հանգամանքին ևս պետք է ուշադրություն դարձնել:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անցյալ ամիս անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանային վիճակին, Haydzayn.am-ին ասել էր. «Իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին աստիճանաբար սրվում է, ինչը սկզբունքորեն կանխատեսելի էր։ Ավելին, պետք է իրատես լինել․առաջիկայում լարվածությունն, ըստ ամենայնի, կունենա հարաճուն բնույթ: Բաքվում չեն թաքցնում, որ նախապատրաստվում են լայնամասշտաբ ռազմագործողությունների, ինչը նույնպես նորություն չէ։ Այդ առումով Արցախի պետական սահմանին անցած ամիսների հարաբերական անդորրը տագնապահարույց էր։ Ակնհայտ էր, որ հակառակորդը դադար է վերցրել և նախապատրաստվում է նոր հարված հասցնել պատեհ ռազմաքաղաքական պահի։ Ըստ այդմ՝ առանց պատրանքների տրվելու, պետք է հաշիվ տանք մեզ, որ ռազմագործողությունների վերսկսման հավանականությունը մեծ է, ինչին պետք է պատրաստ լինել՝ հանկարծակիի չգալու համար»։
Դավիթ Ջամալյանն ևս մեկ նկատառում էր արտահայտել՝ նշելով, որ դրա մասին խոսել է բազմիցս. «Մենք չպետք է անտեսենք այն դիվանագիտական ռեսուրսը, որը մեր բանակը վաստակել է 2016-ի ապրիլի քառօրյա մարտերի արդյունքում։ Այո՛, թեև մենք կորցրել ենք մի քանի հենակետ, սակայն վերջնարդյունքում երկրորդ ադրբեջանական ագրեսիան ձախողվել է, Արցախի Պաշտպանության բանակը վերահաստատել է Արցախի պետական սահմանը։ Վերը նշվածը հայկական կողմերի ձեռքին կարևոր հաղթաթուղթ է, որը հիմք է ստեղծում մեզ համար բանակցային գործընթացում հանդես գալու ուժի դիրքերից»։
Պարոն Ջամալյանի նշած դիվանագիտական ռեսուրսը 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են՝ սահմաններին կրակոցներն արձանագրող ու նախահարձակին հայտնաբերող հատուկ տեխնիկայի տեղադրում, դիտորդների իրավասությունների ընդլայնում ու նրանց քանակի ավելացում, որոնց այն ժամանակ Ալիևը որպես ռազմական լայնածավալ գործողությունները սկսած, նախահարձակ ու մեղավոր կողմի՝ Ադրբեջանի ղեկավար, ստիպված տվել է իր համաձայնությունը, սակայն հետագայում չի կատարել: Որքան էլ «տարօրինակ է», ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի խոսել կամ գրեթե չի խոսել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, դրանց կատարումը չի պահանջել Ադրբեջանից և միջազգային հանրությունից: Այսինքն՝ հիմնականում անտեսել է, առաջին հերթին, մեր 100-ից ավելի զինվորների ու սպաների կյանքի գնով ձեռք բերված այդ խիստ թանկարժեք կամ անգնահատելի դիվանագիտական ռեսուրսը, գրեթե չի օգտագործել հայկական կողմի ձեռքին եղած այդ կարևոր հաղթաթուղթը, որը մեզ համար հիմք է բանակցային գործընթացում թելադրողի ու պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու համար: 
ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում ազատամարտիկ, ռազմական և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն անդրադառնալով սեպտեմբերյան սահմանային լարվածությանը և Ադրբեջանի կողմից հայկական խաղաղ բնակավայրերի գնդակոծմանը, ասել է, որ Ադրբեջանում պատրաստվում են պատերազմի, իսկ մենք պետք է հատկապես ներքաղաքական հարցերում շատ զգոն լինենք, թույլ չտանք, որ հասարակությունը պառակտվի, բաժանվի սևերի և սպիտակների, որովհետև պատերազմների ժամանակ բանակի ամրության հիմքերից մեկը թիկունքն է։   
Եվ, ահա, հիմա Ադրբեջանը, ինչպես նշեցինք, վերստին լայնամաշտաբ զորավարժություններ է անցկացնում: Ադրբեջանի բանակը հայտարարության համաձայն, զորավարժությունները զրահատանկային, հրթիռային և հրետանային ուժերի մասնակցությամբ անցկացվում են երկրի տարբեր մասերում: Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանը հիմնականում հենց այս զորատեսակների վրա է իր հույսը դնելու:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, զորավարժությունների նպատակը զրահատանկային զորամասերի ռազմական վերապատրաստումը և մարտական ու պաշտպանական կարողությունների ամրապնդումն է: Սակայն, հիշենք, որ Ադրբեջանում ընդամենը երկու շաբաթ առաջ զորավարժություններում 200 միավորից ավելի տանկ և այլ զրահատեխնիկա, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ էին ներգրավված: Այսինքն՝ այն բոլոր զորատեսակները, որոնք այժմ զորավարժություններում ընդգրկված են, մոտ երկու շաբաթ առաջ էլ զորավարժություններում ընդգրկված են եղել, հետևաբար նոր զորավարժությունների կազմակերպումն ու դրանց մասնակցությունն այդ զորավարժություններում դժվար թե պայմանավորված լինի զորամասերի ռազմական վերապատրաստման և մարտական ու պաշտպանական կարողությունների ամրապնդման պաշտոնապես հայտարարված նպատակով: Այս ամենից բոլորս ենք պարտավոր հետևություններ կատարել:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play