Էջմիածինը նոր քաղաքապետ կընտրի հոկտեմբերի 21-ին


Էջմիածինը նոր քաղաքապետ կընտրի հոկտեմբերի 21-ին

  • 11-10-2018 15:48:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
Էջմիածնում hոկտեմբերի 9-ից մեկնարկել է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի համաձայն՝ քարոզարշավը կավարտվի հոկտեմբերի 19-ին՝ քվեարկությունից մեկ օր առաջ։ 
 
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու գրանցված 14 քաղաքացիներից 2-ը՝ Սամվել Դավթյանը եւ Ժորժիկ Նավասարդյանը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում։
 
Ովքե՞ր են թեկնածուները, քաղաքացիներին հուզող ի՞նչ խնդիրներ են արծարծում եւ նախընտրական ծրագրերում ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսել:
 
Ինքնառաջադրված թեկնածուների թվում է Էջմիածնում բազմիցս ավագանու անդամ ընտրված՝ Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Սուրեն Մուրադյանը։
 
Վերջինս համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցում է «Իմաստավորելով հեղափոխությունը» կարգախոսով։ Մուրադյանի ծրագրային դրույթների առանցքում էջմիածնեցու սոցիալական, տնտեսական, մշակութային կյանքին վերաբերող խնդիրներն են. ճանապարհների բարեկարգում, լուսավորություն, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի բարելավում, քաղաքային տրանսպորտի գործարկում, վետերաններին եւ հաշմանդամներին առնչվող խնդիրների լուծում, նոր աշխատատեղեր, սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող ֆինանսական եւ նյութական օգնություն, գրադարանների «վերակենդանացում», գիտելիքի, գրքի եւ ընթերցանության տարածում եւ այլն։
 
Ծրագրում են նաեւ տանիքների, աստիճանավանդակների, մուտքերի վերանորոգման աշխատանքներ։
 
«Ելնելով քաղաքի պատմամշակութային առանձնահատկություններից,  ուշադրության  կենտրոնում ենք պահելու մասնավորապես զբոսաշրջության զարգացմանը խթանող նոր սպասարկող ենթակառուցվածքների ստեղծման հարցը: Նպատակ ունենալով զարգացնել ֆիզիկական կուլտուրան եւ սպորտի ոլորտը, ավարտին պետք է հասցնենք բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրի կառուցումը: Ավելորդ եմ համարում նշել՝ փողոցների ասֆալտապատման, կանաչապատման եւ աղբահանության խնդիրները: Այս ամենի հետ մեկտեղ շատ եմ կարեւորում նաեւ ուսումնական հաստատություններում առկա խնդիրները, որոշ թաղամասերում մանկապարտեզների շահագործումը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հիմնումը»,- նշեց համայնքի Սուրեն Մուրադյանը՝ միաժամանակ հավելելով, որ իշխանությունն իրեն հնարավորություն կտա լուծել քաղաքի հետ կապված շատ ավելի մեծամասշտաբ հարցեր:
 
Խոսելով՝ թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, Մուրադյանն ընդգծեց, որ այն միանձնյա չի եղել, եւ որ ընդառաջ է գնացել բազմաթիվ քաղաքացիների ցանկություններին ու հորդորներին:
 
«Համաքաղաքացիներիս վստահությանը արժանացել եմ դեռեւս ավագանի լինելու տարիներից՝ նիստերի ժամանակ բազում հարցերի ու խնդիրների շուրջ քննարկումներ իրականացնելով: Իմանալով էջմիածնեցիների հոգեբանությունը, վստահ եմ՝ մինչեւ թեկնածուի «արմատները» չիմանան, ընտրության չեն գնա: Սա շատ կարեւոր հանգամանք է: Այս ամենն ի գործ կտեսնենք 21-ին կայանալիք ընտրությունների ժամանակ»,-շեշտեց նա:
 
Ինքնառաջադրված մյուս թեկնածուն «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնական Վահագն Թադեւոսյանն է։ Ասում է՝ առաջնահերթ գնալու է սոցիալական արդարությունը վերականգնելու ուղղությամբ։ Գտնում է, որ հասարակության մեջ չպետք է լինեն շատ հարուստներ եւ հակառակը՝ շատ աղքատներ։
 
«Հարկավոր է միջին խավ ձեւավորել։ Պատրաստվում ենք իրականացնել ընդհանուր մշակութային փոփոխություններ։ Նոր Հայաստանում ամենաշատը էջմիածնեցին է զգում ազատության «շունչը»։ Մենք երազել ենք այս ամենի մասին։ Մեկ տասնյակից ավելի թեկնածու ունենք, շատ լավ է։ Ես հորդորում եմ էջմիածնեցիներին՝ լսել նրանց խոսքը, անցած ճանապարհը, եւ միայն այդպիսով իրենց ձայնը տալ արժանապատիվ թեկնածուին»,–ասաց Թադեւոսյանը։ 
 
Հաջորդ թեկնածուն՝ Կարեն Ստեփանյանը, մասնագիտությամբ փաստաբան է։ Ասում է՝ համայնքային խնդիրների մասին տեղյակ է եղել ի պաշտոնե։
 
Մեծապես կարեւորում է հողային ոլորտում առակա բացերը, մասնավորապես՝ սեփականաշնորհման եւ քարտեզագրության հետ կապված հարցերը.
«Այս խնդիրները շատ քաղաքացիների համար մինչ օրս համարվում են անլուծելի։ Էջմիածնում կան տեսանելի եւ անտեսանելի հարցեր։ Մենք գիտենք, որ բանավոր խոսքն այսօր արժեզրկված է։ Ասվածը պետք է նաեւ գործով ապացուցենք։ Նախկինում քաղաքապետարանի հետ առնչություն ունեցել եմ որպես փաստաբան։ Ներդրումներ ապահովելու մասով որոշակի ծրագրեր եմ ներկայացրել, բայց ցավոք չի իրականացվել։ Կուսակցական չեմ եւ սա համարում եմ առավելություն։ Այո, առաջադրված թեկնածուների թիվն աննախադեպ է։ Բանն այն է, որ նախկինում ժողովրդավարություն չի եղել։ Հեղափոխությունը մեզ տվեց բացարձակ հնարավորություններ»։ Առաջադրվելու որոշումը կայացրել է երկու տարի առաջ։
 
Սուրեն Թոփալյանը քաղաքի խնդիրներին ծանոթ է ներսից։ Մինչ առաջադրվելը մոտ 13 տարի աշխատել է Էջմիածնի քաղաքապետարանում որպես բյուջետային մուտքերի ապահովման բաժնի պետ։ Կուսակցական չէ։ Թոփալյանը նույնպես առաջադրվել է «իր գործին լավատեղյակ քաղաքացիների հորդորով».
 
«Պատասխանատվությունը մեծ էր։ Հետո հասկացա, որ տիրապետելով քաղաքի ընդհանուր վիճակին, իրականում ավելի շատ բան կարող եմ անել՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը»։ Որպես քաղաքապետարանի երկարամյա աշխատակից, ասում է՝ գրեթե բոլոր ոլորտներում աշխատանքներ կան անելու։
 
Խոսում է ասֆալտապատման,  կանաչապատման, հին շինությունների, բնակչության սոցիալական վիճակի, բնակիչ-քաղաքապետարան կապի եւ այլ խնդրահարույց հարցերի մասին։ Թոփալյանը կարծում է, որ համայնքապետարանը հնարավորություն ունի բյուջեն մեծացնելու ոչ միայն հարկահավաքության, այլեւ առեւտրային կազմակերպություններ ստեղծելու եւ դրանցից եկած եկամուտների հաշվին։
 
Առաջադրված թեկնածուների թվում են նաեւ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, Սերգեյ Սարգսյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից, Վազրիկ Գրիգորյանը, Սուսաննա Մարգարյանը, Վարդան Առաքելյանը, Սամվել Մուրադյանը եւ Գագիկ Բաղրամյանը։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play