Ձեռքբերումներ և բացթողումներ․ Ինչպիսի՞ն էին Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 ամիսները


Ձեռքբերումներ և բացթողումներ․ Ինչպիսի՞ն էին Նիկոլ Փաշինյանի կառավարման 5 ամիսները

  • 18-10-2018 23:18:06   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ինչպես և սպասվում էր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տվեց: 
 
Նա այս քայլին դիմեց Ազգային ժողովի լուծարման և  դեկտեմբերի սկզբին ընտրությունների միջոցով նոր խորհրդարան ձևավորելու համար: 
 
Իսկ ինչպիսի՞ արդյունքներ հասցրեց գրանցել Նիկոլ Փաշինյանի ձևավորած նոր իշխանությունը մայիսի 8-ից մինչև հիմա: 
 
«Հինգ ամիսներն ըստ էության արտակարգ ռեժիմի աշխատանքի ամիսներ էին, և բուն խնդիրը՝ ապամոնտաժել նախկին համակարգն այնպես, որ տեղի չունենար պետական կառավարման արդյունքի մեծ անկում: Կարծում եմ՝ այս խնդիրն էր առանցքային, որը հաջողվեց լուծել այս ամիսներին: Իհարկե բազմաթիվ խնդրահարույց որոշումներ եղան հատկապես կադրային դաշտում, եղան նաև քննադատություններ, որ տնտեսական արդյունավետությունը բարձր չէր, այս ամեն ինչը, իհարկե, տեղ ուներ, բայց կարծում եմ հաջողվեց քանդել նախկին կոռուպցիոն համակարգը, որը սերտաճել էր պետական համակարգի հետ ամբողջությամբ»,- նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:  
 
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ հինգ ամիսը բավարար չէ նոր իշխանությունների գործունեությունը տնտեսական առումով գնահատելու համար: Սակայն ըստ նրա՝ ակնհայտ է մի բան՝ երկրում առկա է վստահության մթնոլորտ: 
 
«Վստահության գործոնով պայմանավորված՝ ավելացել են բնակչության ավանդները, որոնք ներդրվել են բանկերում և ավելացել են նաև բնակչության եկամուտները: Երկրորդ կարևոր ձեռքբերումը կարելի է համարել կենսաթոշակային բարեփոխումների ամփոփումը, այսինքն՝ նաև օրենսդրական առումով, հուլիսի 1-ից պարտադիր կուտակային գործոնը սկսել է կիրառվել ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանում արդեն կսկսեն ձևավորվել այսպես ասած «երկար փողեր», որոնք հատկապես կարևոր են տեղական արտադրություն հիմնելու, արդյունաբերության տարբեր ճյուղերը զարգացնելու համար»,- իր հերթին ընդգծեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:  
 
Տնտեսագետի համոզմամբ՝ չնայած որոշ որոլտային բացթողումների,  այդուհանդերձ կան դրական միտումներ, որոնք բավարար հիմք են հետագայում տնտեսությունը զարգացնելու համար: 
 
«Ասել, որ այս հինգ ամիսները շատ վատն են եղել, սխալ կլինի, ասել, որ ամեն ինչ եղել է իդեալական, նման հիմքեր չկան»,- նկատում է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը: 
 
«Իրավական տեսակետից փորձեցին կատարվել ինչ-որ գործողություններ, բայց դրանք , իհարկե, շատ կարճ էին, նախ ա՝ կարճ էր ժամանակը, բ՝ իրավիճակը և այդ թավշյա հոգեբանությունը, որն ընտրվել էր, ընտվեց այնպես, որ այդ բոլոր գործողությունները կապված էին հենց դրա հետ: Տեղի չունեցան հետապնդումներ, և դա շատ կարևոր էր, տեղի չունեցան անտեղի ձերբակալություններ, թեև կային մարդիկ, ովքեր որ բոլորովին վատ չէր լինի, եթե պատասխանատվության ենթարկվեին և, որպեսզի այս և գալիք իշխանությունը գիտակցեին իրենց  պատասխանատվությունը»,- նշեց Նինա Կարապետյանցը
 
Երկրի կառավարման վերջին հինգ ամիսներին է անդրադարձել նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով ֆեյսբուքյան իր էջում մատնանշել է իր կարծիքով Նիկոլ Փաշինյանի կառավարության թույլ տված 5 սխալները: 
 
Նա, մասնավորապես, գրել է.
 
1. Դատախազությանը եւ Արդարադատության նախարարությանը համապատասխան հանձնարարություն իջեցնելու ճանապարհով քաղբանտարկյալներին հապշտապ ազատ չարձակելը եւ նրանց արդարացման գործընթաց չսկսելը։ 
 
2. Մարտի 1-ի գործի բացահայտման մասին հայտարարությունները, առաջին դեմքերին մեղադրանք առաջադրելու ու կալանավորելու փորձերն ու այդ փորձերի ձախողումը։
 
3. ՊՆ մասնագետներ Սիրիա գործուղելը։
 
4. Ռուս հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագիր հղելը. Նկատենք, որ Ազնավուրի մահվան հետ կապված Պուտինը նույնը չարեց: 
 
5.Մերժված իշխանության առանցքային կադրերով նոր Հայաստան կառուցելու փորձերը եւ դրանք արդարացնելու միամիտ բացատրությունները։ 
 
 
Հրաժարական տալուց առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում հայտարարեց, որ Հայաստանը թևակոխում է պատմական նոր և կարևոր փուլ: 
 
Ըստ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի՝  Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքն աչքի ընկավ ինչպես կոռուպցիոն համակարգերի բացահայտմամբ և կոնկրետ անձանց կուլակաթափ անելով, այնպես էլ խոշոր չարաշահումներ թույլ տված որոշ անձանց անպատիժ թողնելով: 
 
«Ես կարծում եմ, որ այս նոր շրջափուլը , ինչի մասին շեշետում է վարչապետը, դրանք սպասվող ընտրություններնե են: Դուք գիտեք, որ սա խորհրդարանական արտահերթ ընտրություններ են, գիտեք, որ ընտրական պրոցեսը որևէ երկրում որքանով է թափանցիկ, որքանով է ժողովորդավարական սկզբունքներին մոտիկ ամենակարևոր  հարցն է, և մենք անցնելու ենք այդ փորձությունը»,- ընդգծեց Ժաննա Ալեքսանյանը:   
 
Թե ինչպիսին Հայաստան կունենանք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ցույց կտան հետագա ամիսները, իսկ մենք կշարունակենք հետևել իրադարձությունների զարգացմանը: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play