ԱՄՆ-ից սպառազինություն գնելու Հայաստանին արված առաջարկը համաշխարհային քաղաքականության լրջագույն փոփոխություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱՄՆ-ից սպառազինություն գնելու Հայաստանին արված առաջարկը համաշխարհային քաղաքականության լրջագույն փոփոխություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-10-2018 22:05:59   | Հայաստան  |  Քաղաքական



 
ԱՄՆ-ից սպառազինություն գնելու Հայաստանին արված առաջարկը համաշխարհային քաղաքականության լրջագույն փոփոխություն է, որը պետք է խորապես ուսումնասիրել և վերլուծել: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում կատարած այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է ամերիկյան զենք գնել: 
 
Ըստ քաղաքագետի՝ երբևէ նման հայտարարություն չի արվել, ուստի Հայաստանը պետք է կոնկրետ քաղաքականություն մշակի և տա ամերիկյան կողմի պատասխանը՝ այդ սպառազինությունը պետք է, թե ոչ կամ ինչի դա կհանգեցնի: 
 
«Նման հարցերին մեկ օրում չես կարող պատասխանել: Կա Ռուսաստանի գործոնը, որը ժամանակին ասել է՝ չեք ուզում, գնացեք ուրիշ երկրից զենք գնեք: Գուցե հենց Ռուսաստանի այս հայտարարությունից հետո ԱՄՆ -ն նման առաջարկ արեց, բայց Հայաստանը կկարողանա՞ կողմնորոշվել: Այդտեղ ես կասկածներ ունեմ, որովհետև նման համարձակ բաներ երբեք չեն արվել Հայաստանում»,- նկատեց Մ. Սարգսյանը: 
 
Վերջինիս պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ վճռորոշ քայլերի մասին է ակնարկել  Ջ. Բոլթոնը, երբ ասել է, թե խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը խորհրդարանում մեծամասնություն կազմի, ապա կկարողանա վճռորոշ քայլեր կատարել Արցախյան խնդրի կարգավորման հարցում, քաղաքագետն ընդգծեց, որ ամերիկացի պաշտոնյանները մշտապես նույն բանն են կրկնել, քանի որ այլ բան չեն էլ կարող ասել: 
 
Նրա փոխանցմամբ՝ համանախագահող երկրների ներկայացուցիչները միայն կարող են ասել այն, ինչ որ առաջարկված է Մադրիդյան սկզբունքներում: 
 
Մ. Սարգսյանի համոզմամբ՝ հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play