Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը


Արտակ Զեյնալյանը մասնակցել է «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը

  • 29-10-2018 11:25:37   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հանրության ուշադրությունն է հրավիրվել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերին: Միջոցառումը կազմակերպերլ է Դի-Վի-Վի Ինթերյնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը նվիրված նախաձեռնության համար և նշել, որ բանտային կրթության արդյունավետ գործող համակարգերի և ծրագրերի առկայության դեպքում դրական ազդեցությունը տեսանելի կլինի ամբողջ հասարակության համար: Փոխնախարարի խոսքով, վերջին շրջանում Կառավարությունը քրեական արդարադատության և քրեական պատիժների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ է իրականացնում: «Քրեակատարողական հիմնարկներում արմատական փոփոխություններ են իրականացվում: Գործարկվել են նոր Սահմանադրության կարգավորումներին համապատասխան գործող ներման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերը:  Միևնույն   ժամանակ վերականգնողական արդարադատություն սկզբունքների և մեխանիզմների ներդրումը քրեական արդարադատության ոլորտում պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, հոգեբանական, կրթական լուծումներ և կառուցակարգեր»,- ասել է Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ այդ խրախուսական ինստիտուտների կիրառումը քրեական արդարադատության ոլորտում արդյունավետ կլինի այն դեպքում, երբ դրանց կիրառմամբ ազատ արձակված անձինք պատիժը կրելու ընթացքում կրթական և վերսոցիալականացման գործընթացներին մասնակից կլինեն. արդյունքում կնվազեցվի վերջիններիս հասարակական վտանգավորությունը: 
           Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ կրթության իրավունքի  և, ընդհանրապես, ստեղծագործական գործունեության ապահովումը հիմնաքարային նշանակություն ունեն հանցագործությունների կանխարգելման,  ազատվելուց հետո այդ անձանց վերաինտեգրման առումով: «Ուրախալի է, որ հանրության կողմից այս աշխատանքների կարևորությունն օր օրի առավել գիտակցվում է  և վստահ եմ, որ այս միջոցառումն էլ իր դերն ու նշանակությունն է ունենալու խնդրի լուսաբանման և նոր հնարավորությունների ստեղծման առումով»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը:
Հանդիպմանը ներկա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ևս կարևորել է մարդու շարունակական կրթության իրավունքը, շփումը արվեստի և մշակույթի հետ ու նշել, որ կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել բանտի ներսում: 
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Ծրագրի համակարգող Գայանե Հովակիմյանը, այլք: 
Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել նաև Սերգեյ Փարաջանովի բանտային շրջանի կյանքին ու գործունեությունը, ինչպես նաև ներկայացվել են տարբեր ժամանակաշրջանների հայ և օտարերկրացի հայտնի ստեղծագործողների բանտային գործերը՝ բացիկների և պաստառի միջոցով:
 
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play