Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր


Քննարկվել են երեխայի լավագույն շահի պաշտպանությանը նվիրված մի շարք հարցեր

  • 29-10-2018 14:51:15   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է «Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ  բռնության վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված կարողությունների զարգացման սեմինարի բացմանը:
Սուրեն Քրմոյանը նշել է, որ Սահմանադրությամբ և օրենքներով մանրամասն կարգավորված են երեխայի իրավունքները, սահմանված է երեխայի «լավագույն շահի» հասկացությունը: Այդուհանդերձ, թե քրեական, թե քաղաքացիական դատավարությունների ընթացքում հաճախ ծագում են գործնական այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն իրավական կառուցակարգեր, այլև հոգեբանական, սոցիալական մեծածավալ աշխատանք և մեխանիզմներ: Նախարարի տեղակալը կարևորել է այնպիսի պրակտիկայի ձևավորումը, որը թույլ կտա կատարողական վարույթի ընթացքում ապահովել երեխայի լավագույն շահի պաշտպանությունը, ինչպես նաև լուծել տարբեր իրավիճակներում երեխայի և ընտանիքի անդամների առջև ծառացած խնդիրները:
 
            Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վիկտորիա Օհանյանը կարևորել է նման ֆորմատով միջոցառումների և ինտերակտիվ եղանակով կրթական ծրագրերի իրականացման հարցը:
         Սեմինարի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական Գագիկ Միրիջանյանն իր հերթին ներկայացրել է երեխաների մասնակցությամբ կատարողական վարույթների առանձնահատկությունները և այդ գործընթացում ԴԱՀԿ ծառայության համագործակցությանը այլ մարմինների հետ:
Հանդիպման ավարտին կատարվելու է խմբային աշխատանք՝ ուղղված մասնակիցների մոտ քաղաքացիական գործերով աշխատանքային դիտարկումների և խնդիրների վերհանմանը:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play