Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 9-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անդրեյ Շուգարովի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 9-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 03-11-2018 18:11:55   | Հայաստան  |  Մշակույթ



 
Երևանում բացվել է Անդրեյ Շուգարովի նկարների ցուցահանդեսը: 
Նկարիչների միությունում ցուցադրված շուրջ 60 նկարում առանձնահատուկ տեղ ունեն ձիերը, որոնք աչքի են ընկնում ագրեսիվությամբ: 
 
«Այստեղ 60 նկար կա, որոնք երկու տարվա աշխատանքի արդյունք են, սակայն այս նկարներից որոշներն արդեն ցուցադրվել են։ Ձին իմ սիրելի կենդանին է, և որոշ ժամանակ ես հիմնականում ձիերով եմ զբաղվել, բայց նաև նկարում եմ մարդկանց, բնությունը»,- լրագրողների հետ զրույցում նշեց Ա․ Շուգարովը։ 
 
Վերջինս իր պատկերած դիմանկարներում, նատյուրմորտներում ու  բնանկարներում օգտագործում է վառ և ընդգծված երանգներ, որոնք ինչպես նկարիչն է ասում, ծնվում են բազմաթիվ գույների քաոսից: 
 
Շուգարովի 60-ամյակին նվիրված ցուցահանդեսի հիմնական նախաձեռնողը նրա կինն է՝ դերասանուհի Ռուզան Մեսրոպյանը: 
 
«Շատ էմոցիաներ եմ ապրել այս ընթացքում, որովհետև տասը տարվա ընթացքում որպես հայ մարդ, ով ապրում է Հայաստանում, դժվարություններ է հաղթահարում, իսկ տասը տարին քիչ չէ․ ամուսինս լինելով այսքան տաղանդավոր նկարիչ՝ այնպիսի պահեր է ապրել, նույնիսկ պահ կար, որ իրեն թվում էր, թե իր մեջ ապրող նկարիչը մահացել է, իսկ ես հավատում էի, որ այդպես չէ»,- ընդգծեց Ռ․ Մեսրոպյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսն իրականություն է դարձել նաև հավատարիմ ընկերների աջակցությամբ։   
 
Ռուզան Մեսրոպյանի բնութագրմամբ՝ Անդրեյ Շուգարովն արտաքուստ որքան էլ բնավորությամբ հանգիստ մարդու տպարվորություն թողնի, միևնույն է՝ նա անհանգիստ ու ալեկոծ հոգի ունի, որն անվերջ փնտրտուքների մեջ է:  
 
Ա. Շուգարովի անհատական ցուցահանդեսը կգործի մինչև նոյմեբերի 9-ը: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»

 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play