Մեծապես սերտացել է ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը բոլոր ուղղություններով և հատկապես ռազմական. քաղաքագետ


Մեծապես սերտացել է ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը բոլոր ուղղություններով և հատկապես ռազմական. քաղաքագետ

  • 06-11-2018 05:57:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուկյան էջում գրել է․
"Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից մեկում մասնակցեցի Եվրոպական պետություններից մեկի կառավարության հետ ուղղակիորեն կապված մի հեղինակավոր հիմնադրամի քաղաքագիտական կոնֆերանսին: Ներկա էին քաղաքական և հասարակական հայտնի գործիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Հայաստանից` ես և ադրբեջանական գործիչներ` Բաքվից: Ներկա էին այլ գործիչներ ևս:
 
Կոնֆերանսի երկրորդ մասը փակ էր և միայն հրավիրյալների համար էր: Եվ քանի որ գործում էր Չաթհամ Հաուսի կարգը, մանրամասներ չեմ կարող հրապարակել: Բայց այն` ինչ լսեցի և վերլուծեցինք ընդհանրապես կոնֆերանսի շրջանակներում` անչափ տպավորիչ էր: Ըստ ռուս շատ հայտնի գործիչների` Ռուսաստանում անսպասելի և շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենալու: Ըստ ղազախների` իրենց երկրում ևս մեկ անգամ իշխանության վերարտադրություն է ակնկալվում, ըստ Կիևցիների` Ուկրաինայում` ուժերի վերադասավորում, որտեղ մեծ շանսեր ունի Յուլիա Տիմոշենկոն, իսկ ըստ Ղրղզների` իրենք հիմա նոր ռուսական բազաներ են պահանջում բացել: Ռուսներն էլ պատասխանեցին, որ Ղրղզստանը` հետաքրքիր է Ռուսաստանին միայն իր բազաներով: Եվ բոլոր երկրներից, որոնք արծարծվեցին, ամենամեծ համակրանքով բոլորը խոսում էին Հայաստանի ղեկավարից և մանրամասն հետաքրքրվում ինձանից դետալների և Փաշինյանի անձնական որակների վերաբերյալ, որոնք, ըստ իրենց, ո´չ Կրեմլում և ո´չ էլ Մոսկվայի այլ էլիտաներում չեն ընկալում: Ապշած էին, որ կոռուպցիան իրոք թրի մի հարվածով վերացել է, որ Փաշինյանին հաջողվում է Ռուսաստանի հետ նրբորեն խաղալով` առայժմ չգրգռել իրենց: Բայց ասացին նաև, որ Կրեմլում դեռ փորձում են վերծանել Հայաստանի ղեկավարին: Պատասխանեցի, որ վերծանելու շատ բան չկա: Վարչապետի պաշտոնակատարը բաց է խաղում երկրորդային, հետին օրակարգեր ՌԴ հետ հարաբերություններում չի հեգապնդում: Հնարավորինս բացատրեցի, ներկայացրեցի նաև այլ հանգամանքներ և կարծում եմ, որ առաջիկայում ռուսական ամենահեղինակավոր մամուլի մարմիններում այս հանդիպումն արտացոլող և Հայաստանյան հեղափոխությունն առավել դրականորեն ներկայացնող հայտարարություններ կլինեն:
 
Բայց ամենահետաքրքիրն Ադրբեջանի պարագան էր: Ակնհայտորեն Ադրբեջանում իշխանափոխանցում է արդեն իրականացվում: Ընդ որում` ըստ գործիչների, Մեհրիբան Ալիևան կարող է և առավել կոշտ իրեն դրսևորել նախագահի պաշտոնում, քան ամուսինն է այսօր: Եվ դա կարող է դրսևորբել նախևառաջ Արցախի հարցում: Մյուս կողմից` իրենք համարում են Հայաստանի հետ բանակցությունները ժամանակ շահելու միջոց և լրջորեն պատրաստվում են պատերազմի: 
 
Վերնախավում ժամկետներ չկան, բայց սպասելու են հարմար պահի: Թավշյա հեղափոխության ժամանակ պաշտոնական Բաքվում քննարկել են Հայաստանի դեմ հարձակման սցենար, բայց եկել են այն եզրահանգման, որ հաջողության շանսերը` Հայաստանում ազգային նման կոնսոլիդացիայի պայմաններում մեծ չեն: Համարել են, որ փողոցներից ժողովուրդն ուղղակի կարող է մեկնել ռազմաճակատ և առավել մեծ վտանգ ներկայացնել իրենց հնարավոր օպերացիայի հաջողության համար: Ադրբեջանցի գործիչները մասնավոր զրույցում հայտնեցին, որ մինչև 2016-ի ապրիլ` իրենց հասարակությունը բարոյալքված էր Հայաստանի հետ բախման հարցով, բայց ապրիլյան պատերազմից հետո այլևս հավատում են իրենց բանակին և հատկապես Սերժ Սարգսյանի 800 հեկտարի անպիտանելիության մասին հայտարարությունից հետո որոշել են, որ Հայաստանում մնացած տարածքներն էլ պաշտոնապես անպիտան են համարվելու, իսկ իրենք դրանց պիտանելիություն կգտնեն: Ապրիլն անչափ բարձրացրել է իրենց մարտական ոգին և վստահություն ներշնչել իրենց: Հետաքրքիր էր, որ ադրբեջանցիները շոկի մեջ ընկան, երբ իմ շուրթերից լսեցին «Հայաստանի ազատագրված տարածքներ» արտահայտությունը: Զարմացան, հետո ջղային ծիծաղեցին և ասացին, որ առաջին անգամ են որևէ հայից նման ձևակերպում լսում: Ըստ իրենց` մինչև Փաշինյանի իշխանության գալը` Երևանը մշտապես իր լռությամբ անուղղակիորեն համաձայնել է, որ դրանք Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական հողեր են և սակարկել է դրանց հանձնման հարցով` Արցախի Հանրապետության կարգավիճակի դիմաց և միակ տարաձայնությունը եղել է հանրաքվեի մասին խնդրի և ռուս խաղաղապահների պլանավորվող ներկայության շուրջ: Իրենք կտրականապես դեմ են եղել երկու դրույթներին էլ: Ասացին նաև, որ հիմա, երբ Հայաստանում իշխանության է Փաշինյանը, այլևս հույս չունեն, որ բանակցություններն անգամ այդ կետին կհասնեն և կարծում են, որ Հայաստանն այլևս պատրաստ չէ կամովին իրենց «վերադարձնել» կամ «փոխզիջել» իբրև թե «իրենց հողերը»: Ռուսներն իրենց հերթին հաստատեցին, որ «Լավրովի Պլան» եղել է:
 
Փաստորեն այն ամենն` ինչ հետևողականորեն պնդում ենք արդեն երկու և կես տարի` թշնամիներն ու բարեկամներն իրենք հաստատեցին այս օրերին:
 
Հետաքրքիր է, որ մեծապես սերտացել է ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը բոլոր ուղղություններով և հատկապես ռազմական: Ադրբեջանը սկսել է Իսրայելի մոտ իրեն դիրքավորել որպես խիստ հակաիրանական բևեռ և այդ հողի վրա աննախադեպ կերպով խորացրել դաշնակցությունը Իսրայելի պետության հետ: Լուսանկարներ տեսա, որոնցում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կիպաներ էր դրել գլխներին և Պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ` նրա հնգօրյա այցի շրջանակներում այցելել Բաքվի սինագոգ: Հրեական յարմուլկաներով մահմեդական առաջնորդների առաջին անգամ էի տեսնում, բայց սա լավագույն օրինակ է այն հանգամանքի, որ հանուն Իսրայելի հետ մտերմության և դրա արդյունքում Հայաստանի հանդեպ հնարավոր ռազմական լուրջ առավելության, ադրբեջանցիներն անգամ սեփական կրոնը կարող են ուրանալ:
 
Այս կոնտեքստում` մեր կարծիքով Հայաստանը մեծ անելիք ունի: Իսրայելում Հայաստանի դեսպան, ՌԴ-ում նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ուղղակի չի կարող այս նոր իրավիճակում որևէ արդյունք ցույց տալ: Ընդ որում` խնդիրը տիտանական է լինելու: Հայաստանը պարտավոր է իր հաջորդ, անպայմանորեն նոր դեսպանի առջև խնդիր դնել ոչ թե մրցակցել Ադրբեջանի հետ` նրանց դաշտում, այլ փորձել համոզել իսրայելցիներին, այդ թվում օգտագործելով ԱՄՆ հրեական համայնքներում առկա ազդեցիկ հայամետ գործիչներին, ինչպես նաև այլ երկրների հրեական ծագմամբ գործիչներին, որ ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը Հայաստանի դեմ ուղղելը` հանուն Ադրբեջանի հետ հակաիրանականության հարցում համագործակցելու, Իսրայելին կարող է միայն կարճաժամկետ դիվիդենտներ բերել, իսկ երկարաժամկետում` մեծապես վնասելու է սեփական շահերին: Սա լուրջ, մանրակրկիտ և մեծագույն աշխատանք պահանջող առաքելություն է, որ Հայաստանի նոր դիվանագետը պարտավոր է ստանձնել: Եվ անհրաժեշտ է նշել, որ Իրանի հանգամանքն ընդհանրապես ո´չ Հայաստանի և ո´չ Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում ներառելն Իսրայելի համար որևէ օգուտ չի ենթադրելու: Հատկապես հայկական կողմից Իրանի գործոնն ընդհանրապես պետք է բացառվի: Իր հարավային հարևանի հետ հարաբերություններ փչացնելը Հայաստանի համար ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ: Եվ բացառված է, որ հայաստանյան որևէ իշխանություն գնա դրան:
 
Ցավոք սրտի, Հայաստանը շարունակում է հանրային-քաղաքական նման բարձր, բայց ստվերային հարթակներում ներկայացված մնալ կա´մ միջին կարգի կասկածելի մասնագետներով, կա´մ ընդհանրապես աչքի ընկնել պետական պատասխանատուների բացակայությամբ:
 
Սա մի դաշտ է, որտեղ հրատապ և ամբողջական ներգրավվածություն է անհրաժեշտ, իսկ գործնական` արտաքին քաղաքական դաշտում` նոր և պրոակտիվ գործունեություն":
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play