Խարդախությամբ բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում.ՀՔԿ


Խարդախությամբ բանկից փորձել են 1 մլն. եվրո հափշտակել. հայտարարվել է հետախուզում.ՀՔԿ

  • 20-11-2018 16:29:25   | Հայաստան  |  Իրավունք

 
 
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ խարդախությամբ փորձ է կատարվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար՝ 1 մլն  եվրո։
 
Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ քննչական կոմիտեն ստացել է  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ից՝ 2018 թվականի մայիսին, ըստ որի՝ քաղաքացու կողմից ներկայացվել է բանկային կեղծ մուրհակ՝  1 մլն եվրո վճարելու պարտավորության վերաբերյալ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին, 2018թ. ապրիլին ժամանելով Հայաստան,  տարբեր անձանց հետ հանդիպումների ժամանակ ներկայացել է որպես գործարար և Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկության վերաբերյալ հայտարարություններ արել՝  նպատակ ունենալով իր անձի վերաբերյալ ձևավորել պոտենցիալ ներդրողի  կարծիք: 2018 թվականի ապրիլի 9-ին օտարերկրացին «էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում  ներկայացրել է «էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Փի Էլ Սի ընկերության տվյալներով լրացված, 06.10.2017 թվագրված մուրհակ և նամակ՝ ընկերության անվերապահ պարտավորության վերաբերյալ՝ մուրհակի շահառու ընկերությանը կամ մուրհակը ներկայացնողին վճարել 1.000.000 եվրոյի չափով գումար, և պահանջել բանկից  իրեն կանխիկ վճարել նշված 561.190.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 եվրո գումարը:
Մուրհակի վրա առկա անձանց ստորագրությունների իսկությունն ստուգելիս պարզվել է, որ դրանք կեղծ են, և որ բանկ ներկայացվել է կեղծ մուրհակ։ Օտարերկրացին, հասկանալով, որ ներկայացված մուրհակը կասկածի տեղիք է տվել, կարճ ժամանակ անց՝ նախքան բանկի կողմից իրավական ընթացք տալը, հեռացել է Հայաստանից։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2018 թվականի նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել օտարերկրացուն  (ԻԻՀ քաղաքացի)  ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play