Ռուսահայ կապիտալի սաբոտա՞ժ, թե վտանգավոր նոր ծրագիր


Ռուսահայ կապիտալի սաբոտա՞ժ, թե վտանգավոր նոր ծրագիր

  • 26-11-2018 15:51:32   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնին այս տարի խիստ պասիվ է եղել ռուսաստանահայ կապիտալը: Պետք է նշել, որ հեռուստամարաթոնների մեկնարկից ռուսահայ համայնքը գրեթե չէր մասնակցում, գումարը հավաքվում էր Իրանում, Արեւմտյան երկրներում եւ հատկապես ԱՄՆ-ում հանագանակությունների արդյունքում:
 
Ռուսահայ կապիտալը սկսեց մասնակցել 2008-ից, եւ այդ տարի գրանցվեց ամենամեծ գումարը, քանի որ Տաշիր խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը կրկնապատկել էր հավաքված գումարը եւ իր նվիրատվությունն ուղղել Ստեփանակերտի հիվանդանոցի կառուցմանը:
 
Հատկանշական է, որ հենց այդ տարվանից սկսվեց Ռուսաստանի նոր «էքսպանսիան» Հայաստանի ուղղությամբ, ինչին նպաստում էր նաեւ մարտի 1-ից հետո Հայաստանում պետական իշխանության թուլությունն ու հայկական քաղաքական այսպես ասած էլիտաների խորացող կոլաբորացիոնիզմը:
 
Այս գործընթացն ուղեկցվում էր ռուսահայ կապիտալի աճող ներգրավմամբ, որն անկասկած ուներ քաղաքական ուղղվածություն, եւ իր գագաթնակետին հասավ Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում, երբ ռազմավարական ակտիվներից ՀԷՑ-ը հանձնվեց Սամվել Կարապետյանին, ռուսահայ կապիտալի այլ ներկայացուցիչներ նույնպես հայ ներկայացրին «վերաբաժանելու» Հայաստանի տնտեսությունն ու այդպիսով՝ քաղաքական իշխանության հայտ ներկայացնելով:
 
Այս ծրագրերը ձախողվեցին ապրիլյան հեղափոխության արդյունքում, թեեւ ապրիլի 25-27-ին ռուսահայ կապիտալի ներկայացուցիչները փորձեցին վերցնել իշխանությունն, այդ թվում Կրեմլից աջակցության ակնկալիքով:
 
Այս ֆոնին, ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստան հիմնադրամի հեռուստամարաթոնին այդ կապիտալի պասիվությունը հարցեր է առաջացնում: Սա սաբոտա՞ժ է, հետաքրքրության կորուստ քաղաքական ծրագրերի ձախողման ֆոնի՞ն, թե գործ ունենք այլ հանգամանքների հետ:
 
Արժե նշել, որ վերջերս Մոսկվայի նախաձեռնությամբ ստեղծված Լազարեւյան ակումբի անդամներ են ռուսահայ կապիտալի ամենախոշոր երկու ներկայացուցիչները՝ Սամվել Կարապետյանն ու Կամո Ավագումյանը, ովքեր ըստ ամենայնի պետք է ֆինանսավորեն այդ ակումբի տուսովկաները:
 
Դատելով այդ ակումբի բրեժնեւյան «պարտխոզ-ակտիվ» հիշեցնող անդամների ու հատկապես «ազգային կադրերի» ցանկից ու հռչակված նպատակներից, այդ ակումբի նպատակը մի կողմից նոր տիպի էքսպանսիան է Հայաստանի ուղղությամբ, մյուսը՝ հայ ժողովրդի արեւելահայ եւ հատկապես ռուսահայ հատվածի «քաղաքական սուբյեկտությունը», բայց ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում: Սա վտանգավոր է դիտվում թե Հայաստանի սուբյեկտության, թե հայկական սփյուռքի միասնականության համար, եւ չի բացառվում, որ գործ ունենք հեռահար ծրագրի հետ:
 
Արդյոք ռուսահայ կապիտալի պասիվությունը հենց այս համատեքստում է:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play