Տագնապ. այլեւս չի լինի նախկինի պես


Տագնապ. այլեւս չի լինի նախկինի պես

  • 13-12-2018 18:14:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի ընտրական իրադարձություններից հետո հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայողի հետ առնչվող դեպքը, որը կասկածվում է գյումրեցի 57-ամյա կնոջ դաժան սպանության համար: Ընտրությունից հետո տարածվեց տեղեկություն, որ զինծառայողը ձերբակալված է, բայց ստացվում է, որ նա պահվում է ՌԴ ռազմակայանում, ինչպես օրինակ Պերմյակովը:
 
Դեպքերն անշուշտ համեմատության ենթակա չեն, սակայն անկախ ամեն ինչից նժարի վրա մարդկային կյանքն է: Մյուս կողմից, նժարի վրա է նաեւ Հայաստանի պետական արժանապատվությունը, եթե հաշվի առնենք այն, որ հերթական սպանության պարագայում կասկածյալը «պատսպարվում» է ռուսական ռազմակայանում:
 
Առայժմ տեղեկատվությունը բավական սուղ է, թե ինչ ընթացքում է քրեական գործը, որի շրջանակում ձերբակալվել է զինծառայողը: Նրան մեղադրանք ներկայացվե՞լ է, թե ոչ, եւ եթե ներկայացվի, արդյոք ռուսական կողմը կփոխանցի ծառայողին: Թե՞ հղում կարվի ՌԴ Սահմանադրությանը, ըստ որի ՌԴ քաղաքացին ենթակա չէ հանձնման օտարերկրյա իրավապահներին:
 
Հերթական անգամ խնդիրը հանգում է ռուսական ռազմակայանի գոյության իրավա-պայմանագրային կարգավորումներին, դրանցում առկա բացերին:
 
Ամիսներ առաջ, թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց տեղի ունեցավ հայտնի դեպքը Փանիկ գյուղում՝ զորավարժության առիթով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դա սադրանք է հայ-ռուսական բարեկամության դեմ: Հետո տեղեկություն եղավ, որ ուղղակի եղել է ՏԻՄ կառույցի հետ չհամակարգված աշխատանք: Դրանից իհարկե դեպքը չդադարեց լինել սադրանք: Եվ ընդհանրապես, բազայի գործունեությունն ու դրա շուրջ իրավա-պայմանագրային կիսատ-պռատությունը վերջին հաշվով վաղուց կարծես թե դարձել են հայ-ռուսական հարաբերության դեմ սադրանքի մի յուրօրինակ խոշոր օջախ:
 
Այստեղ թվում է, որ խնդրի կարգավորման հիմնական շահառուն պետք է լինի Հայաստանը: Հայաստանն անշուշտ գլխավոր շահառու է: Մյուս կողմից, սակայն, եթե Ռուսաստանին թվում է, որ իրավիճակը կարգավորելու հարցում Մոսկվան ունի շահագրգռության պակաս պատճառներ, ապա այստեղ կա մեծ սխալ եւ մոլորություն: Այն գուցե լավ չի երեւում ռուսական բարձունքից, բայց եթե օրինակ մեկ անգամ էլ կրկնվի հանրության այն վերաբերմունքն ու արձագանքը, որ եղավ պերմյակովյան ողբերգությունից հետո, ապա այն արդեն կարող է ունենալ եւ ստանալ բոլորովին այլ շարունակություն եւ արդյունք, հաշվի առնելով Հայաստանում նոր իրավիճակն ու լեգիտիմ իշխանության առկայությունը:
 
Եթե Մոսկվան իր խնդիրների ահռելիության ու բազմազանության մեջ մոռացել է դրա մասին, ապա թերեւս չարժե սպասել, որ այդ մասին հիշեցնի Հայաստանի հանրությունը:
 
Միեւնույն ժամանակ, առկա իրավիճակի ֆոնին հատկանշական է տեղեկությունը, որ Հայաստանում տարածվեց թավշյա հեղափոխության առաջին քայլերից օրեր առաջ: Խոսքը Գյումրիում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայման մասին էր: Ավելին, համացանցում հայտնվեցին նաեւ լուսանկարներ, որ ՌԴ ՌՈ ծառայողները արդեն Գյումրիում են: Այն ժամանակ եղավ տեղեկություն, թե նրանք ծառայություն են իրականացնում միայն զորամասի տարածքում: Միաժամանակ եղան հանրային հարցադրումներ, թե իրավական ինչ հիմքի վրա պետք է կազմակերպվի ՌԴ ռազմական ոստիկանության ծառայությունը Հայաստանում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը 2018-ի մարտի վերջին տարածեց տեղեկություն, որ ռազմական ոստիկանության տեղակայման հարցը բարձրացրել է հայկական կողմը, որպեսզի նրանք վերահսկեն բազայի ծառայողներին:
 
Հետո եղավ թավշյա հեղափոխությունը, եւ ներկայում հարց է, թե ի՞նչ վիճակում է այդ գործընթացը: Փանիկի դեպքից հետո Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է վերանայվի ռազմակայանի պայմանագիրը: Դա դիտարկվեց իբրեւ ռազմակայանի տեղակայումը վերանայելու մասին խոսք, ինչը սակայն թյուրըմբռնում էր:
 
Այդուհանդերձ հանրության տարբեր շերտեր հարց են բարձրացնում նաեւ, որ եթե ռազմակայանի զինծառայողները պարբերաբար դառնալու են ողբերգությունների պատճառ, ապա այդ դեպքում գուցե պետք է բարձրացնել ռազմակայանի տեղակայման հարցն ինքնին: Եթե այն Հայաստանի համար ոչ թե անվտանգության գործիք է, գործընկեր, այլ անվտանգության աղբյուր, կամ եթե այդ անվտանգությունը պետք է ապահովվի զուգահեռ պարբերաբար շարքային քաղաքացիների կյանք խլելով, ապա այստեղ արդեն հարցերը պետք է դնել առավելագույնս կտրուկ:
 
Կա տարածված տեսակետ, որ Հայաստանն առանց ռուսական ռազմակայանի կդառնա խոցելի, անկարող կլինի պաշտպանել իրեն արտաքին մի քանի անգամ մեծ մարտահրավերներից: Այդպես կլինի, եթե խոսքը իրավա-պայմանագրային հստակ կարգավորումների ենթակա, միաժամանակ նաեւ վերահսկվող, ու նաեւ քրեական միջադեպերի պարագայում Հայաստանի օրենսդրությանը ոչ միայն դե յուրե, այլ նաեւ դե ֆակտո ենթակա ռազմակայանի մասին է:
 
Որովհետեւ, եթե այդ ամենը չկա, ապա ռազմակայանը դառնում է թե հայ-ռուսական հարաբերության թիրախ՝ իսկ հասկանալ այդ հարաբերության խորքային ու գլոբալ նշանակությունը թերեւս բարդ չէ, ըստ այդմ դժվար չէ պատկերացնել, որ թիրախավորելով ռազմակայանն ու ըստ այդմ հայ-ռուսական հարաբերությունը, հնարավոր է թիրախավորել գործնականում ռեգիոնալ անվտանգության ամբողջ համակարգը, որի առանցքում Հայաստանն է, եւ թե դրանով իսկ դառնում է Հայաստանի անվտանգության դանդաղ գործող սպառնալիք:
 
Սակայն, թերեւս պետք է կրկնել, որ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Ռուսաստանին, ու այդ հարցերը ինտենսիվ քննարկումների առարկա դարձնելը պետք է լինի ոչ միայն Հայաստանի նախաձեռնության կամ նախանձախնդրության առարկա, այլ նաեւ Ռուսաստանի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play