Ղազախստանում եւ Ղրղզստանում միջոցառումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի առթիվ


Ղազախստանում եւ Ղրղզստանում միջոցառումներ են կազմակերպվել Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի առթիվ

  • 25-04-2011 17:19:06   | Ղազախստան  |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Ալմաթիի «Սուրբ Կարապետ» Հայ Առաքելական եկեղեցում հոգեհանգստի կարգ եւ այնուհետեւ պատարագ է մատուցվել 96 տարի առաջ թուրք ոճրագործների ձեռքով ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայ անմեղ զոհերի հիշատակին: «Սուրբ Կարապետ» եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել հարյուրավոր հայեր, որոնք մեկ րոպե լռությամբ հարգել են հայ նահատակների հիշատակը: Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր Ալմաթի հայկական մշակութային տան դահլիճում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Միջոցառումը սկսվել է «Ադանա» տեսահոլովակի ցուցադրմամբ, որից հետո ելույթներ են ունեցել «Սուրբ Կարապետ» եկեղեցու հովիվ` Տեր Մարկոս քահանան եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Նրանք իրենց ելույթներում դատապարտել են 1915թ. Հայոց ցեղասպանության ոճրագործներին եւ համոզմունք հայտնել, որ նմանօրինակ հանցագործությունները ժողովրդի, ազգի, մարդկության դեմ բացառելու համար, պետք է ժամանակին իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Այնուհետեւ տեղի կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Պ. Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հնչել են Կոմիտասի «Կռունկ» երգիչներ Հասմիկ Ավդալյանի եւ «Դլե-յամանը»` Պարգեւ Խաչատրյանի կատարմամբ: Հիշատակի միջոցառումը եզրափակել է «Նաիրի» պարի համույթը` ներկայացնելով «Խաչքար» պարը: Նույն օրը Աստանայում «Վան» հայկական մշակութային կենտրոնի ղեկավարությունը ՂՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ կազմակերպել էր հուշ-հավաք` ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Հավաքի մասնակիցները վաղ առավոտյան այցելել են տեղի ուղղափառ եկեղեցի եւ մոմեր վառել` ի հիշատակ 1915թ. անմեղ զոհերի: Այնուհետեւ «Վան» հայկական մշակութային կենտրոնում հավաքի մասնակիցները ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված փաստագրական ֆիլմի ցուցադրությանը: Կարագանդայի «Սպասկ» հուշահամալրի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի առջեւ տեղի է ունեցել Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-հավաք: Հավաքի մասնակցիները ծաղիկներ են զետեղել խաչքարին եւ հարգանքի տուրք մատուցել հայ անմեղ զոհերին` մեկ րոպե լռությամբ: Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են կայացել նաեւ Պետրոպավլովսկի, Պավլոդարի, Ուստ Կամինագորսկի, Կոստանայի եւ Ղազախստանի այլ հայաշատ քաղաքներում: Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը նշվել է նաեւ Բիշքեկում: ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը եւ «Նաիրի» հասարակական միությունը կազմակերպել էին հուշ-հավաք եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն` հայկական խաչքարի առջեւ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play