Պաշտպանության նախարարի ահազանգ-նախազգուշացումը


Պաշտպանության նախարարի ահազանգ-նախազգուշացումը

  • 28-01-2019 15:52:57   | Հայաստան  |  Վերլուծություն

«Իհարկե դրանք ազդում են զինված ուժերի տրամադրության վրա, բայց ինչպես ասացի՝ մենք դա հաղթահարում ենք եւ անում ենք առավել՝ քան», հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյոք Մարտի 1-ի գործի քննությունն ու բանակին առնչվող բաղադրիչները ազդում են զինված ուժերի վրա: Այդ մասնին մասնավորապես օրերս հայտարարություն էր տարածել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որին մեղադրանք է ներկայացված Մարտի 1-ի գործով:
 
Խնդիրն ըստ երեւույթին ունի երկու մաս: Նախ, ակնառու է, որ Մարտի 1-ի գործով մեղադրվողները փորձում են բանակի վրա ազդեցությունը դարձնել իրենց պաշտպանության միջոց, նույնացնելով իրենց բանակի հետ: Իհարկե, այդ մարդիկ եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախարար, գերագույն գլխավոր հրամանատար, զինուժի հարցում նրանք ունեն մեծ դեր, միաժամանակ ունեն Մարտի 1-ի գործում պաշտպանության իրավունք:
 
Բայց արդյո՞ք ազնիվ է բանակի հետ սեփական անձի նույնացումը, երբ անձի հանդեպ գործը դիտարկվում է իբրեւ բանակի հեղինակությանը հարվածի փորձ եւ ասվում, որ դա տալիս է ինչ-ինչ կասկածների հիմք: Օրինակ, Սեյրան Օհանյանը կասկած էր հայտնել, որ դա է «ժողովուրդներին խաղաղության պատրաստելը»:
 
Պաշտպանության նախկին նախարարը դիմում է թերեւս պարզ մանիպուլյացիայի, ինքն էլ անշուշտ լավագույնս պատկերացնելով, որ բանակ-հանրություն անվստահություն առաջացնելն ու այսպես ասած Արցախի խնդիր «լուծելու» վարկածները բացարձակ առնչություն չունեն իրական քաղաքականությանը: Ի վերջո, Սեյրան Օհանյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, առնչվել է միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների եւ թերեւս անմիջականորեն իր մաշկի վրա է զգացել, թե ինչ դերով ու առաքելությամբ է հայկական բանակը դիտարկվել միջազգային քաղաքականության օրակարգում:
 
Ըստ այդմ, Սեյրան Օհանյանն իհարկե ունի մեղադրանքից պաշտպանվելու լիակատար իրավունք, եւ իրավունք ասելու, որ մեղադրանքը անհիմն է: Անհիմն է, թե ոչ, այստեղ իհարկե կարող են լինել քննարկումներ ու բանավեճեր, բայց արդյո՞ք ազնիվ է ներքաշել դրանց մեջ բանակը, օգտագործել բանակը որեւէ կողմից:
 
Այդ համատեքստում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն ուշագրավ է եւ արժանի խորքային դիտարկման: Ի՞նչ է արտահայտում նախարարը, մտահոգություն առ այն, որ բանակի «անունից» պաշտպանվելու այդօրինակ փորձերը թողնում են հետք, ազդում են բանակի մթնոլորտի վրա, թե՞ մտահոգություն, որ Մարտի 1-ի գործի ընթացքն էլ ազդում է եւ այն չափից շատ է կենտրոնացած բանակի օգտագործման վրա:
 
Պաշտպանության նախարարն այդ համատեքստում գուցե ահազանգում է, որ իրավապահները, որոնք զբաղվում են Մարտի 1-ի գործով, պետք է թերեւս զբաղվեն պատասխանատվությամբ եւ՝ կամ արագացնեն գործն ու ի վերջո հստակ մեղադրանքներով ներկայանան դատարան, կամ դադարեն զինված ուժերի ուղղակի կամ անուղղակի, կամա, թե ակամա տորպեդահարումը:
 
Ավելի հավանական է, որ նախարար Տոնոյանն իր հայտարարությամբ ահազանգում է երկու ուղղությամբ էլ՝ մեղադրողներին էլ, մեղադրվողներին էլ, որ պետք չէ զինված ուժերի մթնոլորտը ենթարկել սեփական հաշվարկների ազդեցության:
 
Նախարար Տոնոյանը գործնականում առաջին անգամ է ահազանգում մտահոգիչ իրողության առկայության, բանակի վրա ազդեցության մասին: Ու թեեւ հայտարարում է, որ հաղթահարում են ազդեցությունն ու անում են ավելին, այդուհանդերձ բավականին նշանակալի է աննախադեպ ազդակը, որ Մարտի 1-ի գործը փաստորեն ստեղծում է հավելյալ ջանքի անհրաժեշտություն, այն դեպքում, երբ հայկական բանակը, զինված ուժերը ունեն անվտանգության ռեգիոնալ եւ համաշխարհային միջավայրին արձագանքելու առանց այդ էլ բազմաթիվ անհրաժեշտություններ, եւ պետք չէ ստեղծել հաղթահարելու լրացուցիչ ջանք ու էներգիա պահանջող խնդիրներ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play