Ընդդիմության առաջնորդների արմատականությունից հրաժարվելու շնորհիվ Աբխազիայի շարքային քաղաքացիների մտահոգությունները չհաստատվեցին


Ընդդիմության առաջնորդների արմատականությունից հրաժարվելու շնորհիվ Աբխազիայի շարքային քաղաքացիների մտահոգությունները չհաստատվեցին

  • 05-02-2019 09:42:58   | Հայաստան  |  Վերլուծություն

 
 
Անցած 2018 թվականն Աբխազիայում կարելի է բնութագրել որպես քաղաքական-անվերահսկելի, ինչը կապված է երկրում տնտեսական և սոցիալական խնդիրների սրման հետ: Քաղաքացիներին հատկապես անհանգստացնում են անբարենպաստ քրեածին իրավիճակները, հաճախակի ՃՏՊ-ները, թմրամոլության տարածումը երիտասարդության շրջանում, ինչպես նաև կոռուպցիան պետական պաշտոնյաների շրջանում: Երկրի ներկայիս ղեկավարության կողմից վաղուց խոստացած կառավարման համակարգի  բարեփոխումը, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարձրացումը մնում են անկատար, ինչը սրում է լարվածությունը հասարակության մեջ և ստեղծում առաջիկա քաղաքական ճգնաժամի զգացողություն: Ի դեպ, ընդդիմությունը բազմիցս հայտարարություններ է արել սպասվող բողոքի գործողությունների մասին: Սակայն, մինչ օրս Աբխազիան կարողացել է խուսափել բացասական սցենարով իրադարձությունների զարգացումից:
 
Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծում են տեղական քաղաքական վերլուծաբանները, աբխազական հասարակության մեջ է՛լ ավելի ուժգին է զգացվում համակարգային փոփոխությունների պահանջարկը: Եվ, իբրև թե արձագանքելով այս պահանջին, քաղաքական դաշտում հայտնվում են նոր քաղաքական խաղացողներ, որոնք չեն ձգտում ինտեգրվել արդեն գոյություն ունեցող հասարակական-քաղաքական կառույցներին, այլ ստեղծում են նոր կազմակերպություններ: Այս միտումը վկայում է քաղաքական պայքարի հնարավոր սրման մասին, ինչը լիովին հասկանալի է, հաշվի առնելով, որ 2019 թվականի կեսերին երկրում պետք է տեղի ունենան հերթական նախագահական ընտրությունները:
 
Նախկինում, Աբխազիայում եղել են երեք հիմնական քաղաքական ուժեր՝ «Ազգային միաբանության ֆորում» իշխանական կուսակցություն, ընդդիմադիր «Ամցախարա» և «Միացյալ Աբխազիա», որն իրեն ներկայացնում էր որպես կենտրոնամետ կուսակցություն` ձգտելով նպաստել իշխանության և ընդդիմության միջև քաղաքական երկխոսության հաստատմանը: Սակայն, այժմ «Միացյալ Աբխազիան» ընդգրկվել է ընդդիմադիր դաշինքի մեջ և ակտիվորեն աջակցում է ընդդիմադիր թեկնածու Ասլան Բժանիային:
 
Անցյալ տարեվերջին, Աբխազիայի քաղաքական կյանքում տեղի ունեցավ մեկ այլ նշանակալի քաղաքական իրադարձություն՝ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Ընդհանուր գործ» կոչվող նոր հասարակական կազմակերպության հիմնադիր համաժողովը: Նրա առաջնորդները որպես իրենց նպատակ հռչակեցին, ոչ ավել, ոչ պակաս, նախագահի իրենց թեկնածուի առաջադրումը երկրի ղեկավարի առաջիկա ընտրություններում:
 
Նոր քաղաքական կառույցի անդամների մեծամասնությունը «Այնար» կուսակցության նախկին կողմնակիցներն էին: «Ընդհանուր գործ»-ի ղեկավար միաձայն ընտրվեց Աբխազիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր և 1992-1993թթ. Աբխազիայի ժողովրդի Հայրենական պատերազմի վետերանների «ԱՌՈՒԱԱ» հանրապետական հասարակական կազմակերպության՝ նախկին նախագահ Վադիմ Սմիրը, իսկ նրա տեղակալ՝ «Այնար» կուսակցության նախկին առաջնորդ Թենգիզ Ջոպուան:
 
Ըստ նոր հասարակական կազմակերպության ղեկավարության հայտարարության, առաջիկայում հասարակությանը կներկայացվի պետության քաղաքական համակարգի բարեփոխման նոր ծրագիր:
 
«Համակարգային խնդիրները միշտ պահանջում են համակարգային լուծումներ: Եթե համակարգը, որը երկար ժամանակ կիրառել եք, ձախողում է, եթե այն այլևս ի վիճակի չէ լուծելու ներքին և արտաքին բնույթի առաջացող խնդիրները, նշանակում է այն պետք է փոխել՝ անկախ նրանից, դա որևէ մեկին դուր կգա, թե՝ ոչ», - ասել է Թենգիզ Ջոպուան:
 
Խոսելով առաջիկա ընտրություններում «Ընդհանուր գործ»-ի մասնակցության հեռանկարների մասին, մասնավորապես, իրենց թեկնածուի առաջադրման մասին, Վադիմ Սմիրը հայտնլ է, որ նոր կազմակերպությունը դեռ չի կողմնորոշվել այդ հարցում:
 
«Առաջին անգամ ստեղծվում է կազմակերպություն ոչ ընդդեմ որևէ-մեկի, կամ «որևէ մեկի ներքո»: Ինչ-որ մեկը զարմանում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին մենք թեկնածու չունենք: Ես և շատերը, դեռևս որևէ մեկին չենք նախատեսում: Մենք որոշեցինք գնալ այս ճանապարհով՝ հավաքել համախոհների խումբ, իսկ այնուհետև որոշել, թե ում առաջադրել որպես թեկնածու կամ ում աջակցել: Ժամանակն է մշակել լուրջ չափանիշներ թեկնածուների որոշման համար, և ոչ թե առաջնորդվել պարզ սկզբունքով՝ «Նա լավ տղա է, իմ ընկերն է, հարազատը, հարևանը», - ասում է Վադիմ Սմիրը:
 
Ընդ որում, «Ընդհանուր գործ»-ի անդամներն արդեն հայտարարել են, որ չեն պատրաստվում կոալիցիա կազմել ոչ գործող իշխանության, ոչ էլ ընդդիմության հետ: Այսպիսով, նոր հասարակական կառուցվածքը, հավանաբար, կհավակնի հասարակության ընկալմամբ ինչ-որ «երրորդ ուժի» դիրքորոշմանը:
 
Ուշադրություն է գրավում այն, որ նոր քաղաքական խաղացողը ստացել է, այսպես կոչված, «ոսկե խորհրդարանի» նախկին պատգամավորների խմբի աջակցությունը, որը 1991-96 թթ-ին ղեկավարում էր Վլադիսլավ Արձինբան, ով հետագայում դարձավ Աբխազիայի առաջին նախագահը: Այս ոչ ֆորմալ քաղաքական խմբի ներկայացուցիչներն արդեն իսկ կոչ են անում հասարակությանն աջակցել «Ընդհանուր գործ»-ին:
 
Կարելի է ենթադրել, որ նախագահական ընտրությունների նախաշեմին Աբխազիայի քաղաքական դաշտում կարող են ի հայտ գալ նաև ուրիշները, մինչևիսկ՝ անհայտ քաղաքական ուժեր, քանի որ երկրում գնալով ավելի ակնհայտորեն է զգացվում նոր քաղաքական առաջնորդների անհրաժեշտությունը, ովքեր ի վիճակի կլինեն առաջարկելու երկրի զարգացման երկարատև և իրատեսական ռազմավարություն:
 
2018 թվականի արդյունքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ առաջիկա նախագահական ընտրությունների վրա: Անցյալ տարվա կարևոր իրադարաձություններից կարելի է համարել Աբխազիայի անկախության ճանաչումը Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից և դրա արդյունքում, սեպտեմբերին տեղի ունեցած աբխազական պատվիրակության առաջին պաշտոնական այցն այդ երկիր: Դամասկոսի ճանաչումն առանձնահատուկ նշանակություն ուներ աբխազների համար, քանի որ Սիրիայում է ապրում աբխազական սփյուռքը, որի մի մասը պատերազմական գործողությունների ժամանակ վերադարձավ պատմական հայրենիք: Երկու երկրների ղեկավարները ստորագրեցին բարեկամության և համագործակցության Պայմանագիր:
 
2018-ի օգոստոսին հանրապետությունում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 10-ամյակին, իսկ սեպտեմբերի վերջին նշվեց անկախության 25-ամյակը: Այս տոնակատարություններն անցկացվեցին բնակչության աջակցության և խանդավառության մթնոլորտում:
 
2018-ի օգոստոսին հանրային լայն արձագանք ստացավ քաղաքացիներից շատերի համար անսպասելի հանդիսացող, Աբխազիայի հանրապետության փոխնախագահ Վիտալի Գաբնիայի ինքնակամ հրաժարականը, ով 2014-ի մայիսյան հայտնի դեպքերի ժամանակ հանդես եկավ որպես ներկայիս նախագահ Ռաուլ Խաջիմբայի համախոհ: Ալեքսանդր Անկվաբի նախագահությունից հրաժարվելուց հետո և արտահերթ ընտրարշավի ժամանակ Ռ. Խաջիմբան և Վ. Գաբնիան հանդես եկան ի պաշտպանություն իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման, խոստացան «վերացնել կոռուպցիայի հիմնաքարը» քաղաքական համակարգի բարեփոխման միջոցով: Այնուամենայնիվ, այս ծրագրերը մեծամասամբ մնացին անկատար, ինչը վատագույնս անդրադարձավ գործող իշխանության և նրա առաջնորդի՝ Ռաուլ Խաջիմբայի հեղինակության վրա, ով հավանական է, այնուամենայնիվ, կառաջադրվի որպես թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններին:
 
Վ.Գաբնիան՝ ելույթ ունենալով իր հրաժարականի մասին կազմակերպված մամլո ասուլիսում, նշեց, որ ներկայիս կառավարությունը չի հաղթահարել առկա խնդիրներից շատերը և կոչ արեց Ռ. Խաջիմբային չառաջադրել իր թեկնածությունը հերթական նախագահական ընտրություններում:
 
Ամփոփելով անցյալ տարվա արդյունքները, կարելի է արձանագրել, որ շարքային քաղաքացիների վատագույն մտահոգությունները չհաստատվեցին, և մեծամասամբ, ընդդիմության առաջնորդների արմատականությունից հրաժարվելու շնորհիվ՝ երկրում բոլոր քաղաքական գործընթացները տեղի են ունեցել օրինական դաշտի սահմաններում: Ընդ որում, շատ ցավալի խնդիրներ այդպես էլ մնացին չլուծված, ինչը նորընտիր նախագահին առանձնահատուկ պատասխանատվության առաջ է դնում, անկախ նրանից, թե նա ով կլինի:
 
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Աբխազիայի ղեկավարությունն ու քաղաքացիները մեծ պատասխանատվություն են կրում արդար և թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնելու պայմանների ապահովման համար, որի արդյունքը կապահովի կայունություն և քաղաքացիական համաձայնություն երկրում:
 
Հեղինակ՝ 
«Ռուսաստանի Ջավախքի սփյուռք» հասարակական 
             կազմակերպության վերլուծական խումբ 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play