Ինչքան գող, թալանչի կա դուրս է եկել, իսկ արդարացված անձը ոչ. Արթուր Հովհաննիսյանի մտերիմները դիմում են Արտակ Զեյնալյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ինչքան գող, թալանչի կա դուրս է եկել, իսկ արդարացված անձը ոչ. Արթուր Հովհաննիսյանի մտերիմները դիմում են Արտակ Զեյնալյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-02-2019 15:43:10   | Հայաստան  |  Իրավունք



 
«Ինչքան գող, թալանչի կա դուրս է եկել, իսկ արդարացված անձը ոչ»,- փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բժիշկ, քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը՝ անդրադառնալով արդեն երեք տարի ազատազրկված Արթուր Հովհաննիսյանի գործին: 
 
Ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող նշյալ անձի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է և անհամատեղելի կալանքի հետ: 
 
Մ. Խաչատրյանի խոսքերով՝ Արթուր Հովհաննիսյանն ունի երկու ողերի կոտրվածք, անոթային խնդիր, ստորին վերջույթներից պարբերաբար թարախային արտադրություն է հոսում, արյան շրջանառությունը նորմալ չէ:   
 
«Ամիսներ առաջ Արթուրին բերեցին այն հիվանդանոց, որտեղ ես եմ աշխատում: Անձամբ տեսա, ծանոթացա նրա առողջական վիճակին: Ես ունեմ նաև ներքին ինֆորմացիա, որ քրեակատարողական հիմնարկում բժիշկները շատ լավ գիտակցում են, որ Արթուրի այս վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, սակայն նրան որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում»,- նշեց Մ. Խաչատրյանը՝ հավելելով, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Ա. Հովհաննիսյանը ձեռք է բերել հեպատիտ A, որը սննդային վարակ է: 
 
Դատապաշտպան Արմինե Ֆանյանի պնդմամբ՝ Ա. Հովհաննիսյանի վրա համաներման մասին օրենքի դրույթները լիովին տարածելի են:
 
«Պաշտպանյալս՝ Ա. Հովհաննիսյանը, մեկ այլ քրեական գործով դատապարտյալ է հանդիսանում, սկզբնական դատավճռով նախատեսված պատժի մեկ երրորդն արդեն իսկ կրել է, նոր քրեական գործ է հարուցվել պատժի կրման ընթացքում Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, որով իմ պաշտպանյալը թե՛ Առաջին ատյանի, թե՛ Վերքննիչ դատարանի դատական ակտերով արդարացվել է՝ ճանաչվելով անմեղ»,- ընդգծեց Ա. Ֆանյանը՝ նշելով, որ այս պայմաններում քրեակատարողական հիմնարկը համառորեն չի կիրառում համաներման ակտը՝ պնդելով, որ Ա. Հովհաննիսյանի արդարացման դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել:   
 
Դատապաշտպանի փոխանցմամբ՝ վերջերս ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել արդարացման ակտերի դեմ, որով Ա. Հովհաննիսյանի ազատության մեջ մնալու գործընթացը նվազագույնը 3-4 ամսով կրկին հետաձգվել է: 
 
«Իմ գնահատմամբ՝ որպես մասնագետի, պաշտպանյալս ներկայումս ապօրինի գտնվում է անազատության մեջ, քանի որ նա համաներման ակտի կիրառման դրույթների ուժով արդեն իսկ վաղուց պետք է ազատության մեջ լիներ»,- նկատեց Ա. Ֆանյանը:  
 
Արթուր Հովհաննիսյանի առողջական ներկա վիճակին անդրադարձավ նաև քույրը՝ Սուսաննա Ղահրամանյանը՝ տեղեկացնելով, որ 53-ամյա Արթուր Հովհաննիսյանի առողջական վիճակն այնքան վատ է, որ անզեն աչքով նկատելի է: 
 
«Արթուրի վիճակը շատ վատ է, ոտքերից թարախային արտադրություն է հոսում, տրոմբ ունի և նույնիսկ այս եղանակին Արթուրը կիսավարտիքով է ման գալիս: Մեր միջոցներով Արթուրը Միքայելյան հիվանդանոցում բուժումներ ստացավ, 10 օր պետք է ստանար, բայց 6 օր հետո ստիպողաբար և ապօրինաբար նրան հետ տարան քրեակատարողական հիմնարկ: Արթուրի տունը մենք գրավ էինք դրել, դրսից բժիշկներ հրավիրել, որպեսզի Արթուրին վիրահատեին, բայց ՔԿՀ-ում չթողեցին՝ պատճառելով մեզ ֆինանսական մեծ վնաս»,- փաստեց Ս. Ղահրամանյանը՝ շեշտելով, որ կալանավայրում Ա. Հովհաննիսյանին բուժվելու փոխարեն միայն ցավազրկողներ ստանալու հնարավորություն են տալիս: 
 
Նրա գնահատնմամբ՝ համապատասխան բոլոր մարմինները չարաշահելով սեփական գործառույթները՝ միտումնավոր երկարացնում են դատական պրոցեսները: 
 
Բանախոսներն ակնկալում են,որ իրենց բողոքի ձայնը տեղ կհասնի և Արդարադատության նախարարությունը վերջապես կզբաղվի այս գործով՝ տալով համապատասխան լուծում: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play