Տավուշի մարզի Բերդի շրջանի նկատմամբ լինելու է հատուկ ուշադրություն բոլոր ուղղություններով. Հայկ Չոբանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տավուշի մարզի Բերդի շրջանի նկատմամբ լինելու է հատուկ ուշադրություն բոլոր ուղղություններով. Հայկ Չոբանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-02-2019 15:05:50   | Հայաստան  |  Հասարակություն



 
Տավուշի մարզի Բերդի շրջանի նկատմամբ լինելու է հատուկ ուշադրություն բոլոր ուղղություններով՝ հատկապես տնտեսական քաղաքականության առումով: 
 
Այս մասին փետրվարի 6-ին կայացած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանը: 
 
Ըստ նրա՝ Բերդի նկատմամբ հատուկ ուշադրությունն ավելի շատ պայմանավորված է ոչ թե այն հանգամաքով, որ ինքն անձամբ այդ շրջանից է, այլ նրանով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի շուրջ 350 կ/մ երկարությամբ սահմանի 185 կ/մ-ը պատկանում է հենց Բերդին: 
 
«Ես չեմ ուզում մարզի շրջանների միջև որևէ տարբերություն դնել, բայց ունեմ առաջնահերթություններ: Իմ կարծիքով՝  ՀՀ -ի համար թշնամուն հաղթելու միակ ճանապարհը տնտեսական և տեխնոլոգիական զարգացումն է, որպեսզի որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ կարող է խախտել մեր անվտանգությունը»,- ընդգծեց Հ. Չոբանյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ Տավուշն ամենամեծ հնարավորություններն ունեցող մարզն է, որովհետև ունի 350 կ/մ սահման, որից 300-ը թշնամու հետ, ինչը լրացուցիչ հնարավորություն է երկրի ռազմաարդյունաբերության զարգացման համար: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է մարպետի կարգավիճակում արևային տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող մասնավոր ընկերության հիմնադիրը չարաշահի կամ օգտագործի պաշտոնական լիազորությունները սեփական բիզնեսն առաջ տանելու համար՝  Հ. Չոբանյանն ընդգծեց. 
 
«Ես իմ մասնագիտական փորձն ու գիտելիքներն օգտագործելու եմ պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու և ռեգիոների զարգացումը բովանդակային ուղղություններով տանելու համար: Դրանցից մեկը լինելու է տեխնոլոգիական ոլորտը, որտեղ ես ունեմ ամենաերկար փորձը, և երկրորդը լինելու է հենց էներգաէֆեկտիվության և ընդհանրապես արդյունավետության ուղղությունը, որտեղ ևս ես ունեմ բավականին երկար աշխատանքային փորձ»: 
 
Հ. Չոբանյանը նաև տեղեկացրեց, որ այսօրվանից ընտանիքով տեղափոխվում է Տավուշի մարզում բնակվելու: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play