Հայաստանի կանխարգելիչ նոր զենքը. անվտանգության նոր վեկտոր


Հայաստանի կանխարգելիչ նոր զենքը. անվտանգության նոր վեկտոր

  • 09-02-2019 13:54:02   | Հայաստան  |  Վերլուծություն

«Հանդիպման ընթացքում ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունն ապահովող նորագույն և ճշգրիտ զինատեսակներով համալրելու հետ կապված հարցեր», նշված է փետրվարի 8-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպման մասին Հայաստանի ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
 
Ինչ զինատեսակների մասին է խոսքը, հաղորդագրության մեջ մասնավորեցված չէ, սակայն արձանագրումը հատկանշական է ոչ միայն ռազմա-տեխնիկական, այլ նաեւ ռազմա-քաղաքական իմաստով:
 
Առանձնահատուկ ուշադրության է արժանի հայկական զինուժի «կանխարգելիչ գերակայություն» ձեւակերպումը, ինչը խոսում է որակապես այլ իրավիճակի մասին, եթե ոչ իբրեւ արդեն առկա իրականություն, ապա առնվազն հայ-ռուսական ռազմավարական հարաբերության օրակարգ, որ առաջ է քաշում հայկական կողմը:
 
Այդ օրակարգը որակապես փոխում է ոչ միայն երկկողմ հարաբերության բնույթը, այլ նաեւ ռազմա-քաղաքական հեռանկարը ռեգիոնում, կամ ռեգիոնալ անվտանգության համակարգի զարգացման միտումներն ու վեկտորը:
 
Հայկական զինված ուժերի կանխարգելիչ գերակայությունը ռեգիոնալ անվտանգության հիմնարար գործոն է, չձեւակերպված խաղաղության պայմաններում կայունության ու անվտանգության պահպանման առանցքային հանգամանք: Պատրա՞ստ է Ռուսաստանը հարաբերության այդ օրակարգին եւ դրա սպասարկմանը: Օրերս ստացված տեղեկությունն այն մասին, որ Հայաստանի զինուժը 2020 թվականին կհամալրվի ռուսական արտադրության Սու 30-ՍՄ բազմաֆունկցիոնալ նոր կործանիչներով, վկայում է, որ նոր օրակարգը համենայն դեպս գործողության մեջ է:
 
Ռուսական ռազմական փորձագետ Եվսեեւը կարծիք էր հայտնել, որ դրանք այն օդանավերն են, որոնք ի զորու են անկախ քանակական հարաբերակցությունից ապահովել ադրբեջանական ավիացիային որակական հակակշիռ:
 
Ինչ է «կանխարգելիչ գերակայության» օրակարգը հեռանկարում: Բանն այն է, որ հայկական զինված ուժերի կանխարգելիչ գերակայության կարողությունը խոշոր հաշվով կանխարգելիչ նշանակություն ունի նաեւ Ռուսաստանի համար: Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունում տանուլ է տվել ռեգիոնալ քաղաքականությունը Կովկասում: Իրավիճակը կարող է փրկել միայն Հայաստանի «կանխարգելիչ գերակայությունը», հայ-ռուսական հարաբերության օրակարգում ռազմա-քաղաքական այդ բնույթի գերակայությունը, որը Մոսկվային թույլ կտա նոր օրակարգ ձեւավորել նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունում, որտեղ հին օրակարգ այլեւս չկա՝ կա թուրքական գերակայություն:
 
Այդ ֆոնին, Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի բանակի օրվա միջոցառմանը Վաշինգտոնում հայտարարում է, որ առաջիկայում կժամանի Հայաստան հայ-ամերիկյան ռազմական գործակցության հեռանկարը քննարկելու համար: Սա ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի երեւանյան հայտնի հայտարարության փաստացի շարունակությունն է, երբ Բոլթոնը Հայաստանին առաջարկեց ամերիկյան սպառազինություն: Հայաստանում փորձագիտական շատ շրջանակներ շտապեցին Բոլթոնի առաջարկը դիտարկել հակառուսական համատեքստում: Գործնականում առաջարկը ուներ հակաթուրքական համատեքստ եւ աջակցություն էր Ռուսաստանին, փաստարկ Թուրքիայի եւ Ադրբեջանի, նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի համակարգային ճնշման դեմ: Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարությունն արեց ռեգիոնալ այցի շրջանակում, որը սկսել էր Մոսկվայից՝ Պուտինի հետ հանդիպումով:
 
Բոլթոնի հայտարարությամբ Նահանգները ակնարկում էր, որ Հայաստանը ռազմա-քաղաքական իմաստով անայլընտրանք չէ, ինչը փաստացի վերհաստատեց Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հայկական բանակի օրվա առիթով Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան կազմակերպած միջոցառմանը:
 
Այդ իրավիճակում Մոսկվայի համար Հայաստանի «կանխարգելիչ կարողությունների» ամրապնդմանն օժանդակությունն ու երկկողմ հարաբերության տրամաբանությունն այդ օրակարգի շուրջ կառուցելը անվանական առումով աջակցություն է Հայաստանին, ռազմա-քաղաքական համատեքստում՝ Հայաստանի միջոցով ռեգիոնալ անկումից դուրս գալու փորձ:
 
Մոսկվային տրվում է այդ հնարավորությունը համաշխարհային խաղի մասշտաբով: Ամբողջ հարցն այն է, թե ինչի՞ համար է այդ հնարավորությունն օգտագործելու Մոսկվան, անկումից դուրս գալով Կովկասում ռազմավարական ռեժիմում միջազգային անվտանգության համակարգի տրամաբանության մեջ մտնելո՞ւ, թե նոր մարտավարությամբ ժամանակ շահելու եւ ավելի շահեկան դիրքում հին ռազմավարության սպասարկմանը վերադառնալու համար: Բանն այն է, որ հին ռազմավարությամբ Ռուսաստանը չունի որեւէ այլ բան սպասարկելու հնարավորություն ու ռեսուրս, քան սպասարկել թյուրքական առաջխաղացումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play