Ահազանգ դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից Արմեն Ղազարյանին դիտավորությամբ երկար կալանքի տակ թողնելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ահազանգ դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից Արմեն Ղազարյանին դիտավորությամբ երկար կալանքի տակ թողնելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 11-02-2019 15:19:21   | Հայաստան  |  Իրավունք



 
Ենթադրյալ հանցագործության մեջ մեղադրվող Արմեն Ղազարյանը 6 տարի է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ այդ ընթացքում ձեռք բերելով բազմաթիվ հիվանդություններ. Իրավապաշտպաններն ահազանգում են դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից Արմեն Ղազարյանին դիտավորությամբ հնարավորինս երկար կալանքի տակ թողնելու մասին: 
 
Ինչպես փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց «Լրագրողները  Հանուն Մարդու իրավունքների»  ՀԿ փաստաբան Հայարփի Սարգսյանը, ենթադրյալ հանցագործությունը կատարվել է դեռևս 2000 թվականին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, սակայն քրեական գործ հարուցվել է դեպքից 13 տարի անց՝ 2013 թվականին, և Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակում կատարելու, առևանգման, ինչպես նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով: 
 
Ըստ փաստաբանի՝ որևէ բավարար ապացույց չկա նշյալ մեղադրանքը հաստատելու համար, ավելին՝ տուժող կողմից կա գրավոր վկայություն այն մասին, որ հանցագործները երկուսն են եղել՝ մեկը սլավոնական, մյուսը կովկասյան արտաքինով, սակայն դրանցից և ոչ մեկը Արմենը չէ: 
 
«Այսինքն՝ մենք նույնիսկ ունենք մեր պաշտպանյալին օգտակար ցուցմունք, որը հաշվի չի առնվում: Ինչն է զավեշտալի, որ վեց տարի շարունակ որևէ վկա, որևէ տուժող ՌԴ-ից ՀՀ դատարան մինչ օրս չի ներկայացել՝ չնայած դատարանի կողմից մի շարք ծանուցումների: Ստացվում է՝ դատական նիստը կայանում է մեղադրողի, դատավորի մասնակցությամբ, երբեմն նույնիսկ մեր պաշտպանյալը չի մասնակցում դրանց»,- ընդգծեց Հ. Սարգսյանը՝ հավելելով, որ այս գործով օրենքի և կոնվենցիաների բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: 
 
Փաստաբանի գնահատմամբ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում 6 տարի կալանքի տակ գտնվող Ա. Ղազարյանը դատապարտյալի կարգավիճակով ոչ միայն պատիժ է կրում, այլև ենթարկվում է խոշտանգումների: 
 
Հ. Սարգսյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց նաև 2009 թվականին հենց ՌԴ դատախազության կողմից կայացված որոշման վրա, ըստ որի՝ Ա. Ղազարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է՝ բավարար ապացույցներ չլինելու հիմքով, և որը հայաստանյան դատարանի կողմից դարձյալ հաշվի չի առնվում: 
 
«Հելսինկյան ասոցիացիայի» փաստաբան Արա Ղարագոզյանն իր հերթին նկատեց, որ վերնշյալ գործը ՌԴ-ից Հայաստանին փոխանցելուց հետո ուղարկվել է Ապարանի դատարան, որը վարույթ է ընդունել ու էլի հետ ուղարկել Երևան: 
 
«Հետաքրքիրն այն է, որ Ապարանի դատարնից գործը եկավ դատավոր Գագիկ Պողոսյանի մոտ, ով Ապարանի բնակիչ է եղել: Այստեղ մենք ենթատքստեր ենք տեսնում, թե ինչու գործը Մոսկվայից Ապարան ուղարկվեց, այնտեղից էլ ծնունդով ապարանցի Գագիկ Պողոսյանի մոտ Երևան»,- նշեց Ա. Ղարագոզյանը՝ հավելելով, որ իրենց կարծիքով՝ անձնական վրեժխնդրություն է տեղի ունենում: 
 
Նրա փոխանցմամբ՝ կալանավորման վեց տարիների ընթացքում Ա. Ղազարյանի հակընդդեմ հայցման իրավունքը չի ապահովվում, իսկ դատական նիստերն այնքան ժամանակ չեն եղել, մինչև որ փաստաբանները ստիպված են եղել միջնորդություններ ներկայացնել: 
 
Բանախոսները պնդեցին, որ դատավոր Գագիկ Պողոսյանը նշյալ քրեական գործի նկատմամբ չունի անաչառ վերաբերմունք և շահագրգռված է, որպեսզի Ա. Ղազարյանն անազատության մեջ մնա: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play