Երևանում ցուցադրվեց Արտակ Իգիթյանի «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երևանում ցուցադրվեց Արտակ Իգիթյանի «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-02-2019 11:56:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
Սույն թվականի փետրվարի 12-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» փոքր դահլիճում տեղի ունեցավ «Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպված էր հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: 
 
«Համերի ճանապարհ» փաստագրական-ճանաչողական ֆիլմը նկարահանվել է 2018 թվականին ռուսաստանաբնակ, ազգությամբ հայ ռեժիսոր, ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության և գիլդիայի անդամ Արտակ Իգիթյանի կողմից (ֆիլմոգրաֆիա՝ «Ձախլիկը»,«Կրակ, ջուր և ադամանդներ», «Վանա ծովուն արշալույսը», «Ժերար Դեպարդյո գինեգործը», «Ես հայ եմ», «20», որը պատմում է աշխարհի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի մասին, «Անատոլիական պատմություն», վերջին երկու ֆիլմերը նկարահանման փուլում են):
 
 «…երբ քեզ թվա, թե ամեն ինչ գիտես, դու՛րս արի մի նոր ճանապարհորդության…». այս խոսքերով է սկսվում ֆիլմը: 
 Ֆիլմի հերոսներն ամենատարբեր համերի հետքերով ճանապարհորդում են Հայաստանի մարզերի գյուղերով և քաղաքներով, Արցախի բնակավայրերով՝ բացահայտելով տարածաշրջաններից յուրաքանչյուրին բնորոշ հայկական ավանդական խոհանոցի ճանաչված ճաշատեսակների պատրաստման ու ներկայացման առանձնահատկությունները: Ֆիլմն, ըստ էության, Հայաստանի համերի քարտեզագրումն է:
 
Յուրաքանչյուր կադրում դիտողը կարող է տեսնել դարերից փոխանցված հայերին հատուկ հյուրասիրության ավանդույթներն ու մշակույթը: Ֆիլմում ներկայացված են ազգային խոհանոցի՝ հազարամյակներից մեզ հասած ճանաչված ուտեստները՝ ղափամա, հարիսա, խորվու, լոբաճաշ, ավելուկով ապուր, ժինգյալով հաց, փախլավա, գաթա:
 
Խոսելով ֆիլմի ստեղծման շարժառիթների մասին՝ ռեժիսոր Արտակ Իգիթյանն ասաց. «Միշտ ցանկացել եմ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել և ներկայացնել իրական Հայաստանն՝ իր բնության գույների ողջ շքեղությամբ, արևի լույսով և անմոռանալի համով-հոտով»: 
 
ֆիլմի ստեղծման հիմքում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ ազգային խոհանոցի ավանդական ուտեստների վերհանման, դրանց տարածման  և այսօրվա ճաշակին ու միտումներին համապատասխան մշակելու, արդիականացնելու քաղաքականությունն ու մոտեցումներն են: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր գործունեության առաջին իսկ  օրից նպատակ ունի ճանաչելի և մրցունակ դարձնել հայկական խոհանոցն աշխարհի տարբեր խոհանոցների կողքին՝ նպաստելով Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը: 
 
«Որպես ֆիլմի առանցքային հերոսներ՝ ես միանգամից տեսա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին և բրենդ-շեֆ Զորո Իսպիրյանին: Տեղյակ էի, որ իրենց ռեստորանների ճաշացանկերը ձևավորվել են հենց ՀՀ տարբեր տարածաշրջաններ այցերի, ուսումնասիրությունների արդյունքում. դա նրանց առաքելությունն է՝ պահպանել ու նորովի մատուցել հայկական ավանդական խոհանոցի ուտեստները: Այն, ինչ նկարելու էինք, ըստ էության, իրենց տարիների աշխատանքն էր», - ասաց  Արտակ Իգիթյանը:
 
ֆիլմում նկարահանման իր փորձի և տպավորությունների մասին պատմեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը.
 
«Դա ինձ համար նոր փորձ էր: Նկարահանումների ընթացքում հասկացա, թե որքան դժվարին աշխատանք է: Պատկերացրեք, որ ինձ համար ավելի հեշտ է մեր մեծ աշխատակազմը ղեկավարել, քան մասնակցել նկարահանումներին: Ֆիլմը լրացուցիչ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանն իր գեղեցկությամբ և ևս մեկ անգամ անդրադառնալու մեր ազգային խոհանոցին: Իսկ ամենակարևորն այն է, որ ֆիլմում իրական մարդիկ են՝ իրենց յուրահատուկ կենցաղով, ինքնատիպ մտածելակերպով, բացառիկ տաղանդով և ջերմ հյուրընկալությամբ, ովքեր իրենց խոհանոցներում պատրաստում և հյուրասիրում են այն ուտեստները, որոնցով տվյալ տարածաշրջանը հայտնի է: Շնորհակալ եմ Արտակ Իգիթյանին և նկարահանող խմբին այս արկածային ճանապարհորդության և անմոռանալի տպավորությունների համար»:
 
«Համերի ճանապարհ» փաստագրական ֆիլմի նկարահանումներն իրականացվել են 5 օրում  ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Գավառ քաղաքում, Սյունիքի՝ Գորիս, Տավուշի՝ Դիլիջան քաղաքներում, Արմավիրի՝ Մուսալեռ, Վայոց Ձորի՝ Սերս, Արագածոտնի՝ Ավան գյուղերում, Արցախի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում, Խաչմաչ գյուղում և ՀՀ մայրաքաղաք Երևանում:
 
Հայկական ազգային խոհանոցի բազմաթիվ վերականգնված ու մշակված բաղադրատոմսերով ճաշատեսակներ ներառված են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության  կազմում գտնվող «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցի,  «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երևան. գետափին» ռեստորանների (ավելի քան 60 ուտեստ) ճաշացանկերում: Հայկական ավանդական ուտեստների պատրաստման եղանակների վերհանումն ու նորովի մատուցումը «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունն իր առաքելությունն է համարում: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play