Ալիեւը ցիտել է Նժդեհին. Երեւանը կոնֆլիկտը մոտեցնում է Բաքվին


Ալիեւը ցիտել է Նժդեհին. Երեւանը կոնֆլիկտը մոտեցնում է Բաքվին

  • 14-02-2019 14:56:36   | Ադրբեջան  |  Վերլուծություն

Այսօր աշխարհում ուժի գործոնը դառնում է վճռորոշ, ուժն է ծնում իրավունք եւ Ադրբեջանը կանի ամեն ինչ՝ տարածքային ամբողջությունը վերականգնելու համար, փետրվարի 13-ին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտարարելով նաեւ, թե ունեն բանակցային ու ռազմական առավելություն:
 
Ադրբեջանի նախագահը Գարեգին Նժդեհի՞ն է ցիտում, որի ուժն է ծնում իրավունք արտահայտությունը Հայաստանում հիշատակվել է տարբեր առիթներով: Թե՞ դրա հեղինակային իրավունքը ամենեւին էլ Նժդեհինը չէ, այլ պարզապես համաշխարհային կյանքինը, որին շատ թե քիչ հետեւած լինելը բավական է արձանագրելու համար, որ աշխարհում միշտ է գերակշռել ուժի իրավունքը եւ այն հաստատվել է բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն կարողացել արձանագրել սեփական իրավունքն ու ուժ ստանալ դրանից:
 
Իրավու՞նքն է ուժ, թե՞ ուժն է իրավունք ծնում, կոնցեպտուալ վեճի նյութ է անշուշտ: Բայց, մյուս կողմից, հարցը գուցե այն է, թե ինչ է ընդհանրապես ուժը, որը տալիս է իրավունք: Այստեղ թերեւս՝ ուժի բնորոշումը տարբեր ժամանակաշրջաններում, համաշխարհային զարգացման տարբեր փուլերում ենթադրել է տարբեր բաղադրություն:
 
Ժամանակակից աշխարհում ուժը միայն ռազմական բաղադրիչը չէ: Մյուս կողմից, առանց ռազմական բաղադրիչի էլ ուժն ամբողջական չէ: Ըստ այդմ, ուժի իրավունքի հասնելու համար հանրություններին անհրաժեշտ է գիտակցել իրավունքի ուժը, որպես այդպիսին խնդիրը հասկանալու եւ ձեւակերպելու ու դրան ձգտելու համար: Այդ ճանապարհով է հնարավոր հասնել հանրային-պետական կյանքի անպիսի կազմակերպման, որի արդյունքը բերի այն ուժին, որի միջոցով էլ պետք է հաստատվի եղած իրավունքը:
 
Այստեղ է գուցե խնդրի առանցքային կողմերից մեկը՝ ուժը նոր իրավունք չի ծնում, այն հաստատում է եղածը եւ այս դեպքում «ծնել» ձեւակերպումը թերեւս պարունակում է որոշակի հարաբերականություն:
 
Խորքային առումով հարցն իհարկե փիլիսոփայական կամ ակադեմիական այլ վարիացիաներով բանավեճի կամ քննարկումների անհրաժեշտություն չէ, որ ունի, այլ Ադրբեջանի նախագահի հայտարարություններից որոշակի եւ կոնկրետ հետեւության:
 
Նախ, հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահը ռազմական եւ բանակցային առավելության եւ «ուժն է ծնում իրավունքի» մասին է խոսում Սիրիա Հայաստանի մարդասիրական առաքելության մեկնարկի, նաեւ արցախյան հարցում հայկական կողմի քաղաքականության հեղափոխական փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, ու Սոչիում Սիրիայի հարցում Ռուսաստան, Թուրքիա, Իրան եռակողմ Վեհաժողովի նախաշեմին:
 
Այդ համատեքստում էլ առանցքային է այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանն արել է Արցախի բանակցային կողմ լինելու առնչությամբ, դրան Բաքվի «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հակադիր հնարքին ի պատասխան, ասելով, թե արդյոք առանձին այդ համայնքի ներկայացումը չի վկայում, որ Ալիեւը չի ներկայացնում այդ «համայնքը»՝ Ադրբեջանի այդ քաղաքացիներին: Ըստ այդմ, արդյոք Ադրբեջանի նախագահը չի ներկայացնում այդ երկրի ազգային փոքրամասնություններին էլ:
 
Հայաստանն առաջին անգամ պաշտոնապես, ամենաբարձր մակարդակում դիպչում է Ադրբեջանի համար ցավոտ այդ խնդրին: Ու միեւնույն ժամանակ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ հայկական զինուժի մարդասիրական առաքելության մասնագետների ոտքը դիպչում է մերձավորարեւելյան հողին, որտեղ հայկական քաղաքակրթության ոտքը դիպչել է դեռեւս հազարամյակներ դարեր առաջ:
 
Իսկ այդ առաքելության շրջանակում Երեւանը գործակցում է Ռուսաստանի եւ Իրանի հետ, որոնք էլ իրենց հերթին ունեն Ադրբեջանի փոքրամասնություններին «դիպչելու» բավական նուրբ լծակներ:
 
Ադրբեջանի նախագահն այդ իրավիճակում անշուշտ կարող է հայտնվել շփոթմունքի մեջ եւ նույնիսկ Նժդեհ ցիտել: Որովհետեւ հարց է առաջանում՝ ի՞նչ կարող են պայմանավորված լինել հայերը ռեգիոնալ խաղաղության հարցում կոնսենսուս ունեցող ուժային կենտրոնների հետ՝ որի մասին օրերս հայտարարել էր ՌԴ արտգործնախարարը, որ Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով մատնացույց է անում Ադրբեջանի ցավոտ կետերը՝ Արցախից բավական հեռու եւ Բաքվին բավական մոտ:
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play