Երբ վերեւներից հրահանգ կար՝ «ԱՊՊԱ-ներին ու բանկերին չկպնել»


Երբ վերեւներից հրահանգ կար՝ «ԱՊՊԱ-ներին ու բանկերին չկպնել»

  • 14-02-2019 17:13:44   | Հայաստան  |  Իրավունք

2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 14.25-ի սահմաններում, Երեւանի Ազատություն պողոտայի թիվ 24 շենքի դիմաց կանգառի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, միմյանց են բախվել Դավիթ Ղուլյանի կողմից վարած «ԲՄՎ» մակնիշի 69 TD 666 հ/հ-ի, Մարտին Մադաթյանի կողմից վարած «Պեժո» մակնիշի Լ3080 հ/հ- ի, Արամ Քոչարյանցի կողմից վարած «Օպել» մակնիշի 34 QF 634 հ/հ-ի եւ Հայկ Գեւորգյանի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի 34 DS 806 հ/հ-ի ավտոմեքենաները: 
 
Վթարին նախորդած պահին «Սաքխաչ» ՍՊԸ- ին պատկանող Երեւանի ուղեւորատար թիվ 58 երթուղային գիծը սպասարկող «Հյունդաի» մակնիշի 08-28 S համարանիշի ուղեւորատար ավտոբուսի վարորդ Հովհաննես Մանուկյանը կայանել է Ազատության պողոտայի թիվ 24 շենքի դիմացի ընդհանուր օգտագործման կանգառում: Նստեցումից հետո միացրել է աջ թարթիչը եւ պատրաստվել է մուտք գործել երթեւեկելի մաս: Առաջ ընթանալով մոտ 5 կմ/ժ արագությամբ, դեռ երկրորդ գոտի մուտք չգործած, նկատել է 2-րդ երթեւեկելի գոտում իր դիմաց հայտնված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան: «ԲՄՎ»-ի վարորդն առաջ է անցել դեպի երրորդ երթեւեկելի գոտի, ինչից հետո իր դիմացը լրիվ ազատ է եղել, ուստի շարունակել է իր երթեւեկությունը: 30 սմ չափով մուտք է գործել 2-րդ երեւեկելի գոտի ու տեսել, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է իրենից 8-9 մետր հեռավորության վրա 2-րդ գոտում կանգնած «Պեժո» մակնիշի մեքենային: Կանգ է առել, քանի որ իր դիմացն արդեն փակվել էր, այնուհետեւ, մոտ 1 րոպե կանգնելուց հետո, շարժվել է առաջ, անցել իր բնականոն աշխատանքային ռիթմին: «ԲՄՎ» մակնիշի ավտոմոբիլին ընդհանրապես չի խոչընդոտել, վթարից հետո է մուտք գործել 2-րդ երթեւեկելի գոտի, չնայած այն բանին, որ ունեցել է երթեւեկության առավելություն: Նշված փաստերը եւ ելակետային իրավիճակները հաստատվել են կատարված փորձաքննության արդյունքներով եւ ՃՏՊ մասնակից վարորդների կողմից տրված բացատրություններով: 
 
Մասնավորապես, վթարին մասնակից «Պեժո» մակնիշի Լ3080 հ/հ ավտոմոբիլի վարորդ Մ. Մադաթյանն իր բացատրությամբ հաստատել է. «Ազատության պողոտայի 24 շենքի դիմացի հատվածում գտնվող կանգառում եղած մուգ կարմիր գույնի ավտոբուսից անցած է եղել 8-10 մետր եւ ավտոբուսի վարորդի մանեւրը չի տեսել» (մեջբերում որոշումից): 
 
Փորձաքննությանը տրամադրված թիվ 2-16064 նյութերին կից լազերային սկավառակում առկա տեսագրությունում պարզ է դարձել, որ. «ԲՄՎ» մակնիշի 69 TD 666 հ/հ ավտոմեքենայի առջեւից ընթացող «Պեժո» մակնիշի L 3080 հ/հ ավտոմեքենայի ետին լուսարձակների կարմիր լույսերը վառվում են, որից հետո «ԲՄՎ» մակնիշի 69 TD 666 հ/հ ավտոմեքենան որոշակի ձախ թեքությամբ ընթանալիս իր առջեւի հատվածով բախվում է «Պեժո» մակնիշի L 3080 հ/հ ավտոմեքենայի հետնամասին: Դրանից մի քանի վայրկյան անց կանգառից դուրս է գալիս «Հյունդաի» մակնիշի ավտոբուսը» (մեջբերում փորձագիտական եզրակացությունից): 
 
Գործում առկա բազմաթիվ նյութերից ակնհայտ է, որ տեղի ունեցած հիշյալ ՃՏՊ- ին «Հյունդաի» մակնիշի 08-28 S համարանիշի ուղեւորատար ավտոբուսի վարորդ Հովհաննես Մանուկյանը մասնակից չի եղել, դեպքից անմիջապես հետո նա անցել է իր առօրյա աշխատանքին, չի տեսել դեպքի ընթացքը ամբողջ ծավալով, դեպքից փախուստի չի դիմել, չի թաքնվել եւ որեւէ մեղավորություն չի կրում: Նա դեպքին ականատես է եղել այնքանով, որքանով կարող էր ականատես լինել այդ պահին տվյալ տեղամասում հայտնված ցանկացած այլ ավտոտրանսպորտային միջոցի վարորդ կամ քաղաքացի: 
 
Չնայած այս խոսուն փաստերին, 2018 թվականին, դեպքից երեք տարի անց, «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հայցադիմում է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ «Սաքխաչ» ՍՊԸ- ից 1 421 112 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին: Հայցվորը դատարանին հայտնել է, որ 08.12. 2015 թ. տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում «ՌԵՍՈ» ԱՓԲԸ- ն SE 407391 ԱՊՊԱ պայմանագրի հիման վրա տուժողին հատուցել է 1 421112 ՀՀ դրամ: Նշված պատահարով պատասխանողի կողմից խախտվել են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության մասին» ՀՀ օրենքի եւ/կամ ԱՊՊԱ պայմանների համապատասխան դրույթները՝ սահմանված կարգով չի հայտնվել պատահարի մասին, հետեւաբար «ՌԵՍՈ» ԱՓԲԸ- ն պատասխանողի նկատմամբ ունի նշված ՃՏՊ- ի գծով կատարված ապահովագրական հատուցման գումարի չափով հետադարձ պահանջի իրավունք, ուստի պահանջել է դատարանից պատասխանողից հօգուտ «ՌԵՍՈ» ԱՓԲԸ -ն բռնագանձել 1 421 112 ՀՀ դրամ: 
 
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության կողմից «Սաքխաչ» ՍՊԸ- ին որպես պատասխանող դարձնելը, մեղմ ասած, իրավական չէ եւ կրում է կամայական բնույթ՝ «կպավ՝ կպավ, ավելի գումար է, փոր չի ցավացնի» նշանաբանով: Նույն կերպ կարելի էր այդտեղ գտնվող մյուս տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ էլ սուբրոգացիայի պահանջ ներկայացնել, չէ՞ որ նրանք էլ էին տեսել ավտովթարը, ուստի պարտավոր էին հաշված րոպեների ընթացքում հայտնել ապահովադրին վթարի մասին: Մյուս կողմից՝ կարելի է ենթադրել, որ հայցվորը հույսը դրել է նախկինում սովորություն դարձած գործելակերպի վրա, երբ վերեւներից հրահանգ կար՝ «ԱՊՊԱ-ներին ու բանկերին չկպնել»: 
 
Ապահովագրական ընկերությունների նկատմամբ կա մեծ անվստահություն եւ ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Հարգելի ապահովադիր հայցվոր, մի փորձեք հատել ժողովրդի համբերության շեմը, չէ՞ որ դա վտանգավոր է առաջինը հենց ձեզ համար: Հիշեք նախկիններին, նրանց, ում հետ «կիսվում էիք» ու ձեր կանաչ ճանապարհն ապահովված է: Այդ ժամանակներն անվերադարձ անցան, հիմա հետներդ «կիսվող» չկա, ուրեմն բարի եղեք հարգել օրենքն ու մարդկանց: 
 
Պետք է լավ գիտակցել, որ իրավական դաշտում նման կամայական վարքագծով վտանգված է Իրավական մշակույթը, որում բացակայում է իրավական հիմնավորումը, փոխարենը գերակայում է գումար աշխատելու նպատակը:
 
Խաչատուր Մարոզյան
«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play