Եթե չկա իշխանությունների բաժանում՝ չկա Սահմանադրություն․ Անդրիաս Ղուկասյան


Եթե չկա իշխանությունների բաժանում՝ չկա Սահմանադրություն․ Անդրիաս Ղուկասյան

  • 19-02-2019 22:57:42   | Հայաստան  |  Կարեւորի մասին՝ համառոտ



«Իմ քայլ»-ը Սահմանադրական փոփոխություն կատարելու ռեսուրս չունի 
 
Քաղաքագիտական իմաստով եթե մենք օգտագործում ենք հեղափոխություն բառը, ինչ- որ գործընթաց նկարագրելու համար, ապա դրա հոմանիշն է նոր Սահմանադրություն։ Հեղափոխություն եւ Սահմանադրություն փոխկապակցված քաղաքական երեւույթներ են։ Եթե տեղի են ունենում ինչ-որ քաղաքական գործընթացներ, բայց երկրի սահմանադրական կարգը չի փոխվում, ապա այդ գործընթացները պետք է անվանել պետական հեղաշրջում, իշխանափոխություն, բայց ոչ հեղափոխություն․ բարեփոխումները վերաբերում են պետության կառավարման ոլորտին, բայց չեն փոխվում քաղաքական եւ սոցիալական հարաբերությունները հանրության խմբերի, սոցիալական խմբերի միջեւ, սահմանադրական կարգը եւ երկրի դրվածքը մնում են նույնը։ 
 
Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն եւ մարդիկ իսկապես այսօր հայտ են ներկայացնում, սոցիալական պահանջ կա արմատական բարեփոխումների։ Առաջ դա անվանում էին «համակարգափոխություն»։ Սահմանադրության փոփոխությունը անհրաժեշտություն է, որը տրամաբանորեն բխում է հեղափոխություն երեւույթից։ 
 
Իմ կարծիքով, «Իմ քայլ»-ը այսօր ռեսուրս չունի նման բարեփոխում իրականացնելու համար։ Պատճառն այն է, որ բավականին նեղ է եղել այդ դաշինքի շրջանակը եւ մեր քաղաքական դաշտի զգալի մասը մնացել է դուրս այդ դաշինքից։ Այսօր այդ դաշինքում կուտակված ինտելեկտուալ ռեսուրսը բավականին փոքր է, մասնագիտական խնդիր կա։ 
 
Եթե չկա իշխանությունների բաժանում՝ Սահմանադրություն չկա 
 
Այս նոր սահմանադրական փոփոխություններով, որը գործում է, հարկադրված է, որ լինի մեծամասնություն խորհրդարանում։ Եվ ընտրական համակարգի հետ համատեղ մենք ունենք մի հատ սուր իրավիճակ, այսօր խորհրդարանում արդյոք ճի՞շտ է ներկայացված հանրային սպետկտրը՝ կարծում եմ՝ ոչ․ կուսակցություններ, որոնք հավաքել են 5 տոկոս, 7 տոկոս, ստացել են 30 տոկոս ձայներ, ըստ բոնուսային համակարգի։ Այսինքն խորհրդարանում ներկայացված լինելը եւ հանրության այս կամ այն հատվածի ներկայացուցիչ լինելը չեն համապատասխանում։ Այս համակարգը նպաստում է մեկ կուսակցության գերիշխող դիրքի։ Եվս մեկ կարեւոր հարց․  2013 թվականին մենք բանավիճում էինք Սահմանադրական դատարանում եւ ես բերում էի այդ փաստարկը, որ երբ մեկ կուսակցությունը տնօրինում է երկու առաջնային մանդատ՝ եւ երկրի նախագահի մանդատը, եւ մեծամասնությունը խորհրդարանում, ինչպե՞ս է գործում այդ դեպքում իշխանությունների բաժանման սկզբունքը։ Այսօր ճշմարտությունը հետեւյալն է․ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների մեջ բաժանման սկզբունքը չի կարող գործել, որովհետեւ մեկ կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարմինը տնօրինում է եւ գործադիր իշխանության ղեկը, եւ օրենսդիր իշխանության ղեկը, եւ մեծամասնություն է խորհրդարանում։ Եթե մենք ունենք նման իրավիճակ, ուրեմն մենք կարող ենք ասել, որ Սահմանադրության մեջ կա հակասություն, որովհետեւ Սահմանադրության սկզբունքներից մեկը իշխանությունների բաժանումն է։ Եթե չկա իշխանությունների բաժանում՝ Սահմանադրություն չկա։  
 
Անընդունելի է, որ հարկային տիրույթում օրենսդրությունը փոխվի եռամսյակը մեկ, կամ կիսամյակը մեկ․․․

Կան երկրներ, որտեղ Սահմանադրության մեջ ֆիքսվում են նույնիսկ հարկերի չափը՝ Շվեյցարիայի Սահմանադրության մեջ ֆիքսվում է ԱԱՀ չափը, դա նշանակում է, որ այդ հարկը հնարավոր է փոխել միայն Սահմանադրությունը փոխելու ճանապարհով։ Հայաստանում ունենք ֆլեքսիբլ հարկային համակարգ․ մեր այսօրվա մոտ 1000  օրենքներից մեծամասնությունը ցածր որակ ունեն թե օրենսդրական, թե սահմանադրական տեսակետից, ինչը նույնպես կապված է իշխանության բաժանման սկզբունքի բացակայության հետ․ երբ կառավարությունը բերում է նախաձեռնություն օրենսդրական, խորհրդարանն ընդունում է, հաստատում է, եւ Սահմանադրությանը նույնիսկ հակասող իրավական նորմեր դառնում են երկրում օրենքներ, հետագայում մարդիկ պետք է դրա հետ առնչվեն, բողոքարկեն, անցնի այդ դատական պրոցեսը՝ ես անձամբ երկու անգամ Սահմանադրական դատարանում հաղթել եմ քեյսեր օրենքներ փոխելու հետ։ Բայց այնպիսի տիրույթում, ինչպիսին է հարկային օրենսդրությունը, անընդունելի է, որ օրենսդրությունը փոխվի եռամսյակը մեկ, կամ կիսամյակը մեկ։ 
 
Տեղական ինքնակառավարման համակարգը պետք է երաշխավորված լինի Սահմանադրությամբ

Մինչեւ երաշխավորված չլինի տեղական ինքնակառավարման համակարգը Սահմանադրությամբ, համայնքները լինելու են աղքատ, որովհետեւ այսօր տարածքներից հավաքված հարկերը գումարվում են Երեւանում, եւ մենք ունենք տարիներ շարունակ կայուն իրավիճակ․ Երեւանի բյուջեն բաժանած մեկ բնակչին ցուցանիշը 3-4, տեղեր կա՝ 5-6 անգամ ավելի մեծ է, քան այլ համայնքներում։ Որովհետեւ Սահմանադրությամբ պաշտպանված չեն համայնքների  տեղական ինքնակառավարման իրավունքները։ Տրված է տեղական ինքնակառավարման իրավունք, բայց որեւէ երաշխիք դա իրականացնելու համար չկա։ Տեղական ինքնակառավարումն ամբողջությամբ կախված է կենտրոնական կառավարությունից ստացվող փողերից՝ փողը հավաքում են, ուղարկում են Երեւան եւ նորից բաշխում են։ Պարզ չի՞, որ այդ համակարգը երկիրը բռունցքի մեջ պահելու քաղաքական մոդելը սպասարկելու համակարգ է։ Մարդիկ չպիտի բարի կամքից վարչապետի կամ կառավարության անդամների կախված լինեն։ Մարդիկ պիտի կարողանան իրենց համայնքնում ի վիճակի լինել ֆինանսավորում կատարել իրենց ռեսուրսներով։
 
 «Նոր Սահմանադրություն» նախաձեռնությունը մեկնարկել է
 
Այսօր մեկնարկում է «Նոր Սահմանադրություն» նախաձեռնության ընացքը։ Փորձում ենք ստեղծել բաց հարթակ, որտեղ հնարավորություն կունենան ներկայացված լինել բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերը, որոնք ցանկություն ունեն Մայր օրենքում առաջարկ անել եւ Մայր օրենքի նկատմամբ կարծիք, դիրքորոշում հայտնել։ Սա բաց սահմանադիր ժողով է։ 
 
 
Նոյյան տապան  -   Կարեւորի մասին՝ համառոտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play