Արթուր Վանեցյանի սենսացիոն հայտարարությունը Արցախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արթուր Վանեցյանի սենսացիոն հայտարարությունը Արցախում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 01-03-2019 16:26:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն



Վճռորոշ հաղորդագրություն
 
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանն Արցախում նախագահ Բակո Սահակյանի հետ զինվորական հրամանատարության մասնակցությամբ խորհրդակցությանը հայտարարել է Արցախի հարավային սահմանին Արաքսավանի կառուցման ծրագրի մասին եւ նշել, որ «այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք հղում մեր ողջ ժողովրդին եւ աշխարհին, որ ոչ մի թող հող տալու մտադրություն չունենք եւ ընդհակառակը՝ այդ հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը»:
 
Արթուր Վանեցյանի այդ հայտարարությունն առանց չափազանցության հնարավոր է գնահատել սենսացիոն, հաշվի առնելով ոչ միայն հայտարարության բովանդակությունը, այլեւ այն, որ այդ մասին հայտարարում է Ազգային անվտանգության ծառայության պետը:
 
Այդօրինակ «սենսացիա» ԱԱԾ-ն մատուցել է թերեւս մեկ էլ 2015 թվականին՝ իհարկե բոլորովին այլ առիթով, երբ ծառայության ղեկավարը Գորիկ Հակոբյանն էր, որը կառավարության նիստի ընթացքում, անսպասելի միջամտելով Նաիրիտի աշխատակիցների բողոքի վերաբերյալ էներգետիկայի նախարար Զախարյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի զրույցին, հայտարարեց, որ «ժողովուրդը չի հավատում կառավարությանը»:
 
Թեեւ այդ հայտարարությունն ու դրվագը բովանդակային առումով որեւէ աղերս չունի ԱԱԾ ներկայիս ղեկավարի Արցախում արած հայտարարությանը, սակայն խորքային իմաստով այն համարժեք սենսացիոն էր իմաստով, որ ԱԱԾ ղեկավարի մակարդակով հայտարարվում էր պետության վիճակի եւ ճակատագրի համար առանցքային, հիմնարար նշանակություն ունեցող մի բան՝ «ժողովուրդը չի հավատում կառավարությանը»: Երբ այդ բանը հայտարարում է ԱԱԾ ղեկավարը, դա արդեն պետության «ախտորոշում» է: Այդ իմաստով, հատկանշական էր այն շրջանը, երբ Գորիկ Հակոբյանը որոշեց «խախտել լռությունը»:
 
Իր վճռորոշությամբ էլ հենց համարժեք բացառիկ սենսացիոն է Արցախում Արթուր Վանեցյանի հայտարարությունը, այս դեպքում ոչ իբրեւ ախտորոշում, այլ ռեժիմ, որում գտնվում է կամ ուր տեղափոխվում է հայկական պետականությունը լայն իմաստով: Գործնականում, ԱԱԾ պետի հայտարարությունը շարունակությունն է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության, որ Հայաստանը պաշտպանական ռազմավարությունից անցում է կատարում հարձակողականի: Այդ հայտարարության լայն եւ խորքային համատեքստը շոշափել եմ Հայաստանի գլոբալ հարձակումը. խեղճության ու զոհի բարդույթի հաղթահարումը հոդվածում:
 
Դրան զուգահեռ, Արթուր Վանեցյանի Արցախ այցն ու հայտարարությունն ունեն նաեւ հաղորդագրային այլ հետաքրքիր համատեքստ: Դրանցից մեկին դեռեւս այցի մասին առաջին հաղորդագրությունից հետո անդրադարձել եմ Հետաքրքիր հաղորդագրություն Արցախից Իրան. Փաշինյանի այցին զուգահեռ հոդվածում, երբ դեռ հայտնի չէին ԱԱԾ պետի հայտարարության եւ Արաքսավանի բնակեցման մեծ ծրագրի մասին խորհրդակցության մանրամասներ:
 
Հաջորդիվ հայտնի դարձած մանրամասները գործնականում վերահաստատում են, որ փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետի Իրան այցին զուգահեռ Արցախի նախագահի եւ Հայաստանի ԱԱԾ պետի այցը Արցախի հարավային սահման, գործնականում իր մեջ կրում էր նաեւ կարեւոր հաղորդագրություն Իրանին՝ հայկական ռազմավարության առումով, ինչը հույժ կարեւոր է Իրանի համար, հաշվի առնելով այդ երկրի ռազմավարական շահերն ու մարտահրավերները եւ դրանց բացառիկ համադրելիությունը հայկական ռազմավարության ու շահերի հետ:
 
Արցախի հարավից հնչած այդ զուգահեռ ուղերձը գործնականում լրացնում է այն կարեւոր հայտարարությունները, որ Հայաստանի վարչապետն արեց Իրանում թե երկկողմ հանդիպումների, թե հայ համայնքի հետ շփումների ընթացքում:
 
Սրան զուգահեռ, կա իհարկե Արթուր Վանեցյանի այցի եւ հայտարարության մեկ այլ ուշագրավ համատեքստ, իհարկե շատ ավելի նեղ, սակայն դարձյալ որոշակիորեն կարեւոր, հաշվի առնելով նաեւ այն, որ Հայաստանի եւ Արցախի հանրությունների միջեւ անվստահություն, Հայաստանի նոր իշխանության հանդեպ Արցախի հանրության դավադրապաշտ կասկածներ առաջացնելուն միտված ջանքերը Հայաստանի նախկին իշխող համակարգի որոշակի շրջանակներ արդեն գործադրում են ընդհուպ ռուսական պոպագանդայի իրենց զինակիցների ներգրավումով, ինչպես Սոլովյովի աղմկահարույց հաղորդումը:
 
Եվ այդ իմաստով, ԱԱԾ պետի Արցախ այցն ու հայտարարությունը եւս ստանում է հույժ կարեւոր նշանակություն, դրանով իսկ էլ ավելի ընդգծելով այդ ջանքերի հնարավոր ստորությունն ու վտանգավորությունը, եւ ըստ այդմ գուցե արդեն դրանց ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական ճանապարհով հակազդելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով այն, որ այդ ջանքերը արդեն անցել են Հայաստանի սահմանն ու գործադրվում են ընդհուպ օտարերկրյա ներգործության տրամաբանությամբ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play