««Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցությունը մրցակցություն չէ, այլ հպարտություն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար», - ասում են փառատոնի մասնակիցները


««Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնին մասնակցությունը մրցակցություն չէ, այլ հպարտություն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար», - ասում են փառատոնի մասնակիցները

  • 27-07-2010 10:20:09   | Հայաստան  |  Մշակույթ
Չափազանց հագեցած էր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր»-ի հուլիսի 26-ի ծրագիրը: Նույն օրը եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում եւ Հայաստանի երկու մարզերում անցկացվեցին համերգներ եւ թատերական ներկայացումներ: Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Լիբանանի Համազգայինի «Գայանե» եւ Երեւանի «Ամբերդ» պարախմբերի համերգը, Պատանի հանդիսատեսի թատրոնում` Իրանի հայ մշակութային «Արարատ» միության «Արամայիս Աղամալյանի» անվան թատերախմբի, իսկ Վանաձորում` Արցախի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացումները: “Բարեկամության համերգ-հանդիպումներ” անցկացվեցին Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Երեւանի Նոր Նորք համայնքում, Եղեգնաձորում եւ Ստեփանակետրում: Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած կամերային-դասական երաժշտության համերգին, մասնավորապես, մասնակցեցին Հայաստանի Հանրապետության երիտասարդական նվագախումբը, Թբիլիսիից (Վրաստան) ժամանած Ռեգինա եւ Քրիստինա Մեհրաբովաները, Մոսկվայից (Ռուսաստանի Դաշնություն) ժամանած Ալեքսեյ Ֆյոդորով-Խաչատրյանը, Լոս Անջելեսից (Կալիֆոռնիա, ԱՄՆ) Հովիկ Քեոշկերյանը եւ այլոք: Մինչ իրենց ելույթները երաժիշտները շատ էին հուզված, սակայն ինչպես լրագրողների հետ զրույցում խոստովանեց Ռեգինա Մեհրաբովան, դահլիճից եկող ջերմությունն իրեն շատ օգնեց ելույթի ժամանակ: Հանդիսատեսը շատ տպավորված էր սփյուռքահայ կատարողների վարպետությամբ եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների նման խորը ընկալմամբ: Հատկապես մեծ տպավորություն էր ստացել հանդիսատեսը Սփյուռքի ժամանած հայ երեխաների ելույթներով: Եղան նաեւ առաջարկներ մրցանակներով ոգեւորել լավագույն կատարողներին: «Հայաստան-Սփուռք-Արցախ մշակութային միասնականությանը նպաստող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը կայացած իրողություն է», - Երեւանի Գ.Սունդուկյանի անվան մայր թատրոնի բեմում հուլիսի 26-ին տեղի ունեցած Համազգայինի Լիբանանի «Գայանե» պարային խմբի համերգի ավարտին իր ողջույնի խոսքում նշեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը։ Նա նկատեց, որ այսօր հայ ինքնության պահպանման գործում անգնահատելի է հայկական պարարվեստի դերը, որն առավել մեծ ընդգրկում ունի Սփյուռքում, այն ազգային մշակույթի ամենազանգվածային, ամենակենսունակ, ամենաներկայացուցչական ուղղություններից մեկն է։ «Մենք հարուստ մշակութային ժառանգություն ունեցող ազգ ենք, բայց շատ քիչ է լինել այդ մշակութային ժառանգության հետնորդը. մեզ համար շատ ավելի կարեւոր է, որ հակական սերունդը լինի այդ մշակույթի կրողը։ Այսօր մենք բոլորս միասին երջանկությամբ փաստում ենք, որ այս սերունդը ոչ միայն այդ ժառանգության տերն է, այլեւ այդ ժառանգության կրողը։ Այն ազգը, որ ունի այսպիսի հիշողություն, այսպիսի մշակույթ եւ այսպիսի համախմբվածություն, նրա բոլոր իղձերը իրականանալի են»,- ասաց Թ.Պողոսյանը։ Նա գոհունակություն հայտնեց Համազգայինի ակտիվ մասնակցության կապակցությամբ եւ ցանկություն հայտնեց, որ բոլոր համահայկական կազմակերպությունները նույնպիսի ջանքեր գործադրեն հայ մշակույթը ներկայանալի դարձնելու ուղղությամբ։ Համերգին ներկա «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեծապես կարեւորեց համահայկական մշակութային այս փառատոնի շարունակական լինելը. Ըստ նրա, «այն պետք է մշտապես անցկացվի, որ մենք կարողանանք միշտ ապացուցել, թե որքան հարուստ է մեր մշակույթը, հատկապես պարարվեստը»։ Ռ. Յիրիկյանի գնահատմամբ, մանուկների, պատանիների, երիտասարդների կողմից ներկայացվող պարարվեստը արթնացնում է ազգային պատկանելության, ազգային ինքնության զգացումները, իսկ «մենք անպայման, ով որքան կարող է, որքան հնարավորություն ունի, պետք է աջակցի, օգնի, օժանդակի, կողքը կանգնի այսպիսի փառատոների, այսպիսի պարախմբերի, որեւիցե քայլի, որն ավելի է բարձրացնում մեր ազգային մշակույթը»,- ասաց Ռ.Յիրիկյանը։ «Ազդակ» լիբանանյան թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանի վբնորոշմամբ, 4-րդ համահայկական մշակութային փառատոնը բավականին ճանապարհ է անցել։ «Կարեւոր է բարձրորակ կատարողական արվեստ ներկայացնելը, սակայն առավել գնահատելի է դրա խորհուրդը՝ այն հրաշալի առիթ է մշակութային ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցության համար»,- ասաց նա։ Սփյուռքից մշակութային խմբերի ժամանումը Հայրենիք, Հայաստանի եւ Սփյուռքի երեխաների, երիտասարդների միջեւ շփումները նպաստում են հայկական արվեստը զարգացնելուն, ոչ միայն հայկական ժառանգությանը տեր կանգնելուն, այլեւ նոր մշակույթ եւ նոր ժառանգություն ստեղծելուն եւ այդ գործը միասնաբար կատարելուն։ Համազգայինի Լիբանանի «Գայանե» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը հայտնեց, որ «Գայանե» պարի դպրոցը ստեղծվել է 1989թ.: Ինքը՝ Անդրանիկ Գրիգորյանը, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է 4 տարի առաջ։ Դպրոցն ունի 340 աշակերտ՝ 12 դասարաններով, ովքեր օտար երկրում հեռու տեղերից գալիս են եւ մասնակցում են բոլոր փորձերին։ Հայաստան ժամանած պարային դպրոցի 35 սաների վկայությամբ, իրենց համար ավելի հոգեհարազատ է հայաստանյան բեմում հանդես գալը։ «Շատ տարբեր զգացինք, որովհետեւ մենք մեր ճիշտ տեղն ենք, մեր տեղը հոս է, մենք հոս պետք է պարենք»,- ասաց պարախմբի անդամ երեխաներից մեկը, «Ճիշտ է, որ մենք Սփյուռքի մեջ ենք ապրում, բայց մենք հայ ենք, մենք այստեղ ենք եկել ցույց տալու, որ ուրիշ երկրի մեջ էլ կա Հայաստան, փոքր Հայաստան»,- ասաց մյուս լիբանանահայ երեխան: «Մենք մեր Հայրենիքի մեջ ավելի լավ, ավելի ճոխ կպարենք»,- ավելացրեց պարային խմբի մյուս անդամը։ Ըստ Ա.Գրիգորյանի, մասնակցությունը փառատոնին շատ մեծ պատիվ է դպրոցի համար. շփումը տարբեր երկրներից ժամանած հայոդրենրին միջեւ նպաստում է հայկական ոգով լիցքավորվելուն, փորձի եւ գիտելիքների փոխանակմանը։ Փառատոնին մասնակցող «Գայանե» պարային խմբի 35 պարողները Լիբանան վերադառնալով այս տրամադրությունը կփոխանցեն դպրոցի 340 սաներին։ Ըստ պարուսույցի, մասնակցությունը մրցակցություն չէ, այլ հպարտություն է, միջոց տարբեր երկրներից հայերի համախմբման համար։ Ինչ առաջարկներ ունեք հաջորդ փառատոնին անելու հարցին ի պատասխան Ա.Գրիգորյանը նշեց, որ կազմակերպիչները շատ ճոխ ծրագիր են կազմել, «միայն շատ կուզենայի, որ տարածվեր այս հաճելի մթնոլորտը տարբեր երկրներում»։ «Մեկ ազգ. մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը կարեւորեց փառատոնային մթնոլորտը, ընդհանուր ոգեւորությունը, ինչպես նաեւ այն, որ միջոցառումները անցնում են, ոչ միայն դահլիճներում, այլեւ Երեւանի բոլոր համայնքներում։ Թ.Պողոսյանը գոհունակություն հայտնեց նաեւ փառատոնի նորամուծությունների՝ Հայաստանը՝ Սփյուռքին եւ Սփյուռքը՝ Հայաստանին համերգային ծրագրերի անցկացման կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» նախագիծը կարող է եւ պետք է լինի միայն Հայաստանում, ինչը փառատոնի ամենակարեւոր առանձնահատկություններից մեկն է՝ «մենք հյուրընկալում ենք մեր հայրենակիցներին, այն, ինչ տեսնում եք Հայրենիքում, չեք տեսնի ոչ մի երկրում»,- ասաց Թ.Պողոսյանը։ Մինչ փառատոնի փակումը մնացել է երկու օր՝ հուլիսի 29-ին Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային 4-րդ փառատոնի «Կատարողական արվեստի օրեր»-ի փակման հանդիսությունը, իսկ մինչ այդ՝ հուլիսի 27-ին եւ 28-ին փառատոնի մասնակիցները Երեւանում եւ մարզերում կշարունակեն իրենց “Բարեկամության համերգ-հանդիպումները»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play