32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն


32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն

  • 12-03-2019 16:44:59   | Սյունիքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 32-ամյա կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն:
 
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2019թ․ մարտի 7-ին՝ ժամը 15։15-ին, «Սիսիանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 14։25-ին, «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքեր, գանգի ներմղված կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Սիսիան քաղաքի բնակչուհի՝ ծնված 1986 թվականին։
 
 
Փաստի առթիվ 2019թ․ մարտի 7-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 32-ամյա կինը ճանաչվել է տուժող:
 
Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժած կնոջ նախկին ամուսինը՝ Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1971 թվականին:
 
Նախաքննությամբ պարզվել է, որ կինը վնասվածքներն ստացել է նախկին ամուսնու հետ անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ:
 
Մասնավորապես՝ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2019թ. մարտի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Սիսիան քաղաքում գործող ՍՊ ընկերության աշխատասենյակում 47-ամյա տղամարդը ձեռքին եղած մետաղական անկյունակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ գլխի եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով «գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցումի, գլխի շրջանի բազմաթիվ կտրած, պատռած, ստորին ծնոտի կտրած, աջ դաստակի 5-րդ մատի պատռած վերքերի ձեւով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ»:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական եւ դատաքիմիական փորձաքննություններ:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 2019թ. մարտի 10-ին 47-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play