Եղիազարյանների ընտանիքին վտանգ է սպառնում. Անչափահաս երեխաներն հոգեբանի աջակցության կարիք ունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Եղիազարյանների ընտանիքին վտանգ է սպառնում. Անչափահաս երեխաներն հոգեբանի աջակցության կարիք ունեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-03-2019 21:46:31   | Հայաստան  |  Իրավունք



 
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Եղիազարյանների ընտանիքին վտանգ է սպառնում. Անչափահաս երեխաներն հոգեբանի աջակցության կարիք ունեն: 
 
Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Այսեր Իսայանը: 
 
Ըստ նրա՝ նույն համայնքի 51-ամյա բնակիչը (անունը չցանկացավ նշել), ով ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և այժմ Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում բուժում է ստանում, կարող է բուժման ավարտից հետո վերադառնալ Եղիազարյանների ընտանիք՝ այդպիսով վտանգ ներկայացնելով թե ընտանիքի անդամների, թե շրջապատի համար: 
 
«Տվյալ անձը բավականին 25 տարի է՝ տառապում է ցնորազառանցանքային համախտանիշով: Նա հանդիսանում է Եղիազարյանների ընտանիքի հանգուցյալ ամուսնու եղբայրը, նշեմ նաև, որ ընտանիքն ամուսնու կողմից այլ հարազատներ չունի, միակ քույրը բացակայում է ՀՀ-ից և չի հետաքրքրվում եղբոր առողջական խնդիրներով»,- ընդգծեց Ա. Իսայանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ վերոնշյալ անձը Եղիազարյանների ընտանիքի անչափահաս երկու երեխաների ներկայությամբ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին ծեծել է ընտանիքի մորը՝ հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հարուցվել է քրեական գործ, սակայն անձին տեղափոխել են հոգեբուժարան: Ի դեպ՝ նա առաջին անգամը չէ, որ գտնվել է այնտեղ: 
 
Ա. Իսայանը նաև տեղեկացրեց, որ հոգեկան առողջություն ունեցող նշյալ անձը շատ լավ տիրապետում է դեղորայքի մի ցանկի, որի օգնությամբ կարողանում է հոգեբուժարանից դուրս գալուց հետո ինքնամաքրել օրգանիզմը հոգեբուժարանում ստացած դեղորայքից և վերադառնալ ակտիվ հոգեկան ագրեսիվ վիճակի: 
 
Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի սոցիալական աշխատող Ռուզաննա Զոհրաբյանն իր հերթին նշեց, որ երեկ է հանդիպել հոգեկան խնդիրներ ունեցող նշյալ անձի հետ: 
 
«Հիվանդն ընդունվել է հոգեբուժարան, այսօր նրա այնտեղ գտնվելու 23-րդ օրն է, ընդունվել է սուր վիճակում: Ասեմ, որ պացիենտը բավականին հանգիստ վիճակում էր և ադեկվատորեն պատասխանում էր ինձ հետաքրքրող բոլոր հարցերին: Նա ունի բարձրագույն կրթություն, ամուսնացած չէ: որպես կոնֆլիկտի հիմնական պատճառ՝ նա նշեց, որ քաղաք Արմավիրում ունեցել են հայրական բնակարան, որը ժառանգել են ինքը, հանգուցյալ եղբայրը և քույրը, սակայն բնակարանը վաճառվել է առանց իր համաձայնության և ստորագրության: Ինքը նշեց, որ հարսի հետ պարբերաբար կոնֆլիկտներ չի ունցել, անգամ այստեղ գտնվելու ընթացքում խնդրել է, որ հարսը տնօրինի իր թոշակը մինչև դուրս կգրվի: Բաժնի վարիչը նրա վիճակը գնահատում է դրական և կարող է մոտ օրերս դուրս գրել, սակայն քանի որ նա որևէ հասցեում հաշվառում չունի, մնում է դիմել իրավապահներին, որպեսզի հետամուտ լինեն այդ քաղաքացիական գործին»,- մանրամասնեց Ռ. Զոհրաբյանը: 
 
Նրա խոսքերով՝ նմանատիպ դեպքեր հաճախ են հանդիպում, և որպեսզի չոտնահարվի նման անձանց իրավունքները, նրանց պատկանող գույքը չխլվի, ավելին՝ նրանք կարողանան վերադառնալ և ինտեգրվել հասարակությանը, պետք է ընդհանուր ելք գտնել:  
 
ԱՅԳ հոգեբանական կենտրոնի հոգեբան, փորձագետ Արշակ Գասպարյանն անդրադառնալով կոնկրետ դեպքին՝ ընդգծեց, որ խնդրի ցանկացած լուծման դեպքում պետք է պահպանվի թե հիվանդի, թե ընտանիքի անդամների ու հատկապես անչափահաս երեխաների իրավունքները: 
 
Նրա գնահատմամբ՝ երեխաների համար լավագույն տարբերակը չէ, երբ նրանք ապրում են մի միջավայրում, որտեղ անընդհատ վտանգ կա: 
 
«Պարոն Իսայանի խոսքից ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ ունենք իր վարքը հաճախ չկառավարող անձ, որի չկառավարվող վարքը կարող է լինել և բազմաթիվ անգամներ եղել է վտանգավոր միջավայրի համար»,- նշեց փորձագետը՝ հավելելով, որ ընդհանրապես բնակության վայր չունեցողների խնդիրները Հայաստանում ծայրաստիճան են: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play