Վերջին տարիներին Հայաստանի քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ<br />


Վերջին տարիներին Հայաստանի քրեակատարողական համակարգում նկատվում է ազատազրկվածների քանակի կտրուկ աճ

  • 26-07-2010 17:34:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանում ազատազրկվածների թիվը աճել է ավելի քան 20%-ով, եւ քրեակատարողական հիմնարկները չափազանց գերբնակեցված են: Այս մասին նշվում է Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունում: Մասնավորապես, ըստ հայտարարության, քրեակատարողական համակարգում 2010թ.-ի հուլիսի 1 դրությամբ առավելագույնը նախատեսված 4396 ազատազրկվածի փոխարեն պահվում էին 4850 մարդ: Օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 հոգու համար նախատեսված խցում պահվում են երկու անգամ ավելի` հաճախ նաեւ մինչեւ 20 ազատազրկվածներ: Մահճակալների քանակը չի բավարարում, ինչի պատճառով նրանք քնում են հերթով` մի մասը` գիշերը, մյուսը` ցերեկը: Յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին է հասնում 2 քմ-ից պակաս տարածք, մինչդեռ համաձայն ՀՀ օրենսդրության, ինչպես նաեւ միջազգային չափանիշների պետք է հատկացվի առնվազն 4 քմ տարածք: Նշվում է, որ գերբնակեցումը առաջացնում է առողջահոգեբանական խնդիրներ, թթվածնային քաղց, առողջության վատթարացում, հոգեկան լարվածություն: Իսկ նման պայմանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից որակվում են որպես դաժան կամ անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, առանձին դեպքերում նաեւ խոշտանգում: Գերբնակեցման հիմքում, ինչպես նշում են հայտարարության հեղինակները, ընկած են հետեւյալ պատճառները` հանցագործությունների թվի աճը, դատարանների կողմից «կալանավորում» խափանման միջոցի չափազանց լայն կիրառումը: Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ եւ Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին դաշնագրի 9-րդ հոդվածները մեկնաբանելիս (անձնական ազատության իրավունք) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ Մարդու իրավունքների կոմիտեն նշել են, որ «կալանավորում» խափանման միջոցը համարվում է ամենախիստ խափանման միջոցը եւ կարող է կիրառվել միայն որպես ծայրահեղ միջոց, այն դեպքում երբ այլ խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը եւ արդարադատության իրականացման բնականոն ընթացքը: «Այլ պատճառներից կարելի է նշել նաեւ այլընտրանքային պատիժների ոչ բավարար կիրառումը, ինչպես նաեւ վաղաժամկետ ազատման սակավ կիրառումը: 2009թ.-ի տվյալների համաձայն, վաղաժամկետ ազատվել են այդպիսի հնարավորություն ունեցող դատապարտյալների 14%-ը, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան մշակված համապատասխան չափորոշիչներ, որոնց հիման վրա վաղաժամկետ ազատման հանձնաժողովները կարող են որոշումներ ընդունել: Բացի այդ, պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովների անդամները, ներկայացնելով գերատեսչություններ, այդ թվում նաեւ ուժային, առաջնորդվում են գերատեսչական շահով եւ սուբյեկտիվ գործոններով: Մարդու իրավունքների զանգվածային խախտումները քրեակատարողական հիմնարկներում դադարեցնելու նպատակով` գտնում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համաներում»,- ասվում է հայտարարությունում: Հայտնելով խորը մտահոգություն ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում իրավասու մարմիններին միջոցներ ձեռնարկել քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդրի լուծման ուղղությամբ, «կալանավորում» խափանման միջոցը կիրառել ծայրահեղ դեպքերում, ընդլայնել այլընտրանքային պատիժների կիրառման պրակտիկան: Նրանք նաեւ կոչ ենք անում ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային Ժողովին, ՀՀ արդարադատության նախարարությանը բարեփոխել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, ընդունել համաներման որոշում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play