Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն անդրադարձել է բանակցային գործընթացի ներկայիս փուլին, մի կողմից հարցադրումներ անելով Փաշինյանին, թե մասնավորապես ինչպես է պատրաստվում լուծել առաջացած ճգնաժամը ձեւաչափի ու մեթոդաբանության հարցում, մյուս կողմից առաջարկներ անելով:
Իր հերթին, Օրբելի հետազոտական կենտրոնի շնորհանդեսին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կրկին առաջարկել է գոնե Ղարաբաղի հարցում միասնություն դրսեւորել, որպեսզի բանակցությունների տապալման դեպքում մեղքը չընկնի Հայաստանի վրա:
Կոնգրեսն ու ՀՀԿ-ն ներկայանում են իբրեւ Ղարաբաղյան խնդրի միակ գիտակներ՝ բնականաբար միակ ճշմարտության դիրքերից, այդպիսով նաեւ փորձելով կարեւորել ու հիմնավորել իրենց պահանջվածությունը քաղաքական գործընթացներում:
Միեւնույն ժամանակ, այսպես կոչված կարգավորման գործընթացում ներկայիս բարդ իրավիճակը, կամ Լեւոն Զուրաբյանի ասած «ճգնաժամն» ընդամենն արդյունք է երկու տասնամյակից ավելի ՀԱԿ-ի ու ՀՀԿ-ի հերթափոխային քաղաքականության: Տեր-Պետրոսյանի իշխանությունը ԱՊՀ կազմավորման փաստաթղթերում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ հետագայում բանակցային գործընթացը լիովին տեղավորվեց Ադրբեջանի իրավունքների շրջանակում:
Փոխարենն, այս ամենը ներկայացվում էր որպես հանճարեղ դիվանագիտություն եւ քաղաքականություն: Այդ հանճարեղության արդյունքը ապրիլյան պատերազմն էր, որն աղետի չվերածվեց միայն բանակի շնորհիվ: Այդ օրերին քաղաքական իշխանության պահվածքն ամեն ինչ արժեր:
Սակայն այստեղ կարեւոր է ոչ միայն բուն քաղաքականությունը, այլեւ այն կենսափիլիսոփայությունը, որի կրողներն են այս երկու ուժերը: Այդ կենսափիլիսոփայության իմաստը Ալիեւին, համանախագահներին, ամբողջ աշխարհին չնեղացնելն է, ընդամենը:
Այդպես իրավո՞ւնք են պաշտպանում: Ո՞վ է աշխարհում հարգում նրանց, ովքեր չեն պաշտպանում իրենց իրավունքները: Ո՞վ է գլուխն ու ոտքերը վերմակի չափ մեկնելով ինչ որ բանի հասել, կորուստներից բացի:
Եվ հատկանշական է, որ ներկայում, երբ փորձ է արվում փոխել այսպես կոչված կարգավորման գործընթացի տրամաբանությունը եւ բարձրացնել հայկական շահերի խնդիրը, նրանք խիստ «մտահոգության» մեջ են հայտնվել:
Ղարաբաղի խնդիր չկա, կա սեփական իրավունքները պաշտպանելու եւ դրանք ճանաչել տալու խնդիր: Եվ կա Արաքսի հովիտն առաջնահերթ վերաբնակեցնելու խնդիր, որը կտրուկ կբարձրացնի Հայաստանի քաղաքական ու տնտեսական կշիռը: Կարո՞ղ ենք լուծել այս խնդիրները: