Ալիեւը չդիմացավ. Հայկական կողմը կանգ չի առնելու


Ալիեւը չդիմացավ. Հայկական կողմը կանգ չի առնելու

  • 01-04-2019 16:30:06   | Հայաստան  |  Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանն ու Ալիեւը Վիեննայում հանդիպումից հետո պատմել են զրույցի որոշ մանրամասներ, հանդիպման վերաբերյալ հայտարարություն են տարածել Մինսկի խմբի համանախագահները:
 
Նիկոլ Փաշինյանը Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է, որ դրական է գնահատում Ալիևի հետ հանդիպումը: «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում», ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Ալիեւը ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ բանակցային գործընթացը պետք է ուղեկցվի մարդասիրական ակցիաներով: Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի միջև են, ինչպես երկար տարիներ եղել են: Բանակցային գործընթացին նոր խթան է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 9-ի հայտարարությունը, որում նշված է, որ բանակցային ձևաչափի փոփոխությունը կարող է տեղի ունենալ միայն երկու կողմերի համաձայնությամբ, ասել է Ալիևը:
 
Ալիևը բանակցությունները գնահատել է կառուցողական ու դրական: «Մենք քննարկել ենք մարդկանց միջև շփումների շրջանակում վստահության միջոցների ամրապնդման հետ կապված հարցեր: Նախկինում կապեր եղել են հասարակության ներկայացուցիչների միջև: Այսինքն, այդ մասին [մարդասիրական միջոցառումների] մասին խոսելը վաղ է:
 
Իր հերթին, Մինսկի խմբի տարածած հայտարարությունում նշված է, որ հանդիպումն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություններ է ստեղծել երկու ղեկավարների համար՝ պարզաբանելու իրենց դիրքորոշումները: Նրանք տեսակետներ են փոխանակել կարգավորման գործընթացի մի շարք առանցքային խնդիրների և գաղափարների բովանդակության մասին:
 
Երկու առաջնորդներն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու բանակցային գործընթացքում որոշակի ու շոշափելի քայլեր ձեռնարկելու կարևորությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար:
 
Հիշատակելով Դուշանբեում իրենց զրույցը՝ երկու առաջնորդները հանձնառություն են հայտնել ամրապնդելու հրադադարը և բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը: Նրանք նաև համաձայնվել են մի շարք մարդասիրական միջոցառումներ իրականացնել, ասվում է հայտարարության մեջ:
 
Դատելով այս տեքստերից, բովանդակությունը գրեթե նույնն է: Տեղեկություններ չկան, թե արդյոք քննարկվել են Արցախը բանակցության սեղան վերադառնալու, հակամարտության կարգավորման կետերի ու տարրերի վերաբերյալ մեկնաբանությունները հստակեցնելու եւ այլ հարցեր, որոնք ավելի վաղ բարձրացրել էր Նիկոլ Փաշինյանը: Թեեւ, հայ համայնքի հետ հանդիպմանը նրա հայտարարություններից ենթադրվում է, որ այդ մասին խոսվել է Ալիեւի հետ հանդիպմանը:
 
Հայաստանի նոր կառավարությունը Արցախի կարգավորման հարցում հանդես է եկել նոր մոտեցումներով, ինչը նկատելի շփոթմունք էր առաջացրել Բաքվում: Մինսկի խմբի համանախագահները մարտի 9-ի հայտարարության մեջ, որին հղում է անում Ալիեւը, նույնպես փաստացի առարկել էին Երեւանի առաջարկներին: Իրականության մեջ, Հայաստանը ոչ թե փոխում է բանակցության ձեւաչափը, այլ փորձում է վերականգնել այն ձեւաչափը, որն արձանագրված է հենց Մինսկի խմբի փաստաթղթերում:
 
Խնդիրն այն է, որ թե Բաքուն, թե Մինսկի խմբի համանախագահները Երեւանի նոր առաջարկների պայմաններում դուրս են դրվում իրենց համար հարմարավետ իրավիճակից: Բայց եթե Բաքվի դեպքում ամեն ինչ հասկանալի է, ապա համանախագահների պարագայում կա խնդիր, քանի որ Մինսկի խմբի փաստաթղթերում Արցախը նշված է որպես բանակցային լիարժեք կողմ, եւ կարող է ստացվել, որ այդ խումբը դեմ է գնում ինքն իրեն: Սա բավական զորեղ փաստարկ է հայկական կողմի համար:
 
Վիեննայում Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ հանդիպումը գնահատում է դրական ու հույս ունի, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի: «Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն», ասել է նա: Ըստ ամենայնի, այդ մասին խոսք է գնացել հանդիպման ժամանակ: Բայց հանդիպումից հետո ռուսական գործակալությանը տված հարցազրույցում Ալիեւը չդիմացավ հայկական մեծահոգությանը եւ փորձեց հանդիպումը ներկայացնել որպես իր հաղթանակ, որպես փաստարկ բերելով, որ բանակցությունը տեղի է ունենում առանց Արցախի:
 
Իրականության մեջ Ալիեւի համար բարդ իրավիճակ է, որն առաջացել էր մինչեւ Վիեննայի հանդիպումը, երբ հայկական կողմը հայտարարեց նոր մոտեցումների ու մարդասիրական բաղադրիչի մասին: Բաքուն կորցրել է իր բոլոր նախկին առավելությունները, այդ թվում «պատերազմի իրավունքը», որը հիմնված էր մի կողմից արտաքին, մյուս կողմից՝ հայկական կողմի «երաշխիքների» վրա, երբ Բաքուն վստահ էր, որ Երեւանը կանգ կառնի իրեն անհրաժեշտ պահին:
 
Ներկայում բոլոր այդ գործոնները չկան, Վիեննայից հետո Դավիթ Տոնոյանը եւս մեկ անգամ «վստահեցրեց» Բաքվին եւ արտաքին գործընկերներին ու հակագործընկերներին, որ հայկական կողմը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կանգ չի առնելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» սկզբունքով:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play