Ռումինիայի Դումբրըվեն քաղաքում բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը


Ռումինիայի Դումբրըվեն քաղաքում բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը

  • 17-07-2010 19:00:02   | Հայաստան  |  Մշակույթ
ԴՈՒՄԲՐԸՎԵՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 15-ին մշակութային ինքնության վերականգնման եւ խթանման ռումինա-եվրոպական լայն համագործակցության շրջանակներում Ռումինիայի Դումբրըվեն (Dumbraveni) քաղաքում, հայ կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճարին հարեւան Ապաֆի ամրոցում, շքեղ հանդիսությամբ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը: Արարողության կազմակերպիչներն էին Ռումինական թանգարանների ազգային ցանցը եւ նրա գործընկերներ Դումբրըվենի քաղաքային խորհուրդը, Տրանսիլվանիա տրեստը, նորվեգական Ֆոլկեունիվերսիտետետ եւ Դումբրըվենի Հայկական Ելիզաբեթուպոլիս հաստատությունները: Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի հիմնադրումն իրականացվում է Նորվեգիայի, Իսլանդիայի եւ Լիխտենշտեյնի կառավարությունների կողմից հիմնադրված «Հայ համայնքի վերածնունդին ուղղված գործողություններ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Դումբրըվենի նախկին հայ համայնքի մշակութային ժառանգության պահպանությունն ու ներկայացումը, ինչպես նաեւ դրա միջոցով տուրիզմի եւ տեղի սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արարողությանը ներկա էին Հայաստանի եւ Նորվեգիայի դեսպանները, Սիբիու նահանգի պրեֆեկտը, Ռումինիայի կառավարության եւ խորհրդարանի ներկայացուցիչները, տեղական իշխանությունների, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի ռումին եւ եվրոպական այլ երկրների գործիչներ, Ռումինահայոց միության ղեկավարներ, Դումբրըվենի եւ շրջակա քաղաքների հասարակությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: Բացման ժապավենը կտրելուց հետո Դումբրըվենիի քաղաքապետ տիկին Ջորջետա Իրիմիեն (Georgeta Irimie) հյուրերին հրավիրեց մտնելու ամրոց եւ դիտելու Հայոց թանգարանում Տրանսիլվանիայի հայոց անցյալի, նիստուկացի, երկրամասի զարգացման մեջ նրանց ներդրած նպաստի, հայերի կողմից 1700-ական թվականներին Դումբրըվեն քաղաքի հիմնադրման մասին պատմող ցուցահանդեսը: Ապաֆի ամրոցից, որը ժամանակին նույնպես պատկանել է հայերին, հյուրերն ուղղվեցին Դումբրըվենի Հայոց կաթողիկե Սբ Եղիսաբեթ տաճար, որը հիմնվել է 1766-1791թթ. եւ համարվում է Տրանսիլվանիայի ամենագեղեցիկ տաճարներից մեկը: Այսօր այն ծառայում է տեղի եւ շրջակայից փոքրաթիվ հայ կաթոլիկ համայնքին, ինչպես նաեւ տեղացի հավատացյալներին: Տաճարը զարդարված է արժեքավոր գործերով, ունի հարուստ հավաքածու եւ գրադարան: Այնտեղ կազմակերպվում են նաեւ դասական երաժշտության համերգներ եւ մշակութային երեկոներ: Դումբրըվենում ժամանակին հայերը հիմնել են յոթ եկեղեցի: Այսօր էլ նրանցից մի քանիսը պահպանվում են հայերեն գրություններով: Պահպանվում են նաեւ հայերի կողմից կառուցված դատարանի շենքը, օրիորդաց վարժարանը, բանտը, գերեզմանոցը: Թանգարանի բացման արարողությանը նախորդել էր Ապաֆի ամրոցում կազմակերպված «Վերապրել մշակույթի միջոցով» գիտաժողովը, որի ընթացքում մշակութային բազմազանության, մշակութային ինքնությունների եւ եվրոպական արժեքների ձեւավորման մեջ նրանց ունեցած դերի շրջանակներում նույնպես լայն անդրադարձ կատարվեց հայոց պատմությանն ու մշակույթին: Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի բացման կապակցությամբ տրված ընդունելությանը ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, երախտագիտություն հայտնելով թանգարանի հիմնադիրներին եւ ծրագրի իրականացնողներին, այդ ակցիայի նշանակությունը կարեւորեց ոչ միայն ռումինական, այլեւ միջազգային առումով, ինչը կարող է նպաստել ժողովուրդների միջեւ ավելի լավ փոխըմբռնմանը եւ սերտ համագործակցության հաստատմանը: Հուլիսի 16-ի առավոտյան դեսպան Գասպարյանն այցելեց Դումբրըվենի քաղաքապետարան, ուր նրան ընդունեց քաղաքապետ տիկին Ջորջետա Իրիմիեն: Ծավալված ջերմ եւ անմիջական զրույցին, որին մասնակցում էին նաեւ Ռումինահայոց միության, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, մտքեր փոխանակվեցին Դումբրըվեն քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման շուրջ: Այս իմաստով կրկին անգամ կարեւորվեց Հայոց թանգարանի հիմնումը եւ նրա հետագա գործունեությունը, որն իր վրա կարող է բեւեռել շատերի հետաքրքրությունը ոչ միայն Ռումինիայից, այլեւ Հայաստանից ու ամբողջ աշխարհից: Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում շարունակել խորհրդակցությունները կոնկրետ ծրագրերի եւ քայլերի ուղղությամբ: Տեղեկանք: Ռումինական տարածքների վրա հայերը հայտնվել են դեռեւս 10-րդ դարի վերջերում, որոնք Ղրիմի, Մոլդովայի եւ Կիպրոսի վրայով եկել էին Մեծ Հայքից ու հետագայում Կիլիկիայից: Նրանք հայտնի էին որպես հմուտ արհեստավորներ, շինարարներ եւ առեւտրականներ, որի շնորհիվ շուտով հասնում են լավ դիրքերի: Նրանք հիմնականում ապրում էին համախմբված եւ պահպանում ազգային սովորությունները, հավատքն ու օրենքները: 17-18-րդ դարերում Հաբսբուրգների կողմից նրանք արժանացան արտոնությունների, Տրանսիլվանիայում հիմնեցին Գեռլա (Արմենոպոլիս, Դումբրըվեն) Էլիզաբեթոպոլ ազատ թագավորական քաղաքներն ու մի քանի այլ բնակավայրեր` տեղացիներին հավասար իրավունքներով եւ հայկական ինքնակառավարմամբ: Ամենուր նրանք կառուցեցին նաեւ եկեղեցիներ, ուր գործում էին հայ գրչության կենտրոններ, դպրոցներ, իջեւանատներ եւ այլ հաստատություններ: Մինչեւ այսօր դեռեւս կանգուն են Բոտոշանի Սուրբ Մարիամ (1350թ.), Յաշի Սուրբ Մարիամ (1395թ.), Սուչավայի Սուրբ Խաչ (1521թ.) եկեղեցիները, Հաճկատար (1512թ.) եւ Զամքա (1551թ.) վանքերը: Դեռեւս 1401թ. Ալեքսանդր Բարի իշխանի արտոնությամբ Սուչավայի բերդաքաղաքի մեջ որպես ռումինահայոց առաջնորդ հաստատվեց առաջին հայ եպիսկոպոսը: Որոշ երեւելի հայեր ներգրավվեցին պետական եւ զինվորական կյանքի մեջ, որով տեղական բնակչության մոտ բարձրացրեցին հայոց վարկը: Տրանսիլվանիայում ապրող հայերի մի մասն ավելի ուշ ընդունեց կաթոլիկություն: Ներկայումս այդ տարածքներում ապրող շառավիղները հունգարախոս հայ կաթոլիկներ են: Ապաֆի ամրոցում բացված թանգարանը հետաքրքիր ցուցադրություններով` արխիվային փաստաթղթեր, թագավորական հրովարտակներ, հին մատյաններ, գրքեր, քարտեզներ, նկարներ, պաշտամունքի եւ կենցաղային իրեր, առանձին երեւելի հայ ընտանիքների հիշատակներ եւ այլն, պատմում է այդ հարուստ անցյալի մասին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play