Ի՞նչ ուժերից էր զգուշանում Սերժ Սարգսյանը եւ ինչից հնարավոր դարձավ խուսափել


Ի՞նչ ուժերից էր զգուշանում Սերժ Սարգսյանը եւ ինչից հնարավոր դարձավ խուսափել

  • 23-04-2019 11:25:58   | Հայաստան  |  Քաղաքական

Անցել է մեկ տարի այն օրից, երբ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանը հրաժարական կտա, որ ուժ չի կիրառի ցուցարարների դեմ ու խաղաղ կհանձնի իշխանությունը: Մեկ տարի անց հեղափոխական ուժերի ներկայացուցիչները փորձում են ցույց տալ անցած տարվա ձեռքբերումները, իսկ նախկին իշխանությունն ամեն առիթով ցույց է տալիս բացթողումները եւ չարվածը:
 
Ինչպե՞ս կդասավորվեր Հայաստանի ճակատագիրը, եթե չլիներ 2018 թվականի ապրիլի հեղափոխությունը եւ իշխանափոխությունը: Հեղափոխությունն օգնե՞ց խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք կարող էին ճակատագրական լինել Հայաստանի համար:
 
 
2018 թվականի ապրիլին Հայաստանում բարդ վիճակ էր ստեղծվել: Սերժ Սարգսյանը, որը դրանից երկու տարի առաջ հայտարարում էր, որ Սահմանադրությունը չի փոխվում, որ ինքը ստանձնի վարչապետի պաշտոնը, ապրիլի 17-ին, այնուամենայնիվ, գլխավորեց Հայաստանի կառավարությունը: Շատ փորձագետներ դա գնահատեցին որպես իշխանությունը պահպանելու անզուսպ ձգտում, բայց կային նաեւ վերլուծաբաններ, որոնք վստահ էին՝ հնարավոր է նման կերպ կանխվել է երրորդ ուժերի իշխանության գալը:
 
Եթե հիշենք, թե ինչ պայմաններում են տեղի ունեցել 2016 թվականի սահմանադրական փոփոխությունները, կարելի է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը զգուշանում էր ոչ այնքան իշխանությունից իր հեռանալուց, որքան 2017 թվականին ինչ-ինչ ուժերի իշխանության գալուց: Դա կանխելու համար նա փոխել էր Սահմանադրությունը:
 
Ի՞նչ ուժերից էր զգուշանում Սերժ Սարգսյանը: Դրանք կապվա՞ծ էին Ռոբերտ Քոչարյանի հետ, որը չէր թաքցնում Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետի ավարտից հետո իշխանության վերադառնալու մտադրությունը: Քոչարյանին աջակցող ուժերի իշխանության գալը սպառնալիք կլինե՞ր Հայաստանի համար:
 
Սարգսյանի ու Քոչարյանի մրցակցությունը ակնհայտ էր, եւ պատահական չէ, որ 2018 թվականի մի քանի ամիսներին, երբ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն էր խորհրդարանում, կուսակցությունը ոչ մի անգամ չառաջադրեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Հանրային ընկալմամբ Կարեն Կարապետյանը գազպրոմյան, ռուսամետ, քոչարյանական ճամբարի ներկայացուցիչ էր, եւ այդ առումով ՀՀԿ-ն համառորեն արգելակում էր Կարեն Կարապետյանի եւ նրա հետեւում կանգնած ուժերի իշխանության գալը:
 
Եվս մեկ հանգամանք, որից, հնարավոր է, հաջողվել է խուսափել հեղափոխության շնորհիվ: Դա կապված է ղարաբաղյան կարգավորման հնարավոր զարգացումների հետ: 2017 թվականի սկզբին Իլհամ Ալիեւն անսպասելի հոկտեմբերից ապրիլ տեղափոխեց նախագահական ընտրությունների օրը՝ նշանակելով Հայաստանի վարչապետի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Փորձագետներն այն ժամանակ ենթադրություններ էին անում, թե ինչն է ստիպել Ալիեւին տեղափոխել ընտրությունների ժամկետը: Դա կապվա՞ծ էր նրա հետ, որ Հայաստանին պետք է ինչ-ինչ որոշումներ պարտադրեին:
 
Դա չի կարելի բացառել, եթե հաշվի առնենք որոշ շրջանակների թափանցիկ ակնարկները, որ Սերժ Սարգսյանի վրա հսկայական ճնշում էր գործադրվում:
 
Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, հրաժարականի տեքստում գրել էր Սերժ Սարգսյանը, համաձայնվելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանն այլեւս չի տիրապետում իրավիճակին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play