Հանրային պատվերը կա. Վարչապետին ուրիշ ի՞նչ թուղթ է պետք


Հանրային պատվերը կա. Վարչապետին ուրիշ ի՞նչ թուղթ է պետք

  • 26-04-2019 11:54:05   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նկատել է, որ մեզանում երբեք ղարաբաղյան թեմայով հանրային դիսկուրս չի եղել: «Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս եւ Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ», – նշել է կառավարության ղեկավարը: Նա նաեւ ընդգծել է, որ քաղաքական բանավեճերի ժամանակ ղարաբաղյան թեման միշտ շրջանցվել է:
 
Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է Հայաստանի վարչապետին թուղթ տա, որը նա պետք է կարդա բանակցությունների ժամանակ: Իրո՞ք ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայ հանրությունում դիսկուրս չկա:
 
Երկար տարիներ ղարաբաղյան թեման քաղաքական դիսկուրսի հիմքն է, եւ այս տարիներին դրա էությունը չի փոխվել՝ մենք ներկայացրել ենք օրինական իրավունքներ, պահանջել Հայաստանի ու Արցախի միացում, հաղթել պատերազմում ու պետություն ենք կառուցում, անգամ չենք դիտարկում հնին վերադարձի հավանականությունը: Ահա այսպիսին է իրական օրակարգը, եւ հանրությունը երբեք այլ օրակարգ չի ճանաչել:
 
Որոշ շրջանակներ այս օրակարգն անվանել են առավելապաշտական ու անիրական՝ չնայած մեծ հաշվով այն արդեն երեք տասնամյակ իրական է: Ահա թե ինչու Հայաստանում քաղաքական դիսկուրսը պտտվում է այն բանի շուրջ, որ ինչ ասես հորինեն, միայն թե բացահայտ չխոսեն իրական օրակարգի մասին: Կարծես թե դրանում ամոթալի բան կա:
 
Ինչ ասես չի դարձել բանակցությունների առարկա՝ ընդհանուր պետություն, տարածքների փոխանակում, խաղաղություն հողի դիմաց, խաղաղություն հաղորդակցությունների դիմաց: Բայց այս տարբերակներից ոչ մեկը չի համընկել հանրային պատվերի հետ եւ շատ արագ դուրս է մղվել ակտիվ դիսկուրսից: Անբնական դիսկուրսը մերժելու շատ մեթոդներ են եղել՝ սկսած հող հանձնել փորձողներին գնդակահարելու սպառնալիքներից, վերջացրած գնդի գրավմամբ ու հեղափոխությամբ:
 
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզն առաջինն է ներկայացրել հայ հանրության հանրային պատվերը՝ նա ասել է, որ Հայաստանում անգամ չեն քննարկվում տարածքային զիջումները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Երուսաղեմն ու Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու մասին, ասել է, որ իրողությունները պետք է ճանաչել:
 
Եկել է ժամանակը, որ Հայաստանը դադարի անտեսել ղարաբաղյան կարգավորման հանրային պատվերը: Պետք է ձեւակերպել նպատակը, հակառակ դեպքում բանակցություններն անիմաստ կլինեն:
 
Ղարաբաղյան կարգավորման նպատակը դե ֆակտո ձեռքբերված է, եւ դիվանագիությունը, բանակցությունները չեն կարող լինել առաջարկների շուրջ, որոնք նախատեսում են նպատակից ցածր մակարդակ: Կարելի է մարտավարություն, ռազմավարություն մշակել, բայց դրանք պետք է ուղղված լինել նպատակին հասնելուն: Ոչ ոք չի կարող նախատել մեզ, որ ցանկանում ենք սեփական պետություն կառուցել:
 
Հայկական քաղաքականությունն ու գիտությունն ապագայի նպատակ չեն դնում, դրանք զբաղված են անցայլը փորփրելով: Պատմաբանները հաստատում են, որ վերջին դարերին հայկական պետականության կառուցման ոչ մի ծրագիր կամ անգամ ուտոպիա չի եղել: Չկա ապագա Հայաստանի, դրա ներուժի, բնակչության թվի քարտեզ, էլ չենք խոսում աշխարհաքաղաքական դերի մասին:
 
Հայաստանին ոչ միայն երազանք, այլ նաեւ հստակ նպատակ, պետականության տեսլական է պետք, որին հասնելու համար պետք է բանակցություններ լինեն, հարաբերություններ կառուցվեն ու դաշինքներ ստեղծվեն: Ղարաբաղի մասով այն արդեն գործնականում ձեւակերպվել է: Երեխան արդեն ծնվել է ու արդեն ուշ է քննարկել՝ պետք է արդյոք մեծացնել նրան:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play