Սկանդալային արտահոսք մարտի 1-ի գործով. ով է հեղինակը


Սկանդալային արտահոսք մարտի 1-ի գործով. ով է հեղինակը

  • 08-05-2019 18:12:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Մայիսի 7-ին համացանցում տարածվել են Մարտի 1-ի գործով զգալի քանակի փաստաթղթեր: ՀՔԾ-ն հայտարարել է, որ ստուգում է արտահոսքի հետ կապված հանգամանքները:
 
Հայտնի է, որ մարտիմեկյան այդ գործը դատախազությունն ուղարկել է դատարան: Գործը Ընդհանուր իրավասության դատարանում նախ մակագրվեց Վարդան Գեւորգյանի անունով, որը սակայն մի քանի օր անց ներկայացրեց ինքնաբացարկ, քանի որ փաստաբան աշխատած տարիներին պաշտպանել է Մարտի 1-ի գործով տուժող քաղաքացիների շահերը՝ թավշյա հեղափոխությունից առաջ: Մայիսի 7-ին տեղեկություն եղավ, որ դատական գործը մակագրվել է այլ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին:
 
Այդ տեղեկությունից հետո մարտիմեկյան գործի նյութերի գրեթե ամբողջական արտահոսքի հանգամանքը ստանում է առավել ուշագրավ բնույթ: Սակայն, կա արտահոսքի ֆոնի մեկ այլ բաղադրիչ, թերեւս առավել նշանակալի: Բանն այն է, որ մինչ այդ, լրատվամիջոցներով տարածվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Հայաստանի Գլխավոր դատախազին՝ Հաղթանակի տոնի առիթով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով, հավաստիացնելով, որ երաշխավորում են նրա պատշաճ մասնակցությունը դատավարությանը:
 
Ահա այդ ուղերձ-խնդրանքից մի քանի ժամ անց մարտիմեկյան գործի փաստաթղթերի արտահոսքը չափազանց հետաքրքիր հանգամանք է: Արդյոք դա պատասխան է Գլխավոր դատախազին Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումին, թե՞ այդ դիմումի յուրօրինակ շարունակություն, որը դատախազությանն ու ՀՔԾ-ին է դնում բավականին անհարմար վիճակում: Այդ հարցի որոշակի պատասխան հնարավոր կլինի նշմարել հետագա զարգացումների բնույթից, թե ով եւ ինչպես կփորձի օգտագործել արտահոսքը, ում դեմ այն կխաղարկվի:
 
Համենայն դեպս, մարտիմեկյան գործի նյութերը նախաքննությունից հետո գտնվում են ՀՔԾ, դատախազության, գործով անցնող մեղադրյալների պաշտպանական թիմերի եւ ներկայում արդեն դատարանի տրամադրության տակ: Որտեղի՞ց կարող էր լինել արտահոսքը, ու՞մ կարող էր այն ձեռնտու լինել: Այստեղ միարժեք պատասխանելը գրեթե անհնար է: Ասում են, փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը, բայց շերտերը եւ հանգամանքները բավականին հարաբերական են եւ արտահոսքը կարող է ձեռնտու լինել տարբեր կողմերի:
 
Ի դեպ հետաքրքիր է, որ մարտիմեկյան այդ գործից անցնող ամիսների ընթացքում եղած գրեթե միակ հնչեղ արտահոսքը Սերժ Սարգսյանի հարցաքննության արտահոսքն էր, որ մաս-մաս հրապարակվեց մամուլում: Ինչու՞ այդ ընթացքում չեղան այլ բարձրաստիճան առանցքային նախկին պաշտոնյաների հարցաքննությունների մանրամասն արտահոսքեր:
 
Միեւնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի հարցաքննության արձանագրության արտահոսքից հետո ՀՔԾ-ն հարուցեց քրգործ, պարզելու համար, թե ով է թույլ տվել արտահոսքը, սակայն առայժմ կարծես թե չկա որեւէ տեղեկություն, թե ինչ արդյունք կամ ընթացք ունի գործը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,
Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play