Վարչապետը կբերի՞ միլիարդը. հեղափոխությունից հետո առաջին անգամ


Վարչապետը կբերի՞ միլիարդը. հեղափոխությունից հետո առաջին անգամ

  • 14-05-2019 14:14:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Մայիսի 14-ին մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Չինաստան, որտեղ նա մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին: Չինաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաեւ այդ երկրի նախագահ Սի Ծինպինին եւ Չինաստանի վարչապետին: Թավշյա հեղափոխությունից հետո մեկ տարի անց տեղի կունենա հայ-չինական բարձր մակարդակի առաջին հանդիպումը:
 
Ինչ օրակարգով է Նիկոլ Փաշինյանը մեկնել Պեկին, նախընտրելով չինական այցը Եվրամիության Արեւելյան գործընկերության 10-ամյակի առիթով Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունենալիք Վեհաժողովից: Թեեւ, Փաշինյանը նախօրեին մասնակցել է այդ հոբելյանի առիթով ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի կազմակերպած պաշտոնական ընթրիքին:
 
Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ բացակայել էր Պեկինում տեղի ունեցած մի Վեհաժողովից, որտեղ քննարկվում էր Չինաստանի Մեկ ճանապարհ՝ մեկ գոտի ծրագիրը, որն այլ կերպ համարվում է Նոր Մետաքսի ճանապարհի ծրագիր: Այն Պեկինի աճող աշխարհքաղաքական դերակատարման եւ հավակնության առանցքային նախագծերից մեկն է, որի միջոցով Չինաստանը փորձում է բարձրացնել իր ենթակառուցվածքային ներկայությունն աշխարհում: Պեկինում տեղի ունեցած արդեն երկրորդ համաժողովին Հայաստանը երկրորդ անգամ բացակայեց Առաջին դեմքի մակարդակով: Առաջին համաժողովն ու բացակայությունը 2017-ին էր՝ Սերժ Սարգսյանն այդ օրերին մեկնել էր Քաթար:
 
Շաբաթներ առաջ երկրորդ Վեհաժողովին Նիկոլ Փաշինյանի բացակայությունը պաշտոնական Երեւանը բացատրեց նրանով, որ Հայաստանը ներկայացված եւ ներգրավված չէ այն ծրագրերում, որոնք կոնկրետ քննարկվում են այդ Վեհաժողովի շրջանակում: Այդ բացը գալիս է նախորդ իշխող համակարգից:
 
Հնարավո՞ր է լրացնել այն, թե ոչ: Արդյոք չարժեր մեկնել Պեկին, թեկուզ այլ բնույթի հանդիպումների եւ քննարկումների առիթն օգտագործելու համար: Մյուս կողմից, մեծ հավանականությամբ այստեղ դրսեւորվում է Երեւանի խորքային քաղաքական վերաբերմունքը այդ իրադրության մի բավականին նուրբ ասպեկտի՝ Եվրասիական միության դերակատարման առնչությամբ: Բանն այն է, որ Պեկինի երկու վեհաժողովներին էլ ԵՏՄ-ն ներկայացել է այսպես ասած բարձր մակարդակով: Դրանք օրինակ բաց չի թողել Պուտինը:
 
Բաց թողնելով Պեկինի համաժողովները, Երեւանը թերեւս իր նուրբ դեմարշն է արել ԵՏՄ նկատմամբ, թե Սերժ Սարգսյանի, թե Նիկոլ Փաշինյանի պարագայում, միաժամանակ փորձելով ակնարկել Չինաստանի հետ երկկողմ օրակարգի նշանակությունը, կամ դրա նշանակությունը եւ առանձնացվածությունը ԵՏՄ հետաքրքրություններից: Այստեղ խորհրդանշական է արձանագրել, որ Պեկինն էլ թերեւս ունի իրողության այդօրինակ դիտարկման հակվածություն, հաշվի առնելով մի հանգամանք: Երեւանում կառուցվում է եվրասիական տարածաշրջանում Չինաստանի՝ Մոսկվայում ունեցած դեսպանատինց հետո մեծությամբ երկրորդ դեսպանատունը:
 
2015 թվականին Պեկին էր այցելել Սերժ Սարգսյանը, որտեղ նախագահ Ծինպինի հետ ստորագրվեց պատկառելի բովանդակությամբ եւ հագեցածությամբ մի հուշագիր, որը միանգամայն բնորոշ կարող էր լինել ռազմավարական դաշնակցային հարաբերություն ունեցող կողմերին: Բայց, չորս տարի անց հայ-չինական հարաբերությունը ոչ միայն այդպիսին չէ, այլ գործնականում չի պարունակում ռազմավարական հեռանկար ենթադրող որեւէ առարկայական նախագծի շուրջ շոշափելի գործընթաց:
 
Կկարողանա՞ փոխել այդ իրողությունը Նիկոլ Փաշինյանը:
 
Ի դեպ, նրա այցը Չինաստան տեղի է ունենում հատկանշական մի իրադարձության ֆոնին: Օրերս հայտարարվեց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի երկաթուղային հուշագրի մասին, որով երեք երկրները ծրագրում են սերտացնել գործակցությունը եվրասիական երկաթուղային տիրույթում, այդ թվում մասնավորապես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում:
 
Հուշագիրը բավական դժգոհություն է առաջացրել Թբիլիսիում, որը հայտարարել է, թե ոչ մի երկիր չի կարող ներգրավվել այդ երկաթուղու շահագործմանն առանց Վրաստանի համաձայնության: Ի՞նչ է անելու Թբիլիսին: Ռազմավարական, ռազմա-քաղաքական մի շարք իրողությունների եւ հանգամանքների ֆոնին ակնհայտ է, որ ռուս-թուրք-ադրբեջանական եռակողմ այդ հերթական ֆորմատն ընդամենն ընդգծում է այն, որ այդ հավակնոտ «բերմուդյան եռանկյունու» մեջ է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Վրաստանը: Ըստ այդմ տողատակում հերթական անգամ սուր դրսեւորվում է հայ-վրացական միջպետական եւ հանրային կոոպերացիայի խթանման հրամայականը:
 
Եվ այստեղ կարող է ընդհանուր շահ ուրվագծվել ոչ միայն Իրանի, այլ հեռավոր թվացող Չինաստանի հետ, որը անկասկած հետաքրքրված է Հարավային Կովկասով: Երեւանն այդ համատեքստում փորձել է չինական միլիարդներ ներգրավել Իրան-Հայաստան երկաթուղու համար, սակայն ապարդյուն: Ակնառու է, որ Պեկինն այստեղ կարող է հետաքրքրվել, եթե կա հեռանկար դեպի Վրաստան եւ Սեւ ծով: Իսկ այստեղ առաջ է գալիս Հայաստանի ինքնիշխանության ու քաղաքական կամքի հարցը:
 
Իհարկե ոչ միայն դա, հարցերը շատ են, նաեւ Հայաստանից դուրս, սակայն հարցերը միշտ են շատ, պակասել են գաղափարները, նախաձեռնություններն ու դրանց շուրջ քննարկումները: Կլրացնի՞ Նիկոլ Փաշինյանն այդ բացը Չինաստանում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ,
Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play