ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՓԱՌԱ‡


ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՓԱՌԱ‡

  • 07-07-2010 16:59:27   | Հայաստան  |  Մշակույթ
ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԸ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ Իր գործունեության 7 տարիների ընթացքում ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնը կայուն համագործակցում է Հայաստանում մի շարք երկրների դեսպանատների և միջազգային այլ առաքելությունների հետ: Տարեցտարի ընդլայնվելով` փառատոնն այս ուղղությամբ արձանագրել է համագործակցության արդյունավետ փորձ: ՈՍԿԵ ԾԻՐԱՆը արդեն մի քանի տարի հաջողությամբ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի դեսպանատների, ինչպես նաև Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: ՈՍԿԵ ԾԻՐԱՆը շարունակում է համագործացկել միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների հետ, ինչպիսիք են Յունիֆրանս միջազգային ցանցը և Գյոթե ինստիտուտի Թբիլիսիի և Մյունխենի գրասենյակները: Այս տարի փառատոնին աջակցում են նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը և Բրիտանական խորհուրդը: Փառատոնի շրջանակներում Հայաստան հրավիրվող բազմաթիվ հյուրերի այցելությունները կայացել են նաև միջազգային այս կառույցների շնորհիվ, ինչպես նաև նրանց աջակցությամբ փառատոն են հասել բազմաթիվ ֆիլմեր` հայ հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով դիտել համաշխարհային կինոյի լավագույն նմուշները: Մասնավորապես 7-րդ ՈՍԿԵ ԾԻՐԱՆի դեպքում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության աջակցությամբ են կայանում “Ռեժիսորներ առանց սահմանների” համատեղ արտադրության ֆորումը և Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը: Ֆրանսիական դեսպանատան աջակցությամբ` Հայաստանում հետահայաց ցուցադրությամբ հարգանքի տուրք կմատուցվի հայազգի անվանի ռեժիսոր Անրի Վեռնոյին, գերմանական դեսպանատան և Գյոթե ինստիտուտի ջանքերով Հայաստան կժամանի թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, լեհական դեսպանատունն աջակցել է լեհական կինոյի դասական համարվող Քշիշտոֆ Զանուսիի նոր ֆիլմը Երևանում ներկայացնելու հարցում: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սահմանել է հատուկ մրցանակ Հայկական համայնապատկեր ծրագրի լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, որը հնարավորություն կստանա մասնակցելու Բրիստոլի կինոփառատոնին: Այս տարի փառատոնը նոր համագործակցություն է սկսում Հայաստանում Բրազիլիայի դեսպանատան հետ: Նրանց աջակցությամբ Հայաստան կժամանի ծագումով հայ կինոքննադատ, գրող և կինոռեժիսոր Լեոն Կակովը (Շատարևյան), ով 1977-ին հիմնադրել է Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոնը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play