Մարտահրավեր Արթուր Վանեցյանին. բարդ իրավիճակ մեծահարուստների միջեւ


Մարտահրավեր Արթուր Վանեցյանին. բարդ իրավիճակ մեծահարուստների միջեւ

  • 22-05-2019 14:20:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի ներքաղաքական միջավայրում դատական համակարգի շուրջ եւ դրա առիթով ծավալված քաղաքական բուռն զարգացումներին զուգահեռ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ֆուտբոլային «դատարանի»՝ մրցավարական համակարգի շուրջ: Փյունիկ ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, կոչ անելով լուծել մրցավարության հարցը, ազատել հայկական ֆուտբոլը կողմնապահ մրցավարներից, թարմացնել համակարգը՝ ի նպաստ հայկական ֆուտբոլի զարգացման:
 
Փյունիկ ակումբի այդ կոչի առիթը ամենեւին էլ Հայաստանի դատական համակարգի շուրջ զարգացումները չեն: Փյունիկի առիթը Վանաձորում Լոռի ակումբի հետ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղն է, որը ավարտվել է 2:2 հաշվով: Խաղավերջում, ըստ ակումբի, մրցավարը չի նշանակել ակնառու 11 մետրանոցը: Այդպիսով, ակումբը եւ նրա երկրպագուները մեկնաբանում են, որ Փյունիկը զրկվել է հաղթանակից, կարեւոր երկու միավորից, ինչը կարող է ազդել թիմի չեմպիոնական հեռանկարի ապահովման վրա: Փյունիկը հայտնում է նաեւ, որ մրցավարը թույլ է տվել այլ կոպիտ սխալներ:
 
Փյունիկը Հայաստանի առաջնության առաջատարն է: Առաջնության ավարտին մնացել է մեկ-երկու տուր: Եթե Փյունիկը հաղթեր մնացած խաղերը, ապա անկախ մյուս մրցակիցների խաղերի արդյունքից՝ կդառնար չեմպիոն: Այժմ, Վանաձորում ոչ ոքիից հետո, Փյունիկին կարող է շրջանցել Արարատ-Արմենիա ակումբը, եթե հաղթի իր մնացած խաղերը: Այդ դեպքում չեմպիոն կդառնա Արարատ Արմենիան:
 
Փյունիկն ու Արարատ Արմենիան պատկանում են ռուսաստանահայ մեծահարուստների: Փյունիկի սեփականատերը Արթուր Սողոմոնյանն է, որը մի քանի տարի առաջ գնեց ակումբը Ռուբեն Հայրապետյանից՝ ֆեդերացիայի նախկին նախագահից: Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի նախագահի պաշտոնը թողեց թավշյա հեղափոխությունից հետո: Նա հայտարարում էր, որ չի տա հրաժարական, սակայն, երբ հայտնի դարձավ, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնելու է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, Հայրապետյանը հայտարարեց, որ այդ դեպքում կթողնի պաշտոնը: Մինչ այդ նա մի քանի անգամ հայտարարել է, թե պաշտոնից կհեռանա այն բանից հետո, երբ հայկական ֆուտբոլում կվերացնի գոյություն ունեցող ստվերային տոտալիզատորը:
 
Արարատ-Արմենիայի սեփականատերն է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը թիմը ձեռք է բերել մինչեւ թավշյա հեղափոխությունը:
 
Սեղանին Չեմպիոնների Լիգայի մասնակցության իրավունքն է: Հայկական ակումբային ֆուտբոլում դա հույժ կարեւոր է, քանի որ անգամ որակավորման նախնական փուլերը անցնելու դեպքում ակումբները ստանում են ՈՒԵՖԱ-ի բավականին մեծ դրամական պարգեւատրում, որը թույլ է տալիս փոխհատուցել տարվա ընթացքում ակումբի վրա արված կամ ամբողջ ծախսը, կամ դրա շոշափելի մասը:
 
Արթուր Վանեցյանը՝ այս դեպքում որպես ոչ թե ԱԱԾ, այլ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար, անուղղակի հայտնվել է փաստորեն ռուսաստանահայ երկու մեծահարուստների ակումբային շահերի միջեւ: Իսկ գուցե Վանեցյանը այդ վիճակում է հայտնվել այս դեպքում լիակատար համատեղելիությամբ՝ թե որպես ֆեդերացիայի, թե որպես ԱԱԾ ղեկավար:
 
Նա բախվե՞լ է հայկական ֆուտբոլում առկա ստվերային տոտալիզատորին՝ խոսքն իհարկե պայմանավորվածության եւ ստվերային գործարքների մասին է լայն իմաստով, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը, թե՞ խոսքն ընդամենը մրցավարական կոպիտ սխալի մասին է: Ի վերջո, ֆուտբոլում ոչ բոլոր մրցավարական սխալներն են ստվերային գործարքների դրսեւորում:
 
Այն, որ Արթուր Վանեցյանը հավակնեց դառնալ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, անշուշտ պայմանավորված չէր լոկ ֆուտբոլի հանդեպ նրա մեծ սիրով եւ հետաքրքրությամբ: Թեմային առիթ եմ ունեցել անդրադառնալ դեռեւս այն ժամանակ, երբ Վանեցյանը ստանձնում էր այդ պաշտոնը՝ Ռուբեն Հայրապետյանի անսպասելի հայտարարությունը. շնորհքով ներխուժում ֆեդերացիա , Նիկոլ Փաշինյանի անակնկալը օլիգարխներին:
 
Ֆուտբոլն աշխարհում վաղուց է մեծ քաղաքականություն, եւ ֆուտբոլին անկասկած բնորոշ են այդ քաղաքականությանը հատուկ ոչ միայն մեծ հնարավորությունները, այլ նաեւ կոռուպցիան, այդ երեւույթից բխող բազմերանգ հնարավոր ճյուղավորումներով՝ ֆուտբոլ-քաղաքականություն եւ քաղաքականություն-ֆուտբոլ «հանդիպակաց» շարժով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play