Պեկինի մեծ հավակնությունը Հայաստանում. հայկական հարցի նոր շերտը


Պեկինի մեծ հավակնությունը Հայաստանում. հայկական հարցի նոր շերտը

  • 27-05-2019 12:22:43   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստանում էր Չինաստանի արտգործնախարար Վան Ին: Այցը Հայաստանի դիտանկյունից առանձնակի երանգավորում ստացավ դեռեւս օրեր առաջ՝ երբ Չինաստան էր այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպմանը Հայաստանի հասցեին հնչել էին հայ-չինական հարաբերության վերաբերյալ առանձնահատուկ ուղերձներ: Սի Ծինպինը խոսել էր համաշխարհային պատմության մեջ հայկական քաղաքակրթական խորը արմատների մասին, միաժամանակ փաստացի շոշափել հայկական հարցի խնդիրը, ասելով, որ ծանոթ են նաեւ հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին, որոնց կրկնությունը չպետք է թույլ տալ:
 
Դա փաստացի ուղերձ էր, որ Պեկինը պատրաստ է Երեւանի հետ գործակցել հայկական հարցի առնչությամբ: Հայկական հարցը գործնականում միայն ցեղասպանության ճանաչման հարց չէ: Հայկական հարցը հայկական նոր պետականության առանցքային, բազային հիմքն է, որը ներառում է նաեւ ժամանակակից իրողություններ՝ Արցախ, նաեւ Մերձավոր Արեւելք, որտեղ հայկական ներկայությունը պետական սուբյեկտային կազմավորման ձեւաչափով չէ, սակայն հենց այն խորքային քաղաքակրթականն է, որի մասին հիշատակել է Չինաստանի նախագահը:
 
Աշխարհաքաղաքական աճող հավակնությամբ Չինաստանն անկասկած լավ է պատկերացնում համաշխարհային քաղաքականության մեջ հայկական գործոնի ներուժը, ինչից էլ բխում է գործընկերային առաջարկը:
 
Չինաստանը գործնականում վերահաստատել է իր մոտեցումը արտգործնախարարի ռեգիոնալ այցի շրջանակում: Վարչապետի հետ հանդիպմանը խոսվել է նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու ծրագրին Չինաստանի մասնակցության մասին: Չինաստանի նախարարը դրա վերաբերյալ ասել է, որ այն հետաքրքիր են դիտարկում ոչ միայն չինական Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ ռազմավարության շրջանակում, այլեւ ռեգիոնալ զարգացման եւ կայունության:
 
Այլ կերպ ասած, Չինաստանի արտգործնախարարն ակնարկել է Պեկինի առաջնահերթությունը՝ Հայաստանի ուղղությամբ դիտարկումներում: Հայաստանը Չինաստանի համար չի ներկայացնում աշխարհտնտեսական հետաքրքրություն: Հայաստանի նշանակությունը ռեգիոնալ անվտանգության ռազմա-քաղաքական համակարգի համատեքստում է: Տնտեսական հեռանկարները Պեկինը դիտարկելու է այդ շրջանակում, կախված այն հանգամանքից, թե Երեւանն ինչպիսի արձագանք կտա ռազմա-քաղաքական հարթության վրա գործակցության հեռանկարներին:
 
Պեկինի այդ պատրաստակամությունը Երեւանի համար հույժ կարեւոր է, որպես ռեգիոնալ անվտանգության համակարգի բազմազանեցման հնարավորություն, ինչը կարեւոր ասպեկտ է կայունության եւ անվտանգության հնարավորինս երկարաժամկետ միջավայր ձեւավորելու համար:
 
Անշուշտ, ինչպես բոլոր ռեգիոնալ հարցերում, այստեղ էլ ուժային կենտրոնների շահերն իրարամերժ են, եւ մեկի հետ հարաբերության հարցում հարկ է լինում համադրել մյուս կենտրոնների հետ աշխատանքը: Բայց, այդ իմաստով այլընտրանք կամ առավել հարմարավետ միջավայր չի լինելու երբեք, փոխարենը, ի տարբերություն նախկինի, լեգիտիմ իշխանության հանգամանքը Երեւանին թույլ է տալիս այդ ուղղությամբ աշխատել առավել արդյունավետ:
 
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play