Լուկաշենկոյի ակնարկը Պուտինին. աննախադեպ սպառնալիք


Լուկաշենկոյի ակնարկը Պուտինին. աննախադեպ սպառնալիք

  • 21-06-2019 19:08:45   | Հայաստան  |  Վերլուծություն

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Մինսկում պարգեւատրել է Չեչնիայի նախագահ Կադիրովին, հայտարարելով, որ նա իր, բելառուսների համար եղբայր է, հերոս, որն օգնել է ազատել Լիբիայում գերի ընկած բելառուսներին:
 
Կադիրովը Լուկաշենկոյին հյուր է եկել Մինսկում մեկնարկող Եվրոպական օլիմպական խաղերի բացման առիթով: Եվրոպայի այսպես ասած օլիմպիադան տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ: Առաջինը Բաքվում էր՝ 2015-ին: Հետո պարզ չէր, թե որ երկրում կանցկացվի երկրորդը, որովհետեւ որեւէ երկիր չէր ցուցաբերում այդ արհեստածին խաղերը անցկացնելու շահագրգռություն:
 
 
Մինսկը հայտարարեց, որ պատրաստ է: Ինչպես Բաքվում Ալիեւը, այնպես էլ Լուկաշենկոն այդ հնարավորությունը դիտարկում են անձնական քարոզչության տրամաբանության մեջ, հաշվի առնելով այն, որ Եվրոպան նրանց դիտարկում է որպես դիկտատոր կամ ամբողջատիրական կառավարման համակարգի գլուխ: Եվրոպական խաղերի միջոցով Ալիեւը, հիմա էլ Լուկաշենկոն փորձում են այսպես ասած «եվրոպականանալ»:
 
Մինսկում մեկնարկող խաղերի բացմանը չի մասնակցում ՌԴ նախագահ Պուտինը: Նրա փոխարեն գնում է Մեդվեդեւը: Չորս տարի առաջ, օրինակ, Պուտինը մեկնել էր Բաքվի բացմանը:
 
Չորս տարի անց իհարկե փոխվել է շատ բան, այդ թվում Մոսկվա-Մինսկ հարաբերության տիրույթում: Այդ հարաբերության ներքին լարումը բավականին բարձրացել է եւ Պուտինն ըստ երեւույթին յուրօրինակ դեմարշ է անում, Լուկաշենկոյին զրկելով իր ներկայությունից:
 
Եվ ահա, Կադիրովին պարգեւատրելով, Լուկաշենկոն էլ կոշտ պատասխանում է Պուտինին, Չեչնիայի նախագահին ասելով, թե կուզեր «առանց ավելորդ մարդկանց» լինել Չեչնիայի եւ Դաղստանի լեռներում: Կադիրովը նրան Չեչնիա է հրավիրել:
 
Ո՞վ է Լուկաշենկոյի համար «ավելորդ մարդը» Չեչնիայի եւ Դաղստանի լեռներում: Արդյոք Պուտինը, որին Մինսկ չգնալու համար իր հերթին ապտակում է Բելառուսի նախագահը:
 
Ընդ որում, նրա հայտարարությունը ունի փոքր ինչ ավելի խորություն, քան զուտ այդ պատասխան ակնարկը: Գործնականում, Լուկաշենկոն ՌԴ համար է «ավելորդ» հռչակում Չեչնիան ու Դաղստանը, կամ ավելի շուտ՝ Չեչնիայի ու Դաղստանի համար ավելորդ է հռչակում ՌԴ-ն:
 
Չեչնիան ու Դաղստանը գործնականում վաղուց ենթակա չեն Ռուսաստանի կենտրոնական իշխանությանն, ու Մոսկվան ընդամենը կոմպրոմիսով է հարաբերվում այդ ռեգիոնների հետ, այնտեղ ավելի մեծ անջատական խնդիրներ չունենալու համար:
 
Աննախադեպ է, որ Բելառուսի նախագահն է այդ մակարդակի ակնարկներ անում Մոսկվային, դիպչելով Ռուսաստանի ամենացավոտ տեղերից մեկին: Դա թերեւս նշանակում է, որ Լուկաշենկոն իր համար բավական ցավալի ռիսկեր է տեսնում Կրեմլից:
 
Ի՞նչ կարող է անել Լուկաշենկոն Հյուսիսային Կովկասում: Միայնակ, իհարկե, ոչինչ: Բայց արդյոք նա մենակ է: Սա իհարկե այլ հարց է, որը Բելառուսի նախագահը շոշափել է դեռեւս ընթացիկ տարվա ապրիլին՝ 23 տարվա նախագահության ընթացքում առաջին անգամ Թուրքիա կատարած այցի ընթացքում, Էրդողանի հրավերով, որտեղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ ինքն ու Էրդողանը հարազատ մարդիկ են:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play