Ընդդիմություն, որ վտանգավոր է առողջությանը


Ընդդիմություն, որ վտանգավոր է առողջությանը

  • 04-07-2019 16:39:28   | Հայաստան  |  Վերլուծություն

Քաղաքացիական պայմանագիր կառավարող կուսակցության ներսում ծագած Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան հակադրության հրապարակայնացումը արժանանում է տարբեր մեկնաբանությունների, այդ թվում եւ այն, որ Միքայելյանը կարող է դառնալ ՔՊ-ից առաջացող ընդդիմություն: Առավել եւս, որ հեղափոխությունից հետո էլ շատ են եղել մեկնաբանություններ այն մասին, որ Հայաստանի նոր քաղաքական համակագում ընդդիմություն կարող է ձեւավորվել հենց կառավարող ուժից՝ ՔՊ-ից:
 
 
Եղել է նաեւ հայաստանյան նախադեպ, երբ ՀՀՇ-ից ծնվեցին տարբեր ընդդիմադիր ուժեր, այդ թվում ամենաուժեղը՝ ԱԺՄ-ն: Բայց այդօրինակ համեմատություններն ու նույնացումները առավելապես ընդհանրական են, քանի որ տեղի ունեցող գործընթացներն ունեն էական տարբերություններ ոչ միայն ներհայաստանյան իրավիճակների, այլ նաեւ համաշխարհային խնդիրների եւ իրողությունների տեսանկյունից:
 
Այդուհանդերձ, պետք չէ բացառել, որ կարող է եւ լինել ՔՊ հատված, որն անջատվի կուսակցությունից եւ ստեղծելով այլ ուժ՝ հռչակվի ընդդիմություն:
 
Այդուհանդերձ, համենայն դեպս տեսանելի ապագայում չկա դրա նախադրյալ եւ հնարավորություն: Առավել եւս Սասուն Միքայելյանի դեպքում, որը նաեւ ԵԿՄ նախագահն է: Այս դեպքում նա առնվազն պետք է ընտրություն կատարի քաղաքական ընդդիմության կարգավիճակի ու ԵԿՄ միջեւ:
 
Ավելին, Միքայելյանը գործնականում այժմ էլ պետք է կանգներ այդ ընտրության առաջ եւ կատարեր այն, ԵԿՄ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվելով աշխույժ քաղաքական դիրքավորում պահանջող կարգավիճակից: Որքան էլ ԵԿՄ-ն հասարակական կառույց է, այդուհանդերձ բոլորի համար է հասկանալի դրա սոցիալ-հոգեբանական եւ մերձքաղաքական առանձնահատկությունը: Եվ դա նախորդ քառորդ դարում դարձել էր Հայաստանի քաղաքական եւ պետական համակարգի լրջագույն խոցերից մեկը:
 
Հեղափոխությունից հետո խոցը պետք է չեզոքացվի արմատապես, ինստիտուցիոնալ մակարդակում տարանջատելով ԵԿՄ-ն ու քաղաքականությունը, ոչ թե փոխվեն ընդամենը անուններ, եւ հանրությունը մնա անհատների բարի կամքի հույսին:
 
Իսկ ընդդիմության ծննդի մասով, եթե փորձենք խորքային գնահատել խնդիրը, ապա կառավարող ուժից ծնվող ընդդիմությունը, կամ ընդհանրապես որեւէ քաղաքական ուժից այլ ուժի ծնունդը ինքնին այդ միավորի «առողջական» խնդրի դրսեւորում է, եթե իհարկե խոսքը մեկ մարդու գաղափարական տրանսֆորմացիայի մասին չէ՝ ինչ-ինչ պատճառներով:
 
Բանն այն է, որ Հայաստանում քաղաքական մրցակցության միջավայրը պետք է ձեւավորվի հենց ներկուսակցական միջավայրից: Եթե չկա ներկուսակցական մրցակցություն եւ ժողովրդավարություն, հնարավոր չէ գալ ընդհանուր քաղաքական մրցակցային կայուն համակարգի:
 
Հետեւաբար, կուսակցությունից չպետք է ծնվի ընդդիմադիր ուժ: Կուսակցության ներսում պետք է լինի տեսակետների, մոտեցումների սկզբունքային պայքար՝ ընդհանուր գաղափարի եւ արժեքների շրջանակում: Եթե իքս գործիչը չի կարողանում հաջողության հասնել իր կուսակցության ներսում սեփական մոտեցումներն առաջ մղելու պայքարում, տարօրինակ կլինի ակնկալել հաջողություն այսպես ասած «սեփական կուսակցությունը» բացելու ճանապարհով:
 
Ըստ այդմ, ինքնին ներկուսակցական բախումները, հակադրությունները, բանավեճերը չեն կարող եւ չպետք է լինեն քաղաքական անառողջության ցուցիչ կամ ախտանիշ: Այդպիսի ընկալումն ու գնահատականը կարող են բնորոշ լինել ցուցանակային քաղաքականության միջավայրին: Մրցակցային քաղաքականության միջավայրում ներկուսակցական առողջության կամ վատառողջության ցուցիչը պետք է լինի ներկուսակցական ժողովրդավարության գործուն մեխանիզմների առկայությունը, երբ առկա է կուսակցության ներսում սեփական կարծիքի համար պայքարի եւ այդ կարծիքի համար կուսակցության մեծամասնության հավանության հասնելու ինստիտուցիոնալ հնարավորություն: Նաեւ մասնակից քաղաքական գործիչների համարժեք պատկերացումների ու գիտակցության առկայություն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play