Այսօրվա վթարի պատճառը. ինչպես հաջողվեց խուսափել blackout-ից


Այսօրվա վթարի պատճառը. ինչպես հաջողվեց խուսափել blackout-ից

  • 10-07-2019 18:55:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը
 
- Պարոն Դավթյան, էներգետիկ համակարգում խոշոր վթար է գրանցվել, որը, ըստ գնահատականների, վերջին 22 տարվա մեջ առաջին անգամ էր։ Ըստ մի վարկածի՝ վթարն Իրանից է գալիս։ Ի՞նչ է Ձեզ հայտնի։ 
 
-Իրանի և Հայյաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, և ցանկացած խոշոր վթար հայկական կամ իրանական համակարգերում իր որոշակի ազդեցությունն է ունենում երկու երկրների էներգահամակարգերի վրա։ Հիշենք 2013 թ., երբ Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը վթարի արդյունքում դուրս եկան սինխրոն ռեժիմից, ինչը անվտանգային ռիսկ ստեղծեց, քանի որ փաստացի նախադրյալներ ստեղծեց Հայաստանի էներգահամակարգի իզոլացման համար։ Այդ վթարի հետևանքները չեզոքացվեցին 2-3 ժամի ընթացքում, սակայն դա ուղղակիորեն անդրադարձավ ՀԱԷԿ-ի աշխատանքի ու, մասնավորապես, էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։
 
Ինչ վերաբերում է այսօրվա վթարին, ապա դրա պատճառն այն է, որ ԱԷԿ-ի մոդեռնիզացման աշխատանքների պատճառով հիմնական գեներացիոն բեռն ընկնում է ՋԷԿ-երի վրա։ Այդպիսին է Հայաստանի էներգետիկ համակարգի ֆունկցիոնալ մոդելը։ Այժմ էլեկտրաէներգիայի սպառման պիկային ժամանակահատված է, և ՋԷԿ-երը, որոնք ավանդաբար գեներացման մոտ 40%-ն են ապահովում, ի վիճակի չեղան կրելու այդ բեռը։ Բարեբախտաբար, հիդրոէներգահամակարգը մասամբ նվազեցրեց ռիսկերը, ինչը թույլ տվեց խուսափել Հայաստանի էներգահամակարգում blackout-ից։
 
-Վթարի հետևանով Երևան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքները դադարեցվել են։ Արդյոք սա վկայում է, որ էներգանվտանգության հետ կապված խնդիրներին լրջագույն ուշադրություն չի դարձված։
 
-Հայաստանի էներգահամակարգն ունի նոր խորքային լուծումների կարիք։ Ենթակառուցվածքների մոտ 40%֊ը 40 տարի է ինչ չի վերազինվել։ Արդյունքում մենք կարող ենք կորցնել մեր էներգետիկայի զարգացման ամենակարևոր նախադրյալը՝ էլեկտրաէներգիայի կայուն արտահանման ներուժը։ Այս առումով շատ կարևոր է Երևանի ՋԷԿ-ի նոր բլոկի կառուցման նախագիծը։ Ինչ վերաբերում է Հրազդան 5-ին, ապա այստեղ շատ կարևոր է ապահովել ռուսական կողմի ներդրումային քաղաքականության արդյունավետության գնահատման հստակ մեխանիզմներ։ Դրանք այսօր, իհարկե, կան, սակայն ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, հաճախ ֆորմալ բնույթ են կրում։
 
-Պարոն Դավթյան, Մհեր Գրիգորյանը, վերադառնալով Իրանից, նշել է, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է ներքին սպառման համար գազի մատակարարման շուրջ բանակցություն՝ դրա դիմաց ապրանքով վճարելու տարբերակով: Որքանո՞վ այս բանակցությունները կյանքի կկոչվեն։ Եվ սա որքանո՞վ կշարժի Ռուսաստանի       «խանդը»։
 
-Միջազգային պատժամիջոցների կիրառման արդյունքում Իրանը կարող է հայտնվել առանձին ապրանքատեսակների պակասուրդի պայմաններում։ Տեսականորեն այդ պակասուրդը կարող է ծածկել նաև Հայաստանը՝ փոխանակելով ապրանքը գազի հետ։ Նման փորձ մենք արդեն ունեցել ենք, երբ 1990-ականների վերջին 2000-ականների սկզբին Թուրքմենստանից ներկրվող բնական գազի ծավալի մի մասի դիմաց մենք վճարում էինք տեքստիլ արտադրանքով։ Ներկայումս խնդիրն այն է, որ Իրանից ներկրվող բնական գազի ծավալների ավելացման համար անհրաժեշտ է ներքին շուկայում գոնե սպառման կայուն ու դրական դինամիկա ապահովել։ Եկեք չմոռանանք 2013 թ. ՌԴ հետ կնքված գազային համաձայնագրերը, որոնցով նաև որոշակի ծավալային պատասխանատվություն է սահմանված։ Խնդիրն, ըստ իս, այն է, որ եթե վերոնշյալ բարտերն իրականացվի «էլեկտրաէներգիա գազի դիմաց» բանաձևի հաշվին, այսինքն՝ էլեկտաէներգիայի փոխարեն ինչ-որ ապրանքներ արտահանվեն Իրան, ապա դա լուրջ ռիսկ կստեղծի Հայասռանի էներգահամակարգում, որի համար կայուն արտահանումը բացարձակ անհրաժեշտություն է։ Այս սցենարը հատնապես ուրվագծվում է՝ հաշվի առնելով այն, որ իրականում Իրանի համար «էլեկտրաէներգիա գազի դիմաց» գործարքը ֆորմալ բնույթ է կրում ու ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի խանդին, ապա, հավատացեք, Հայաստանի գազատրանսպորտային համակարգում Մոսկվան վաղուց իրեն ապահովագրել է։
 
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն առաջիկայում նման խնդիրներից խուսափելու համար։
 
-Նախ՝ անհրաժեշտ է օր առաջ մշակել ու սկսել կյանքի կոչել Հայաստանում միջուկային էներգետիկայի զարգացման երկարաժամկետ ճանապարհային քարտեզը։ Արդեն այսօր պետք է հստակ պատկերացում ունենալ առ այն, թե ինչ հզորության կայան է պետք Հայաստանին, ինչ միջոցներ են անհրաժեշտ և որ պոտենցիալ ֆինանսական դոնորների հետ է պետք սկսել բանակցել։ Կառավարության ծրագրում հստակ նշված է, որ ՀԱԷԿ-ը անհրաժեշտ է մեր էներգահամակարգի համար, սակայն այս փաստի արձանագրումը բավական չէ։ Եթե մենք չենք գնում Հայաստանի էներգահամակարգի կառուցվածքային փոփոխությունների և շարունակում ենք դեռ 1980-ականներին ստեղծված համակարգի վիա հիմնվել, ինչն ունի նաև օբյեկտիվ պատճառներ, ապա միջուկային էներգետիկայի զարգացումը և ատոմակայանի նոր բլոկի կառուցումը պետք է հայտարարվի որպես ազգային գերնպատակ։ Ակնհայտ է, որ ՀԱԷԿ-ը կայուն գեներացիա ապահովող օբյեկտ է, որի առկայությունը նվազեցնում է նման վթարների հնարավորությունները:
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ
Հարցազրուցավար
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play