Հայաստանն ընդունեց հարվածը. ԱԱԾ որոշումը. ինչ պատասխան է լինելու


Հայաստանն ընդունեց հարվածը. ԱԱԾ որոշումը. ինչ պատասխան է լինելու

  • 11-07-2019 15:49:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Հուլիսի 10-ին Հայաստանի էներգահամակարգը կանգնեց արտակարգ իրադրության առաջ: Խոշոր վթարի հետեւանքով Հայաստանը կանգնել էր էլեկտրաէներգիայի լրջագույն դեֆիցիտի առաջ, քանի որ վթարի հետեւանքով անջատվել էին խոշոր էներգաարտադրողներ Երեւանի ՋԷԿ-ն ու Հրազդանի ՊՇԷԿ 5-րդ բլոկը:
 
Չնայած խոշոր վթարին, Հայաստանի էներգահամակարգը չմատնվեց կոլապսի: Հայաստանի տարածքում էներգամատակարարումը սկսեց իրականացվել լուրջ ընդհատումներով, սակայն այդուհանդերձ իրավիճակը մնաց կառավարելի, արագորեն հաջողվեց նոր հզորությունների ներգրավման միջոցով վերականգնել էներգամատակարարման կայունությունն ու ծածկել հանրապետության 70 տոկոսը, իսկ մի քանի ժամ անց համակարգը ամբողջությամբ վերականգնեց աշխատանքը:
 
Կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շնորհիվ մեր էներգետիկների, համակարգը պահվեց կառավարելի եւ խոշոր վթարը չբերեց խոշոր հետեւանքների: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Իրանին ու Վրաստանին, որ դեֆիցիտի ժամերին Հայաստանին էլեկտրաէներգիա են մատակարարել: Վարչապետը հայտարարել է, որ վթարի պատճառներն ու վարկածներն ուսումնասիրվում են: Նա նշել է, որ կարծես թե չկա ներքին պատճառի վարկած, երկու վարկած կա արտաքին պատճառի հետ կապված, որոնք պետք է ուսումնասիրվեն:
 
Կառավարության նիստում հատկանշական հայտարարություն է արել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, նշելով, որ հանձնարարել է կառույցին նյութեր նախապատրաստել վթարի վերաբերյալ, իրավիճակը հանգամանալից ուսումնասիրելու համար, որպեսզի պարզ լինեն հնարավոր բոլոր գործոնները՝ տեխնիկական, թե մարդկային:
 
ԱԱԾ պետի հայտարարությունը կարեւոր եւ հատկանշական է, հաշվի առնելով այն, որ Հայաստանի էներգահամակագը խոշոր վթարի առաջ կանգնեց համակարգի եւ ընդհանրապես Հայաստանի համար խոշոր նշանակություն ունեցող մի տեղեկությունից հետո, որն առնչվում էր Իրանի հետ ներքին սպառման համար գազ գնելու շուրջ բանակցության մեկնարկի մասին հայտարարությանը: Անկասկած, չկա որեւէ դավադրապաշտության կամ կոնսպիրոլոգիայի տուրք տալու անհրաժեշտություն, սակայն 21-րդ դարում պետությունների դեմ դիվերսիաների ձեւերը եւ հնարավորությունները բազմապատկված են: Իսկ Հայաստանի պարագայում խոսքը ոչ միայն էներգետիկ կարեւոր այլընտրանքի, այլ ուղղակի ինքնիշխանության եւ անվտանգության համակարգի համար կարեւոր նորության մասին է խոսքը, երբ այն վերաբերում է Իրանից գազի ներկրման հեռանկարին: Իսկ այստեղ կան խմբեր, թե ներքին, թե արտաքին, որոնք ոչ միայն շահագրգռված չեն էներգետիկ ստատուս-քվոյի փոփոխությամբ, այլ կարող են դիմել այդ ստատուս-քվոյում իրենց բազմամիլիոնանոց եւ միլիարդանոց դիրքերը պահպանելու համար ամենատարբեր քայլերի:
 
Գործ ունեցել է Հայաստանն այդօրինակ որեւէ միջատության հետ, թե ոչ, հենց դա պետք է պարզվի ոչ միայն մասնագիտական, այլեւս հենց թերեւս օպերատիվ-քննական աշխատանքի միջոցով, ինչի մասին էլ կառավարության նիստում փաստորեն ազդարարվում է ԱԱԾ պետի մակարդակով:
 
Միանգամայն հնարավոր է, որ խոսքն իրապես ընդամենը տեխնիկական վթարի մասին է, որտեղ կարող է իհարկե լինելու նաեւ մարդկային գործոն, սակայն առանց քաղաքական կամ այլ համատեքստերի եւ ինտրիգների, այսպես սած առանց դավադրության տեսության:
 
Սակայն, ակնառու է, որ կան որեւէ բան չփոխելու էական շահառուներ, ըստ այդմ կան որեւէ, առավել եւս լուրջ փոփոխության փորձի դեմ ոտնձգության ռիսկեր, հետեւաբար պետք է հանգամանալից քննվի ամեն ինչ, հասկանալու համար, թե արդյո՞ք եղել է այլ միջամտություն եւ դիվերսիա Հայաստանի դեմ:
 
Բոլոր դեպքերում, տեղի ունեցածը այսպես, թե այնպես հարված էր, որը Հայաստանն ընդունեց եւ կարողացավ պահել: Ի՞նչ կլինի պատասխանը: Դա իհարկե կախված է հենց հանգամանալից եւ բազմակողմանի ուսումնասիրությունից ու քննությունից: Միաժամանակ աներկբա է, որ կա այսպես ասած աքսիոմատիկ պատասխանի բաժինը, որն է՝ էներգետիկ արդիականացումը եւ դիվերսիֆիկացվածության հնարավորինս բարձր մակարդակի ձգտումը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play